Վլադիմիր Գասպարյան. Թեժ աշնան համար կան սառը ցնցուղներ

«Արզնի» օդանավակայանի տարածքում այսօր անցկացվեց հրամանատարաշտաբային զորավարժություն՝ ոստիկանության ստորաբաժանումների և ոստիկանության զորքերի մասնակցությամբ: Դրա ավարտից հետո, պատասխանելով հարցին՝ այս զորվարժությունները կարո՞ղ են մեկնաբանվել որպես ոստիկանության նախապատրաստություն թեժ աշնանը, որը խոստանում են քաղաքական գործիչները, կարծում եք՝ պետք կգա՞ն այս հմտությունները, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Այս հմտությունները միշտ պետք են գալու հենց նրա համար, որ ոստիկանությունը համախմբված լինի: Թեժ աշուն և այլն… կարող եմ հումորով էլ պատասխանել: Թեժ աշնան համար կան սառը ցնցուղներ, իսկ երբ ցնցուղը չի օգնում, շատ ավելի թեժ աշուն կարող ենք կազմակերպել: Կարող եմ այդպես ասել: Կարող եմ ասել ուրիշ ձև: Կարող եմ ասել այնպես, ինչպես ես մտածում եմ:

Ուզում է թեժ լինի, ուզում է սառը լինի: Պետք է ամեն ինչ լինի տրամաբանության մեջ, ամեն ինչ լինի օրենքի սահմաններում: Այն ժամանակ այդ թեժ աշունները կարող է շահեկան լինեն, իսկ եթե թեժ աշունները օրենքի խախտումներով են լինում, ես՝ որպես ոստիկանապետ, դա չեմ հանդուրժելու, որովհետև ես գիտեմ՝ ինչ է նշանակում խժդժումներ, ես գիտեմ՝ ինչ է նշանակում պատերազմներ, ես գիտեմ՝ ինչ է նշանակում կորուստներ պատերազմի ժամանակ:

Ես միանշանակ գիտեմ, որ ներքին ստաբիլ վիճակի խախտումն ուղղակի կախված է մեր սահմանի հետ: Ես դա գիտեմ, ես բանակից եմ, ես գիտեմ ամբողջ տեխնոլոգիաները և ես երբեք չեմ հանդուրժի: Խոնարհությամբ ծառայելով իմ ժողովրդին՝ ես չեմ հանդուրժի, որ իմ երկրի մեջ իրար կոտորեն, իրար սպանեն, և հակառակորդն էլ օգտվի դրանից:

Բայց, չտա Աստված, որ որևիցե մեկը ուզենա երկրի ճակատագրի հետ խաղալ՝ սեփական փառասիրության կամ ես չգիտեմ հարստությունների, ես չգիտեմ՝ ինչ անվանումներ կտաք, ռևանշիզմի և այլնի համար: Ամեն ինչի համար կան օրինական ճանապարհներ: Խոնարհությամբ այդ օրինական մոտեցումներին ոստիկանությունը կծառայի: Ցանկացած օրինախախտում, ավելին՝ ոստիկանի հանդեպ ոտնձգություն խստագույնս կպատժվի: Մենք գիտենք, մենք ցույց ենք տալիս, մենք ոչինչ չենք թաքցնում: Մենք ազնիվ ենք մեր գործի մեջ: Աստված է վկա, և մեզ պետք չէ թիրախ դարձնել անազնվության, ինչ-որ բաների:

Մենք նույն քաղաքացիներն ենք: Այսօր ոստիկանությունը ուզում է վաղվա մեր երեխաների, մեր թոռների ոստիկանությունը ստեղծել: Այդ ճանապարհին ես ինձ չեմ խնայի»:

Տեսանյութեր

Լրահոս