Ինչ է նախապատրաստվում այս անգամ ՕԵԿ-ի ընդդիմացումով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Հայաստանի քաղաքական դաշտում անեկդոտային զարգացում է տեղի ունեցել: «Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարել է կոալիցիայից դուրս գալու մասին` ասելով, որ չնայած այս տարիների ընթացքում բաեփոխումներին, այնուհանդերձ չի հաջողվել ՕԵԿ-ի նախընտրական ծրագիրն իրականացնել և հիմա որոշել են ընդդիմություն դառնալ:

Սա արդեն ՕԵԿ-ի երրորդ անգամ ընդդիմություն դառնալն է: ՕԵԿ-ը առաջին անգամ ընդդիմություն էր մինչև 2003 թվականը, հետո մաս կազմեց իշխող կոալիցիային և ստացավ ԱԺ նախագահի պաշտոնը:

Սակայն երեք տարի հետո Ռոբերտ Քոչարյանի հետ հակասությունների արդյունքում ՕԵԿ-ը երկրորդ անգամ դարձավ ընդդիմություն, այս անգամ նույնիսկ դավաճան: Այդպես որակեց Արթուր Բաղդասարյանին Ռոբերտ Քոչարյանը՝ Մեծ Բրիտանիայի դիվանագետի հետ թեյելու ընթացքում գաղտնալսված զրույցի հրապարակումից հետո:

2008 թվականի նախագահական ընտրություններում ՕԵԿ-ը մասնակցեց որպես ընդդիմություն, սակայն այդպես էլ չմիացավ կեղծիքների դեմ պայքարող ժողովրդին և փետրվարի 29-ին Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմեց ու ստացավ ԱԽՔ պաշտոնը, իսկ այդ կոալիցիայի հաջորդ օրն իսկ եղավ Մարտի 1-ի գրոհը հասարակության դեմ և արյունահեղությունը Երևանի կենտրոնում:

Եվ ահա, այսօր ՕԵԿ-ը երրորդ անգամ դառնում է ընդդիմություն: Խնդիրն այստեղ այն է, որ ՕԵԿ-ի, այսպես ասած, ընդդիմացումները և իշխանացումները ուղեկցվում են կամ զուգահեռվում են Հայաստանի քաղաքական կյանքում կարևոր փուլերի հետ:

Եվ հատկապես վերջին արյունահեղությունը նկատի ունենալով` ըստ էության մենք այսօր իրավամբ կարող ենք հարց տալ՝ ինչ է նախապատրաստվում Հայաստանի քաղաքական դաշտում այս անգամ ՕԵԿ-ի ընդդիմացումով: Որովհետև, ըստ էության, արդեն երկրորդ քաղաքական ուժն է նետվում ընդդիմության դաշտ, որը անմիջականորեն պատասխանատու է Մարտի 1-ի արյան համար:

ԲՀԿ-ից հետո այս դաշտում հայտնվում է ՕԵԿ-ը: Իսկ հայաստանյան ներկայիս քաղաքական իրավիճակը, խոշոր հաշվով, ըստ էության հանդիսանում է Մարտի 1-ից հետո ձևավորված արդյունք, և երբ Մարտի 1-ի պատասխանատու ուժերի շրջանակներում տեղի են ունենում նման տրանսֆորմացիաներ, ապա սա իսկապես մտորումների տեղիք է տալիս և վկայում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական իրավիճակը մտնում է արդեն լիովին մի նոր փուլ»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս