Խաղ-եզրափակիչ, որտեղ ամեն ինչ հնարավոր է. Լատվիա-Հայաստան
Նոյեմբերի 16-ին, Ռիգայում, Ազգերի լիգայի վեցերորդ տուրի շրջանակում կմրցեն Լատվիայի և Հայաստանի ազգային հավաքականները։ Երկու թիմերն էլ վաղուց չեն հաղթել․ վերջին անգամ նրանք երեք միավոր են վաստակել սեպտեմբերի սկզբին։ Լատվիան նվազագույն հաշվով հաղթեց Ֆարերյան կղզիներին (1:0), իսկ Հայաստանը ջախջախեց հենց Լատվիային՝ 4:1։ Տնային խաղում լատվիացիները կփորձեն ռևանշի հասնել, հատկապես հաշվի առնելով, որ հաղթանակի դեպքում թիմը հնարավորություն կունենա խաղալ փլեյ-օֆֆում:
Վերջին տուրից առաջ C4 ենթախմբի առաջատարը Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականն է, որն ունի 13 միավոր: Երկրորդ տեղում 6 միավորով Ֆարերյան կղզիներն են: 4-ական միավոր ունեն Հայաստանն ու Լատվիան:
Լատվիան այս Ազգերի լիգայում ունեցել է ամենատարբեր արդյունքներ. Հայաստանից խոշոր հաշվով պարտություն (1:4), հաղթանակ Ֆարերյան կղզիների նկատմամբ (1:0) և արժանի ոչ-ոքի նույն թիմի հետ՝ մի խաղում, որտեղ լատվիացիները շատ ավելի հետաքրքիր էին նայվում։ Արդյունքում՝ 4 միավոր և իրական շանսեր փլեյ-օֆֆ դուրս գալու։ Պետք է միայն հաղթել Հայաստանին և սպասել, որ Ֆարերյան կղզիները միավոր չվաստակեն Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում։ Ի դեպ, վերջիններս արդեն մոտիվացիա չունեն, քանի որ արդեն ապահովել են խմբում հաղթանակը։ Կա զգացողություն, որ Լատվիան կարող է հաղթել։ Հայաստանի հետ թիմի վերջին տնային հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով հաղթանակով։
Հայաստանն այս մրցաշարում ունի մեկ հաղթանակ, երեք պարտություն և մեկ ոչ-ոքի։ Վերջին խաղում թիմը հանդիպեց Ֆարերյան կղզիների հետ և ցավալի պարտություն կրեց՝ 0:1 հաշվով։ Այնուամենայնիվ, հայերը բացարձակ գերազանցել էին մրցակցին դարպասին հարվածների քանակով։ Լատվիայի հետ հանդիպումը որոշիչ կլինի․ թիմն ունի բոլոր հնարավորությունները փլեյ-օֆֆ դուրս գալու համար։ Ներկայումս Հայաստանը մրցակցի հետ կիսում է երրորդ տեղը՝ ունենալով հավասար միավորներ։ Սակայն կա մի ուշագրավ փաստ․ երեք արտագնա հանդիպումներում Հայաստանի հավաքականը չի կարողացել գոլ խփել Լատվիային։
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանի կարծիքով՝ ընթացիկ մրցափուլում Լատվիան սկսել է առավել կարգապահ ֆուտբոլ ցուցադրել:
«Մեր թիմը ներքին մոտիվացիայով է մոտենում առաջիկա խաղին: Երկու թիմերի համար սա կլինի սկզբունքային հանդիպում: Հաղթանակի դեպքում մենք կմնանք նույն` C ենթախմբում, նույնը վերաբերում է նաև Լատվիային: Մեր միակ նպատակը դրական արդյունք ապահովելն է»,-լրագրողների հետ նախախաղային հանդիպման ժամանակ ասել է մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը:
Ըստ Չախալյանի՝ հավաքականի մեկնարկային կազմում փոխոխություններ կլինեն, սակայն տակտիկական փոփոխությունների մասին նա չբարձրաձայնեց: Անդրադառնալով Լատվիայի հավաքականի որակներին` Չախալյանն ընդգծեց, որ մրցակիցները սկսել են առավել կարգապահ ֆուտբոլ ցուցադրել:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահ Օգնեն Չանչարևիչի կարծիքով՝ թիմն անելու է առավելագույնը` հաղթելու Լատվիայի թիմին:
«Բոլորն են հասկանում, որ մեզ համար Ֆարերյան կղզիներից կրած պարտությունը ծանր էր: Լավ է, որ Լատվիայի հետ հանդիպումն այդ խաղից մի քանի օր հետո է, և մենք առավելագույն կենտրոնացվածությամբ ենք մոտենում խաղին։ Ձգտելու ենք լավ արդյունքի հասնել»,-լրագրողների հետ նախախաղային հանդիպման ժամանակ ասել է դարպասապահը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը ընտրանու մեկնարկային կազմում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին. Չանչարևիչ, Հարոյան, Հարությունյան, Ուդո, Իվու, Սպերցյան, Սելարայան, Մուրադյան, Ռանոս, Թիկնիզյան, Բիչախչյան:
Հայաստանի հետ երկու տնային խաղերն անընդմեջ հաջող ավարտ են ունեցել Լատվիայի համար․ թիմը հաղթել է 2:0 հաշվով։ Այժմ խաղը վճռորոշ նշանակություն ունի փլեյ-օֆֆ դուրս գալու համար, և կարելի է ակնկալել, որ տանտերերը լրջորեն կմոտենան այս հանդիպմանը։ Լատվիան երբեք չի պարտվել Հայաստանին սեփական դաշտում՝ երեք խաղ, երկու հաղթանակ և մեկ ոչ-ոքի։
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության վեցերորդ մրցափուլի Լատվիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի բուլղարական մրցավարական անձնակազմը։
Հանդիպման մրցավար է նշանակվել Գեորգի Կաբակովը, մրցավարի օգնականներ՝ Մարտին Մարգարիտովը և Դիյան Վալկովը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Նիկոլա Պոպովը: VAR-ի մրցավար է նշանակվել Դրագոմիր Դրագանովը, VAR-ի մրցավարի օգնական՝ Վասիմիր Էլ-Հաթիբը:
Լատվիա-Հայաստան հանդիպումը կկայանա այսօր ժամը 18։00-ին (Երևանի ժամանակով):