Բաժիններ՝

Ամեն ինչ բուսայուղերի մասին. Ինչպես պետք է այն օգտագործել և երբ

Սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնտերոլոգ Վարդանուշ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. ««Ճարպ» բառը հիմնականում բացասական էմոցիաներ է առաջացնում բոլորի մոտ: Լսելով այս բառը՝ միանգամից մտածում ես «ավելորդ քաշի, ճարպակալման, յուղոտ ու ծանր ուտելիքի» կամ նմանատիպ այլ բացասական բաների մասին: Փորձեմ կոտրել կարծրատիպերը: Ճարպը, միայն վատ ու վնասակար երևույթ չէ, այն նույիսկ շատ անհրաժեշտ է մեր օրգանիզմին, եթե գտնվում է չափի մեջ:

Այդ ինչպե՞ս եղավ, որ մենք կարագն օգտագործելիս խուսափում ենք ավել կտոր վերցնելուց, իսկ բուսայուղն օգտագործում ենք ուղղակի աչքաչափով՝ ավելացնելով մեր ամբողջ օրվա սննդին:

Ի գիտություն բոլոր մայրիկներին ու տատիկներին՝ նշեմ, որ բուսայուղը նույնպես ունի կալորիականություն: Պետք է կառավարել դրա քանակը և հաշվի առնել, որ բոլոր տիպի բուսայուղերն էլ 100 գր-ում ունեն նույն կալորիականությունը, բայց, այ դրանց օգտավետությունը խիստ տարբերվում է տեսակից տեսակ:

Խոհանոցում ընթրիք ու ճաշ պատրաստելիս հաշվի առեք, որ բուսայուղը ջերմային մշակման ենթարկելով, փոխում եք դրա բաղադրությունը: Առաջին հայացքից անվնաս թվացող բուսայուղը դառնում է քաղցկեղածին: Որպեսզի անհամեմատ կրճատեք վնասակար նյութերի ներթափանցման վտանգը ձեր սնունդ, անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ խորհրդի:

Կտավատի բուսայուղն ունի բավարար քանակի Օմեգա-3-ի պաշար իր մեջ, նույնը ածիկինը: Սրանք իդեալական են աղցանների համար, առանց ջերմային մշակման:

Հայերին ոչ մի կերպ չես համոզի հրաժարվել տապականերից: Հիշեցնեմ, որ դրանք սննդի ամենավատ տարբերակն են, բայց եթե միևնույն է՝ ընտրել եք, գոնե օգտագործեք ճիշտ բուսայուղ.

Ուժեղ կրակի վրա տապակելու համար ամենալավ տարբերակներն են ձիթապտղի վերամշակված, նուշի, արևածաղկի, ավոկադոյի, պնդուկի, բուսայուղերը:

Թխվածքների, վառարանում պատրաստվող սննդի համար լավ է օգտագործել ձիթապտղի չվերամշակված բուսայուղ կամ խաղողի կորիզներից ստացված բուսայուղ, որը հարուստ է Օմեգա-6-ով: Այս բուսայուղերն են խորհուրդ տրվում նաև միջինից ուժեղ կրակի վրա տապակաների դեպքում:

Միջին ուժգնության կամ թույլ կրակի վրա ինչ-որ բան թխելու կամ սոուսներ պատրաստելու, թեթև տապակելու համար ամենահարմար տարբերակներն են եգիպտացորենի, սոյայի, կոկոսի, դդմի կորիզի, ընկույզի բուսայուղերը:
Այս ամենին ի հավելումն հիշեցնեմ, որ բուսայուղը պետք է բացելուց հետո շատ երկար չպահել, որպեսզի չհնանա: Ձեռքի տակ ունեցեք 2 տեսակի բուսայուղ, երբ արդեն վերջանան նորը բացեք: Պահեք արևի ճառագայթներից հեռու, կափարիչը փակ վիճակում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս