Ի. Զաքարյան. Սոցիալական ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքներով օրենքի խախտումներ չեն հայտնաբերվել

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեցին ՀՀ Վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության` սոցիալական ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքները:

Քննարկմանը մասնակցում էին ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները` հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ, ՀՀ Վերահսկիչ պալատի` համապատասխան ոլորտի վերահսկողությունն իրականացրած աշխատակիցները` ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ինչպես նաև մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ:

Վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության` սոցիալական ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքները հանգամանալից ներկայացրեց ՎՊ` սոցիալական ոլորտում վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի նախագահ Խաչիկ Վարդանյանը:

Այնուհետև ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն ամփոփեց ներկայացված տեղեկատվությունը` նշելով, որ՝

1. ՀՀ Վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության` սոցիալական ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքներով օրենքի խախտումներ չեն հայտնաբերվել:

2. Ոլորտում առկա են օրենսդրական բացեր և կա դրանք շտկելու խիստ անհրաժեշտություն:

Քննարկումը շարունակվեց հարցուպատասխանով, ինչին հաջորդեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ելույթը: Պարոն Ասատրյանը, շնորհակալություն հայտնելով ՎՊ ներկայացուցիչներին կատարված աշխատանքի համար, համաձայնեց ներկայացված փաստերի օբյեկտիվության հետ և նշեց, որ կիսում է այդ փաստերից բխող ռիսկերը նվազեցնելու մտահոգությունը: Նախարարը շեշտեց նաև, որ ՎՊ ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա իրենք ևս քննարկումներ կանցկացնեն, ինչից հետո ՀՀ կառավարությունը հանդես կգա համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ:

Քննարկման վերջում ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ևս մեկ անգամ մեջբերելով ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացրած տեղեկատվությունը, նշեց որ 2013թ. տարեկան հաշվետվության` սոցիալական ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքներով օրենքի խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ առկա օրենսդրական խնդիրներին կանդրադառնան հանձնաժողովի հետագա նիստերի ժամանակ:

 

Տեսանյութեր

Լրահոս