Երևի ոմանց «մայդանը» շատ է դուր եկել… բայց դա արյան, զոհերի ճանապարհ է. «Հայոց Աշխարհ»

«Հայոց Աշխարհ» օրաթերթի լրագրողը զրուցել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։

-«Եռյակում» կան ուժեր, որոնց նպատակն է շուրջօրյա հանրահավաքների կազմակերպումը, ոմանք կարծես «մայդան»–ական տրամադրություններ ունեն, չնայած «զգուշավորները» շտապում են սրբագրել, թե թավշյա հեղափոխություն ասելով՝ հասկանում են խաղաղ իշխանափոխություն։ Այնուհանդերձ քաղաքական մեծամասնությունը մտավախություն չունի՞, որ երկրում իրավիճակը կարող է ապակայունանալ։

– Ամենևին, ՀՀԿ-ն նման անհանգստություն չունի, որովհետև «եռյակի» հանրահավաքներն իրականում բովանդակազուրկ են։ «Եռյակի» ուժերը համոզված են, որ սահմանադրական ճանապարհով անկարող են գալ իշխանության, հետևաբար իրենց նպատակը երկրում անկայունություն ստեղծելն է, մանավանդ որ երևի ոմանց «մայդանը» շատ է դուր եկել։ Ուրեմն՝ իրենց անձնական շահերից ելնելով՝ կփորձեն այդ ճանապարհով գալ իշխանության։ Բայց դա արյան, զոհերի ճանապարհ է։ Եվ նրանց քայլերի գնահատականը կտա մեր հանրությունը։ Ես շատ եմ ուզում, որ «եռյակի» հանրահավաքներին հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն, ու շատ մարդիկ լսեն նրանց կենդանի խոսքը, քանի որ անպայման հիսաթափվելու են։

Մի բան է, երբ մարդիկ մամուլի միջոցով են ծանոթանում նրանց մտքերին, որոնք հաճախ լինում են լավ խմբագրված, մեկ այլ բան է, երբ անմիջականորեն տեսնում ու լսում են նրանց։ Այդ դեպքում, մեր ժողովուրդը իր կարծիքը «եռյակի» մասին շատ արագ կկազմի. քանի ոո մարդիկ ներկա լինելով՝ կտեսնեն, կլսեն, թե որն է նրանց իրական օրակարգը, ինչ են առաջարկում։ Իրականում նրանք ոչինչ չեն առաջարկում։ Ասում են՝ եկեք անկարգություններ անենք, ներքաղաքական իրավիճակը սրենք, որ կարողանանք գալ իշխանության։

Եթե ուշադիր լսեք «եռյակի» ներկայացուցիչների ելույթները, կհամոզվեք, որ երեք քաղաքական ուժերը բոլորովին տարբեր կարծիքներ են հայտնում։ Իսկ երբ տեսնում են, որ այլևս խոսելու բան չունեն, սկսում են ականջ շոյող արտահայտություններ անել, անգամ հայհոյել։ Փորձում են իրենց պոպուլիստական ելույթներով սիրաշահել ժողովրդին։ «Եռյակը» իրեն պետք է հաշիվ տա՝ ո՞ւր է մղում ժողովրդին, ի՞նչ ճանապարհներով է ուզում հասնել իր իսկ նպատակներին, իրենց համար նպատակը արդարացնո՞ւմ է միջոցները։ Իսկ մենք հոգնել ենք նրանց կրկնվող բառապաշարից՝ «թավշյա հեղափոխություն», «թավշյա իշխանափոխություն»։

Դրանով միջազգային հանրությա՞նն են հասկացնում, թե իրենք արյուն թափել չեն ուզում, բայց մոռանում են ասել ամենակարեւորի մասին, որ Հայաստանում թավշյա հեղափոխության հիմքեր չկան։

– Ըստ «եռյակի»՝ հիմքը երկրում տիրող սոցիալական լարվածությունն է, ինչն էլ հարմար առիթ համարելով, փաստորեն, ոչ իշխանականները երեք տարի շուտ սկսել են իրենց նախընտրական քարոզարշավը։

–Ճիշտ նկատեցիք, իրոք, նրանց քայլերին հետևելիս համոզվում ես, որ սկսել են ընտրարշավ։ Դրա համար էլ հարմար պահեր ու առիթներ են փնտրում ինքնադրսևորվելու համար։ Ինչ վերաբերում է սոցիալական խնդիրներին, ապա իհարկե, դրանք կան մեր երկրում, ու ՀՀԿ-ն երբևէ չի թաքցրել այդ մասին, բարձրաձայնել ենք և ասել, որ այդ խնդիրները գտնվում են Հանրապետական կուսակցության և կառավարության ուշադրության կենտրոնում։

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս