Բաժիններ՝

Շահեն Պետրոսյանը՝ Air Armenia-ի մասին. Հայկական օդն էլ ամբողջությամբ կանցնի ռուսների ձեռքը

«Սա այն դեպքն է, երբ ոլորտը կրկին հստակ անցնում է ռուսների ձեռքը և փող են լվանում այստեղ: Հնարավոր է դա «Աէրոֆլոտի» հետ առնչություն ունեցող անձնավորություններ են, ու հայկական օդն էլ ամբողջությամբ կանցնի ռուսների ձեռքը: Այդ ներդրողներին ես չեմ ճանաչում, բայց նույն է, ինչ հանքարդյունաբերությունը, էներգետիկան, կապը: Բոլոր ոլորտները տվել են ռուսներին, սա էլ են իրենք վերցնում: Այս մասին ես արդեն 10 տարի է` ասում եմ, բայց ՀՀ կառավարությունն այդպես էլ խելքի չեկավ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը՝ խոսելով Air Armenia ավիաընկերության նոր բաժնետիրոջ՝ ռուսական կառավարիչներ ունեցող East Prospect Fund-ի մասին:

Դիտարկմանը, որ Air Armenia-ի 49%-ը նոր տիրոջը վաճառվեց, երբ Ռուսաստանը հրաժարվեց ավիանավիգացիան սպասարկել, հնարավո՞ր է, որ այդ խնդիրները մտադրված հարուցվեցին, Շ.Պետրոսյանը նշեց, որ սովորաբար ինչ-որ մեկին հրահանգում են, որ լիցենզիան ձեռք բերի, գործարքներն իրականացնի, հետո գալիս ու տիրանում են ամեն ինչին. «Այսինքն, պետական միջոցներից ստեղծում են ամեն ինչը, ստեղծում են շուկան ու ատկատների միջոցով նվիրում են ռուսներին: Դրա վերջը պետք է տրվի: Հայկական ավիափոխադրողը չի կարող առանց պետության լրջագույն ներդրումների մեր դրոշի տակ թռնել: Մնացածն ամբողջությամբ ավանտյուրա է, փող լվանալու տեղ: Դա սկսվեց «Հայկական ավիաուղիների» սնանկացման գործընթացով ու սկսել է Ռոբերտ Քոչարյանը և հիմա շարունակվում է: Վիրջինյան ընկերությունում գրանցված լiնելը նշանակում է օֆշորային ընկերություն է, բացահայտ ընկերություն չի: Եթե ամեն ինչ ծածկադմփոցով են անում, նշանակում է մեր շուկան ինչ-որ մեկի ձեռքն է անցնելու»:

Թե արդյունքում ի՞նչ կստանան ՀՀ քաղաքացիները` հարցին, Շ.Պետրոսյանը պատասխանեց՝ ոչ մի բան. «ՀՀ քաղաքացիներն արդեն լրիվ ստրկացել են, անցել են ռուսական ստրկացման լծի տակ: Պետք է սպասենք Ռուսաստանը քանդվի, ՀՀ-ն գուցե այդպես փրկվի, կամ պետք է շտապ իշխանափոխություն անել, այլ տարբերակ չկա: Ոչ մի ոլորտ չի կարող աշխատել, մինչև նորմալ ընտրություններ չլինեն: Ռուսներն այստեղ յուրայիններին նշանակում են ու ոլորտ ոլորտի հետևից իրենց ձեռքն են վերցնում: Նրանք ունեն բազմաթիվ օլիգարխներ, դրսերում չեն կարղանում փող ներդնել պատժամիջոցների պատճառով ու արկածախնդրային ճանապարհով նման երկրներում են իրենց փողերը լվանում: Սա է խնդիրը»:

Ըստ Շ.Պետրոսյանի՝ նոր ներդրողների համար կարող է գրավիչ լինել արևմուտքի շուկան, իսկ ասիական ու արաբական ուղղությունները՝ ոչ այդքան. «Աէրոֆլոտը դեպի ռուսական բոլոր ուղղությունները գրավել է, մնացել է արևմուտքի շուկան, դա էլ այսպես կգրավեն: «Էյր ֆրանսն» ու ավստրիական ավիաուղիները կհրաժարվեն այստեղ թռնել և կդառնանք հերթական ռուսական գաղութը: Չկարողացանք այս շուկան պահպանել, ինչպես երկաթուղին չկարողացանք»:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս