Թուրքիան չի անդամակցի ԵՄ-ին, եթե չճանաչի Կիպրոսը. Վենիզելոս

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հունաստանի արտգործնախարար, փոխվարչապետ Էվանգելոս Վենիզելոսը հայտարարել է, որ ԵՄ-ը հստակ ազդանշան է հղել Անկարային, որ Թուրքիան պետք է հարգի միջազգային իրավունքը, և եթե նա պլանավորում է անդամակցել ԵՄ-ին, ապա նա պետք է ճանաչի Եվրոպական ընկերության բոլոր անդամ երկրներին:

Կիպրական հարցի կարգավորման մասին Վենիզելոսի հայտարարությունն այսօր տարածել է Հունաստանի ԱԳՆ-ը: Հունաստանը երեկ և այսօր Բրյուսելում ԵՄ-ի  ու եվրոգոտու գագաթաժողովում պաշտպանել է Կիպրոսի շահերը՝ կապված նրա հետ, որ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հոսպիտալացված է:

Վերջինս պատրաստվում էր գագաթաժողովում բողոք ներկայացնել՝ պահանջելով դատապարտել Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում օգտակար հանածոների հետախուզման աշխատանքներ ձեռնարկելը: Թուրքիան հայտարարում է, որ չի ճանաչում Կիպրոս անվանմամբ պետություն, իսկ Կիպրոսն իր հերթին ձգտում է հասնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության կասեցմանը:

Տեսանյութեր

Լրահոս