Էնտերովիրուսներն ակտիվացել են, բայց խուճապի մատնվել պետք չէ

Այս տարվա մարտից աշխարհում, Հայաստանում` ևս, էնտերովիրուսներն ակտիվացել են: Սա սուր վարակիչ հիվանդություն է, որն ուղեկցվում է աղիքային վարակով կամ հարբուխին բնորոշ ախտանշաններով:

Մեզ հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն ասաց, որ հիվանդության լուրջ դրսևորումը՝ մենինգիտը, ուղեղի թաղանթների բորբոքումն է, որն արտահայտվում է ուժեղ գլխացավերով, անզուսպ փսխումներով, բարձր ջերմությամբ ու պարանոցի շրջանում մկանացավով: Տիկին Սահակյանի խոսքերով, եթե կան այս 4 ախտանիշերը, ապա չպետք է ինքնաբուժմամբ զբաղվել, այլ, անպայման, դիմել բժշկի: Մասնագետը վստահեցնում է, որ էնտերովիրուսներն ակտիվացել են նաև Վրաստանում, Մոլդովայում, Ղրղըզստանում, ԱՄՆ-ում, ՌԴ-ի, մասնավորապես՝ Ստավրոպոլի երկրամասում, Վլադիվոստոկում և այլուր: Մեր զրուցակցի ներկայացմամբ` այսօր մեր երկրում համաճարակային իրավիճակ չկա, և խուճապի մատնվել պետք չէ:

Մասնագետի խոսքերով` էնտերովիրուսային վարակները միշտ էլ եղել են, սակայն, համաճարակաբանական օրինաչափություններով պայմանավորված, դրանք ժամանակ առ ժամանակ պարբերական աշխուժացում են առաջացնում:

Gayane Sahakyan«Փետրվարին տեղեկատվություն ստացանք, որ Վրաստանում բավականին լուրջ վիճակ է, և միայն Թբիլիսի քաղաքում մոտ 400 մարդ էր հոսպիտալացվել, որից գրեթե կեսի մոտ արդեն հաստատվել էր էնտերովիրուսային վարակը, նույնիսկ՝ շճատիպ»,- ասաց տիկին Սահակյանը: Ըստ նրա, բազմաթիվ շճատիպեր են առաջացնում էնտերովիրուսային վարակ, բայց առավել ծանր ընթացքով դեպքեր «Էնտերովիրուս 71» շճատիպն է առաջացնում: Մասնագետը վստահեցնում է, որ մեր երկրում հոսպիտալացված դեպքերը շատ թեթև ընթացք են ունեցել և հոսպիտալացվելուց 1-2 օր անց դուրս են գրվել. «Ինֆուզիոն՝ հեղուկների միջոցով թերապիայից հետո, հիվանդն անմիջապես կազդուրվում է և, կարծես, ընդհանրապես հիվանդ չի էլ եղել, լրիվ աշխուժանում է և առողջացած դուրս է գրվում»:

Կարդացեք նաև

Ընդհանրապես էնտերովիրուսները տարիքային որևէ առանձնահատկություն չունեն և կարող են ախտահարել բոլոր տարիքի մարդկանց, բայց, որպես կանոն, մեծահասակների մոտ հիվանդության զարգացումն ավելի դժվար է կլինիկական դրսևորում ստանում, քանի որ այդ վարակները բավականին տարածված են արտաքին միջավայրում, ու մարդն իր կյանքի ընթացքում անընդհատ շփվում է դրանց հետ և այդ ճանապարհով իմունիտետ է ձեռք բերում:

Նշենք, որ մեր երկրում էնտերովիրուսներով հիվանդացության դեպքեր գրանցվել են հիմնականում երեխաների շրջանում: Այդ իսկ պատճառով` Առողջապահության նախարարությունն ուշադրությունը նախադպրոցական հաստատությունների և ամառային հանգստի կենտրոնների վրա է պահում. «Էնտերովիրուսով հիվանդացածների 80 տոկոսը` երեք տարեկանից սկսած, մինչև 8-10 տարեկան երեխաներ են, հիմնականում մանկապարտեզ հաճախող»,- ասում է Գայանե Սահակյանը:

Հիվանդության դեպքերի հայտնաբերման ուղղությամբ բուժաշխատողների զգոնությունը բարձրացնելու, ինչպես նաև հայտնաբերված հիվանդների բուժումը պատշաճ ձևով կազմակերպելու նպատակով նախարարությունում մշակվել և բուժհաստատություններին է ուղարկվել երեխաների մոտ էնտերովիրուսային վարակով պայմանավորված վիճակների ախտորոշման, վարման և բուժման ուղեցույց:

Միաժամանակ էնտերովիրուսային վարակների վերաբերյալ հուշաթերթիկ է պատրաստվել մայրերի համար։

Տիկին Սահակյանն ասաց, որ այդ հաստատություններում առաջին իսկ հիվանդի հայտնաբերման դեպքում, անմիջապես, կազմակերպվում են ախտահանիչ միջոցառումներ: Էնտերովիրուսային վարակներից պաշտպանվելու համար մասնագետը կարևորում է անձնական հիգիենայի կանոնների պահպանումը: Խորհուրդ է տրվում ախտահանիչ միջոցներով տանը խոնավ մաքրում կատարել, բնակարանն օդափոխել, հաճախակի լվանալ ձեռքերը, հազի և փռշտալու հիգիենային հետևել, միրգն ու բանջարեղենն օգտագործել լավ լվանալուց հետո:

Նշենք, որ Էնտերովիրուսները կայուն են արտաքին միջավայրում՝ մակերեսային ջրամբարների ջրերում և խոնավ հողում կարող են պահպանվել մինչև 2 ամիս:
Տիկին Սահակյանը ծնողներին կոչ է անում արգելել երեխաներին դեկորատիվ ջրավազաններում լողալ, քանի որ չի բացառվում, որ ջրավազանների ջրերն էլ աղտոտված լինեն այդ էնտերովիրուսներով:

Էնտերովիրուսի գաղտնի շրջանը միջինում մինչև 10 օր է, որից հետո կարող է սկսել հիվանդության բուռն զարգացում: Մասնագետի ներկայացմամբ, էնտերովիրուսային վարակների դեպքում տարածման կոնկրետ մեխանիզմներ չկան, և՛ դրանք կարող են փոխանցվել և՛ օդակաթիլային, և՛ կենցաղային և՛ ջրային ճանապարհով, ինչպես նաև սննդի միջոցով: Հիվանդության կլինիկական դրսևորումն, ըստ Գայանե Սահակյանի, կախված է, թե վարակն ինչ եղանակով է թափանցել մարդու օրգանիզմ:

Յուրաքանչյուր ոք կարող է վարակվել էնտերովիրուսներով՝ հիվանդ մարդու կամ նրա կողմից օգտագործված իրերի, առարկաների կամ մակերեսների հետ սերտ շփման արդյունքում: Էնտերովիրուսի մեկ այլ առանձնահատկությունն էլ այն է, որ մարդը լինելով առողջ վիրուսակիր` չունի ոչ մի ախտանիշ:

Տեսանյութեր

Լրահոս