«Ամերիկայի հայությունը 5-0 հաշվով հաղթեց ռուսահայությանը»

«Եթե չեմ սխալվում, Ամերիկայի 43 նահանգներ ընդունել են Հայոց ցեղասպանությունը, բայց դա պետք է արվի պետական մակարդակով: Իհարկե, այս պարագայում մենք պետք է ասենք շնորհակալություն Կալիֆորնիայի նահանգի սենատին, որ ընդունեց նման բանաձև, բայց կարծում եմ՝ դրանով ոգևորվել ու դա համարել մեծ հաղթանակ, չի կարելի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին:

Ըստ Գ. Իսագուլյանի՝ սա ամերիկյան քաղաքականությանը բնորոշ գիծ է. «Դժվար է ասել՝ իրենք ինչ խնդիր են լուծում, բայց մարդիկ ընդունել են դա, և կարծում եմ՝ սա պետք է տեղափոխել գործնական դաշտ՝ և՛ մեր կողմից, և՛ իրենց կողմից: Շատ կարևոր է, որ ընդունելուց անմիջապես հետո, օրինակ, Կալիֆորնիայի սենատը հրավեր ուղարկեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահին՝ այցելել Կալիֆորնիա, և տեղի ունենար հանդիպում նահանգի սենատորների և ԼՂ-ի ԱԺ պատգամավորների միջև, որ իրենք գային Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Եթե ընդունել են, և այդ փաստը ոչ թե զուտ քաղաքական ակցիա է, այլ ունի շատ հեռուն գնացող նպատակ, ապա իրենք այցելեն առանց վախի, որ կարող է հայտնվեն ադրբեջանական սև ցուցակի մեջ, և իրենց մուտքը դեպի Ադրբեջան այլևս արգելվի»:

Գ.Իսագուլյանը նշեց, որ սա շատ կարևոր գործ է հատկապես համայնքի համար, հատկապես «Հայ դատի» գրասենյակների համար. «Բայց մենք՝ որպես պետություն, պետք է կարողանանք պահել պատշաճ կերպով և հասկանանք, որ ԼՂ-ի անկախությունը, նրա հետագա անվտանգությունը բացառապես կախված է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակներից: Սա փորձել որպես մեր արտաքին քաղաքական բնագավառում հաղթանակ արձանագրել, ես կարծում եմ՝ կնշանակի մենք մեզ բավականին գերագնահատում ենք ու ինքներս մեզ խաբում ենք»:

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն էլ նկատեց, որ մենք պետք է շնորհակալություն հայտնենք մեր ամերիկահայությանը, դա նրանց աշխատանքի արդյունքն էր. «Փաստորեն, Ամերիկայի հայությունը՝ Սփյուռքը, 5-0 հաշվով հաղթեց ռուսահայությանը: Բա էդ ձեր Կուրղինյանները, կավեեներն ու կամեդի քլաբները չեն կարողանո՞ւմ որևէ այդպիսի մի բան անցկացնել: Բա մի բան արեք, չէ՞: Ղարաբաղի մասին է խոսքը: Մանավանդ, որ ռուս-թուրքական դաշինքի արդյունքում է ձևավորվել Ղարաբաղի խնդիրը, Նախիջևանի խնդիրը: Ես կարծում եմ՝ մենք ունեցանք մի շատ հետաքրքիր իրադրություն՝ մրցակցություն պետք է լինի ամերիկահայության և ռուսահայության մեջ, բոլոր հարցերում մրցում են նրանք: 5-0՝ ի՞նչ եք անելու»:

Գ.Իսագուլյանը պատասխանելով Ա. Արշակյանի հարցադրումներին, նշեց, որ ինքն ի սկզբանե ասաց, որ Ամերիկայի 43 նահանգ ընդունել են Հայոց ցեղասպանությունը, կարող են և բոլոր նահանգները ընդունել, բայց կարևորը պետական մակարդակով ընդունելն է. «Ես Ռուսաստանի մասին չեմ խոսել, ես ասում եմ՝ մենք առաջին հերթին պետք է այդ խնդիրների լուծման հույսը կապենք մեր սեփական ուժի հետ»:
Ա. Արշակյանն, իր հերթին արձագանքեց Գ.Իսագուլյանին. «Ես ասում եմ՝ Ամերիկայի հայությունը դա արել է, իսկ Ռուսաստանի հայությունը, որն ավելի բազմաքանակ, հարուստ ու ազդեցիկ է, բա դուք ի՞նչ եք անում»:

Անի Քեշիշյան

Տեսանյութեր

Լրահոս