Բաժիններ՝

«Նորից հետ ենք գնացել, ամբողջ 2 ամիս՝ միայն 2 բալետային վերնագիր գիտենք՝ «Սպարտակ» և «Գայանե»»

«Իմ ցանկություններից մեկն այն է, որ Հայաստանն ունենա մի բալետային խումբ, որը կկարողանա Հայաստանը դնել 21-որդ դարի ռելսերի վրա ու ցույց կտա, որ Հայաստանն այսօրվա ժամանակակից, ժամանակի մեջ մտածող` առաջ նայող մի ազգ է»,- մեզ հետ զրույցում ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը, ով այժմ թատրոնում աշխատում է` որպես հրավիրված խորեոգրաֆ:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլ ամսին Ռ.Խառատյանն իր ցանկությամբ հրաժարվել էր գլխավոր բալետմայստերի իր պաշտոնից, որին փոխարինելու էր եկել Վիլեն Գալստյանը: Yerkir.am-ի հետ զրույցում Ռ.Խառատյանն այսպես էր մեկնաբանել իր քայլը. «Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ելք էր պետք: Դեռ մեկ ամիս առաջ գիտեինք, որ հուլիսին պետք է ատեստացիա անցնեինք, և որակավորման միջոցով պետք է բալետի ամբողջ կազմը թարմացվեր, էսթետիկան փոխվեր: Ես փորձել էի դա անել, և կոլեկտիվը ջղայնացել էր, և նրանց բողոքը հենց դրա դեմ էր, բայց դա պետք է արվի, ու դա անհրաժեշտ է մեր բալետային արվեստի զարգացման համար:

Ու քանի որ թատրոնում ջղային մթնոլորտ էր տիրում, մենք մի քանի անգամ ղեկավարության հետ քննարկում կազմակերպեցինք` հասկանալու` ի՞նչ կարելի է անել: Մենք որոշեցինք, որ Վիլենն ամենալավ տարբերակն է` նա փորձ ունի, 5-6 անգամ ղեկավար է եղել»:

Մեզ հետ զրույցում Ռ. Խառատյանը նշեց, որ Մշակույթի նախարարության հետ բանակցություններ են վարում` հասկանալու համար, թե ինչ պետք է անել, ընդհանրապես ինչպես պետք է դուրս գալ արվեստի բնագավառում ստեղծված այսօրվա ճգնաժամից. «Դուրս գալու ճանապարհներից մեկն այն է, որ պետք է ստեղծել մի նոր խումբ, որը կարող է լինել միջազգային խումբ` դրսից և ներսից հավաքված լավագույն ուժերով, որովհետև այստեղ, 4.5 տարի է` չստացվեց, քանի որ մարդկանց մենթալիտետը մնացել է 19-րդ դարի»:

Կարդացեք նաև

Հարցին, թե` ինչպե՞ս եք գնահատում նոր բալետմայստերի` Վիլեն Գալստյանի աշխատանքը, Ռ. Խառատյանն այսպես պատասխանեց. «Նոր բալետմայստերին ես չեմ ուզում գնահատել: Իր աշխատանքը, արդեն գնահատական է: Մի խոսքով` կարող եմ ասել, որ անցած 30 տարիների ընթացքում նույնն է եղել, ոչինչ չի փոխվել, նույն մարդիկ այստեղ են, վերադառնում են: Դուրս են գալիս, վերադառնում են` որպես ղեկավար, ու ոչինչ չի փոխվում, չնայած ես շատ կուզեի, որ փոխվեր: Երբ նոր ներկայացումներ էի բեմադրում, առաջ էի մղում, ինչ-որ բաներ էի ուզում բերել, հասցնել մեր բալետային թատրոն` դրսի մակարդակներին համապատասխան: Այսօր նորից հետ ենք գնացել, ամբողջ 2 ամիս է` միայն 2 բալետային վերնագիր գիտենք` «Սպարտակ» և «Գայանե»: Գոնե դրանք լավ կատարվեն, ես դրան էլ եմ կասկածում»:

Ռ.Խառատյանը նշեց, որ եթե ամեն ինչ կախված է հարգանքից, ապա հույս ունի, որ մի օր այդ հարգանքը կառաջանա նաև պարողների մոտ. «Ասում էին, որ պետք է հարգեն բալետմայստերին, որպեսզի աշխատեն: Ես շատ կուզենայի, որ մի օր արթնանային ու սկսեին հարգել, ու միանգամից սկսվեր աշխատանքը: Ես միշտ ուզում եմ հայկական բալետը համեմատել ոչ թե հենց հայկականի հետ, այլ դրսի տենդենցների հետ: Իսկ այստեղ սովորություն ունեն հայկական բալետը համեմատել պարի անսամբլի հետ, որն ունի իր ֆունկցիաները: Այսինքն` դրանք տարբեր բաներ են: Այսօրվա բալետը պետք է ներկայացներ այսօրվա մեր հասած մտքի, զգացողության ու արվեստի մակարդակները: Դա չկա այսօր»:

Նրա խոսքով` թատրոնի նոր տնօրենը շատ մեծ ջանքեր է գործադրում անձնակազմին հավաքելու համար, որպեսզի նրանք ճիշտ աշխատեն, բայց, նրա կարծիքով` այդ ամբողջ մենեջմենթի նպատակն արվեստն է` գեղարվեստական մասը, որում ոչ մի բան, ըստ նրա` չի կատարվում. «Գեղարվեստական ղեկավար է պետք, որը կասի, թե ուր են գնում: Երբ ասեն` ուր ենք գնում, ու սկսենք գնալ, այդ ժամանակ կերևա` գնո՞ւմ ենք, թե՞ ոչ` ու ո՞նց ենք գնում: Այսինքն` կա՞ն արդյոք ներկայացումներ, այդ ներկայացումներն ի՞նչ մակարդակի վրա են: Երևի մեկ ուրիշ 50 տարի է պետք, որ տեսնենք` ստացվե՞ց, թե՞ ոչ»:
Ըստ բալետմայստերի` Հայաստանում ամեն ինչ էլ կարելի է իրագործել. «Նպատակ պետք է ունենանք: Իմ ամենամեծ ցանկությունն այն է, որ մենք կարողանանք տեսնել, թե ուր ենք գնում, որովհետև մենք թե՛ պոտենցիալն ունենք, թե՛ տեսականն ունենք, բայց չենք կարողանում կազմակերպվել»:

Հարցին` թե ո՞րն է դրա պատճառը, Ռ. Խառատյանը պատասխանեց, թե խստապահանջ չենք, և կարգ ու կանոնի բացակայության հետևանք է. «Օրինակ` ինձ մեղադրում էին, որ ես դիկտատուրա եմ անում, իսկ պետք չի դիկտատուրա, այլ պետք է, որ իրար սիրենք ու հարգենք: Մենք այստեղ նորից չենք կարողանում իրար հասկանալ, որովհետև 2 տարբեր բաներ են կատարվում` մարդկային գործոնը ու որպես աշխատող գործոնը: Սրանք տարբեր բաներ են: Այստեղ` Հայաստանում, սկզբից սովոր են, որ մենք իրար հետ «ախպեր լինենք», իրար հետ գնանք քեֆ անենք, որ հետո ես չկարողանամ իրենց աշխատանքի բերել: Սրանք տարբեր վիճակներ են, տարբեր հարաբերություններ են»:

Հարցին էլ, թե ինչպե՞ս պետք է փոխել այդ մենթալիտետը, նա պատասխանեց, թե դա կարելի է անել և՛ աշխատանքի սկզբում, և՛ վերջում. «Երբ պարողին ասում ես` ոչ, դու լավ չես աշխատում, դու հեռացված ես, ինքը ձգվում է` հասկանալով, որ կարող է կորցնել աշխատանքը: Այդ ժամանակ նրանք սկսում են աշխատել: Կարելի է սկզբում նաև ասել, որ սա է պետք անել, որպես մարդ` քո ֆունկցիաները սրանք են, քո իրավունքները սրանք են»:

Իսկ ի՞նչ է փոխվել Ռ. Խառատյանի կյանքում թատրոնի գլխավոր բալետմայստերի պաշտոնից հրաժարվելուց հետո. «Շատ բան չի փոխվել, բայց հիմա ես ինձ շատ լավ եմ զգում, որովհետև կարողանում եմ մտածել` որպես ստեղծագործող: Այս տարիներին, երբ ես գլխավոր բալետմայստերն էի, դարձել էի ոստիկան նրանց համար ու տանը մտածում էի` ո՞նց պետք է անեմ, որ կարողանամ նրանց հավաքել աշխատանքի, ո՞նց պետք է ստիպել, որ նրանք աշխատանքի գան: Ամբողջ միտքս, ուղեղս, զգացողությունս աշխատում էր, թե ո՞նց անեմ, որ նրանց աշխատանքի բերեմ: Այսօր ազատ եմ դրանից, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ բան շտկվել է: Իրենք իրենց ուզած վիճակի մեջ ընկան, որը նորից հետ դրեց հայկական բալետային արվեստը»:

Մեր հարցին, թե` այսինքն` հայկական բալետային արվեստը ե՞տ է գնում, նա պատասխանեց.

«Այո, եթե չաշխատեն, ով ուզում է լինի` պետք է հետ գնա, չի կարող առաջ գնալ: Առաջ գնալ` նշանակում է` մարզվել, նոր բարձունքներ գրավել, նոր ներկայացումներ պարել: Այսինքն` ֆիզիկական աշխատանքին գումարած` զգացողականն ու մտայինը: Այդ երեքն էլ բացակայում են, ու այդ երեքն էլ ես աշխատում էի դնել ինչ-որ մեկ գծի մեջ, մեկ ուղղության մեջ, որը չէր ստացվում»:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս