Բաժիններ՝

Քաղաքացիական և ռազմական մտածողության համատեղումը

Արցախի Հանրապետության անկախության հռչակման հերթական նշումը այս փուլում նախ մտորելու տեղիք է տալիս Սոչիի հանդիպմանը նախորդած ժամանակահատվածում հակառակորդի սանձազերծած աննախադեպ ոտնձգությունների, հետապնդած նպատակի և ձեռք չբերած արդյունքների մասին: Աննախադեպ, իհարկե միջազգային երաշխավորությամբ կնքված զինադադարից հետո ընկած ժամանակաշրջանում:

Առայսօր դեռևս բազմաթիվ հարցականներ և վարկածներ են հնչում, թե ո՞րն էր սահմանային լարվածությանը նման տարողություն տալու իսկական դրդապատճառը և թե ի՞նչ պատճառներով կտրուկ փոփոխություն կրեց ռազմական այդ վարքագիծը Սոչիից հետո:

Վերլուծաբանական տեսությունները կարող են առատորեն շարունակվել: Առարկայական գնահատականի որևէ փորձ սակայն, համեմատություն է անում քաղաքական հարթության վրա արձանագրվող իրադարձությունները` սահմանային ներթափանցման փորձերի հետ, ունենալու համար հանրագումարային պատկերը, պարզ խոսքով` ստացված արդյունքը:

Ճիշտ է, որ հայկական կողմը տվեց զոհեր, սահման հատող գյուղացիներ, դրանցից նաև իբրև հետախույզ զինվոր ներկայացված և ադրբեջանական մարմինների կողմից սպանված: Բայց միաժամանակ շատ ավելի մեծ թվով ադրբեջանցի սպանված զինվորներ և ռազմագերիներ: Այս բոլորի արդյունքը` զրո տեղաշարժ ադրբեջանական զինյալ ուժերի կողմից:

Եթե այս բոլորը ցանկանում էին առաջադրված ենթահող նախապատրաստել Սոչիի հանդիպման նախօրեին, ապա Սոչին ևս եկավ փաստելու, վերընդգծելու, որ արցախյան հակամարտության որևէ զինվորական լուծում պետք է բացառել և հենվել խաղաղ կարգավորման սկզբունքի վրա: ՄԱԿ-ի բանաձևերին հղում կատարող նախագահ Ալիևը պատասխան չուներ ՀՀ նախագահի այն հարցին, թե Բաքուն իր նշած բանաձևերի ո՞ր կետի գործադրմանն է հանձնառու եղել մինչև այսօր: Գուցե Սոչիին նախորդած մթնոլորտը նպաստեց գերմիջնորդ Մոսկվային ստանձնելու բանակցային գործընթացի վերագործարկման պատասխանատվությունը, այսուհանդերձ Բաքուն այս փուլում ևս որևէ քաղաքական առավելություն չունեցավ:

Մնալով քաղաքական իրադրությունների ընդհանուր պարունակում, չի կարելի շրջանցել ԱՄՆ-ի կարևորագույն նահանգներից հանդիսացող Կալիֆորնիայի սենատի միացումը նույն նահանգի կոնգրեսի դիրքորոշմանը, որ փաստորեն վերջնագծին հասցրեց Կալիֆորնիայի նահանգի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը: Գուցե այս ճանաչումը ուղղակի հնարավոր չլինի համեմատել Սոչիին նախորդող փուլի ստեղծված ռազմական մթնոլորտի հետևանքների հետ:

Այսուհանդերձ, դիպուկահարները, դիվերսանտները, հետախույզները, ներթափանցողները, գերեվարողները և նախապես կացինահարողներն ու սպառնացողները կարող են ազդած լինել երրորդ որևէ կողմի քաղաքական գործիչների ենթագիտակցության վրա, ավելի հաստատ գնալու ճանաչման ուղղությամբ: Բաքվի որդեգրած այս վարքագիծն է, որ երրորդ կողմերին ինքնըստինքյան համոզում է, որ ճիշտ, արդար և անվերադարձ է Արցախի ժողովրդի ինքնորոշումը և անկախանալու քայլը:

Աննկատ չեն նաև միջազգային մամուլում հօգուտ արցախահայության ինքնորոշման երևացած հոդվածները: Ճիշտ է, որ այստեղ ևս տվյալ քաղաքական պահը և զանգվածային լրատվամիջոցի թիկունքին կանգնած քաղաքական ուժի ըստ պահի դիրքորոշումը հիմնական նշանակություն ունեն տվյալ վերլուծության վրա, այսուհանդերձ պետք չէ անտեսել միջազգային մամուլի այս կամ այն ներկայացուցչի այցելությունը Արցախ և տեղում ծանոթացումը բոլոր հանգամանքներին:
Այս առումներով էլ Բաքվի կողմից անվանակարգված սև ցանկը` բաղկացած Արցախ այցելած քաղաքական գործիչներից, պետական այրերից, արվեստագետներից թե մամուլի գործիչներից, հետզհետե հարստանում է: Այս արդեն նախանշում է Արցախի համապատասխան գերատեսչությունների և սփյուռքի կազմակերպությունների միացյալ աշխատանքների վարքագիծը, որ անպայման սատարում է հանրապետության ճանաչմանը:

Վերադառնանք առաջին կետին և ընդգծենք կարևոր մի արդյունք. սահմանային լարվածությունը շատ արագ ստեղծեց ռազմական և քաղաքացիական մտածողության համատեղելիություն: Ժողովուրդ-բանակ միավորումը վերստին համոզեց Արցախի այսօրվա դիրքերից որևէ հետդարձի հնարավորության բացառումը: Այս բոլորը հատկանշեցին Արցախի Հանրապետության անկախության հռչակման 23-ամյակը:

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս