Ինչո՞ւ է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը զրուցել է հայատյաց փորձագետի հետ․ ԱԳՆ-ի մեկնաբանությունը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի և հայատյաց հայտարարություններով հայտնի ամերիկացի փորձագետ Մայքլ Դորանի զրույցը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Հուլիսի վերջին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հայտնել էր, որ Նարեկ Մկրտչյանն այցելել է Հադսոնի ինստիտուտի վերլուծական կենտրոն՝ քննարկելու Երևանի և Վաշինգտոնի միջև գործընկերության զարգացման հիմնական ուղղությունները, և զրուցել ինստիտուտի Մերձավոր Արևելքի խաղաղության և անվտանգության կենտրոնի տնօրեն Մայքլ Դորանի հետ։

Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ԱԳՆ՝ խնդրելով մեկնաբանել, թե արդյոք ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և դեսպանությունը տեղյակ են Դորանի նախորդ հայտարարություններին։ Մասնավորապես խոսքը վերաբերում է հայատյաց պատմությունների տարածմանը, այդ թվում՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» համար լոբբինգին և Հայաստանի դեմ ապատեղեկատվության տարածմանը (օրինակ՝ «սահմանին սադրանքներ նախապատրաստելու» կեղծ մեղադրանքներ)։

Մենք հետաքրքրվել էինք, թե ով է նախաձեռնել զրույցը, ինչու է ընտրվել Հադսոնի ինստիտուտը, ոչ թե մեկ այլ նմանատիպ հարթակ՝ Հայաստան-ԱՄՆ գործընկերության քննարկման համար։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնում են, որ ինչպես բոլոր նմանատիպ դեպքերում, դեսպանությունն իրականացրել է անհրաժեշտ ուսումնասիրություն և գնահատել համագործակցության նպատակահարմարությունը:

«Դեսպանն ընդունել է Հադսոնի ինստիտուտում Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության կենտրոնի տնօրենի հետ ձևաչափով զրույցի անցկացման նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով փորձագիտական հարթակում ներկայացնել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը, երկկողմ համագործակցության զարգացման առաջնահերթությունները և ՀՀ դիրքորոշումները տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ»,- նշված է պատասխանում։

Նախարարությունից հայտնում են, որ դեսպանի մասնակցությամբ կայացած զրույցին ներկա են եղել ավելի քան չորս տասնյակ հյուրեր՝ օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների, փորձագիտական համայնքի և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ:

«Զրույցի ընթացքում չեն հնչել հարցման մեջ մատնանշված ձևակերպումները կամ գնահատականները. հանդիպման տեսագրությունը հրապարակային է և հասանելի, և այն ամբողջությամբ արտացոլում է քննարկված հարցերի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները»,- հայտնում են ԱԳՆ-ից։

Իսկ ինչու է հենց Հադսոնի ինստիտուտն ընտրվել որպես հարթակ ՀՀ-ԱՄՆ գործընկերության քննարկման համար․ նախարարությունից հայտնում են, թե դեսպանությունն ակտիվ համագործակցում է ԱՄՆ ազդեցիկ վերլուծական կենտրոնների հետ՝ խորացնելով փորձագիտական երկխոսությունը և ներկայացնելով ՀՀ օրակարգն ու դիրքորոշումներն այն հարթակներում, որոնք ունեն կարևոր դեր քաղաքական և փորձագիտական քննարկումների ձևավորման գործում:

«Այդ աշխատանքն իրականացվում է նաև այն հարթակներում, որտեղ նախկինում Հայաստանի ներգրավվածությունը եղել է սահմանափակ կամ բացակայել է»,- վստահեցրել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը։

ԱԳՆ–ն նշել է, որ վերջին երկու ամիսների ընթացքում դեսպանությունը մասնակցել է հինգ նմանատիպ հանդիպումների և միջոցառումների ԱՄՆ առաջատար վերլուծական կենտրոններում, այդ թվում՝ Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնում (CEPA), Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում (AFPC), Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS), Բրուքինգս ինստիտուտում:

Հավելենք, որ Դորանը հայտնի է իր ադրբեջանամետ և հակահայկական հայտարարություններով, մասնավորապես՝ X սոցիալական ցանցի օգտատերերի շրջանում։ Նա սերտորեն համագործակցում է Ադրբեջանի իշխանությունների հետ և նրանց հրավերով բազմիցս այցելել է օկուպացված Արցախ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31