Չեչեններն ահաբեկչությո՞ւն են պլանավորում Հայաստանում

Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Սոչիի օլիպիական խաղերի անցկացման ժամանակ Հայաստանում գտնվող ռուսական օբյեկտների վրա կարող են տեղի ունենալ ահաբեկչական հարձակումներ:

Ահաբեկչական հարձակումների ենթադրյալ կազմակերպիչն «Էմիրաթ Կովկաս» ինքնահռչակ պետական կազմավորման ղեկավար էմիր Դոկա Ումարովն է: Այս տեղեկության իսկությունը, հասկանալի պատճառներով, հնարավոր չէ պաշտոնապես ճշտել: Չենք բացառում նաև, որ նման տեղեկություններ տարածվեն միանգամայն այլ նպատակներով: Այդուհանդերձ, հաշվի առնելով խնդրի կարևորությունը, հարկ ենք համարում ներկայացնել, թե ինչ հնարավոր սպառնալիքի մասին է խոսքը:

Փետրվարի 7-23-ը տեղի ունենալիք Սոչիի ձմեռային օլիմպիադայի անվտանգությունն ապահովելու համար Ռուսաստանի իշխանությունները նախաձեռնել են անվտանգության աննախադեպ միջոցառումներ: Բանն այն է, որ Դոկա Ումարովը, ով համարվում է Ռուսաստանում իրականացված մի քանի ահաբեկչական գործողությունների կազմակերպիչը, հայտարարել է, որ պետք է անել հնարավորը` Սոչիի օլիմպիադան ձախողելու համար:

2007թ. հոկտեմբերի 7-ին Դոկա Ումարովը հայտարարել է «Էմիրաթ Կովկասի» ստեղծման մասին, որի մեջ են մտնում բոլոր հյուսիսկովկասյան հանրապետությունները և Ստավրոպոլի երկրամասը: Նա իրեն հռչակել է էմիր և նշանակել վիլայեթների վալիներ, բարձրագույն շարիաթական դատարանի դատավոր: Դոկա Ումարովը Ռուսաստանի քաղաքացիական բնակչությանը հռչակել է թշնամի և իր վրա է վերցրել 2011թ. հունվարի 24-ին Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, որին զոհ գնացին 40 քաղաքացիներ, ևս 125-ը վիրավորվեցին: 2012թ. փետրվարի 2-ին Դոկա Ումարովն իր ենթականերին հրահանգել էր ձեռնպահ մնալ քաղաքացիական անձանց և օբյեկտների դեմ հարձակումներից, քանի որ Ռուսաստանում սկսել են քաղաքացիական ընդվզման գործողություններ իրականացվել:

Դա Ռուսաստանում նախագահական ընտրությունների նախօրյակն էր, երբ որոշ ուժերի թվում էր, որ ընդդիմությանը կհաջողվի հաղթել Պուտինին, և իր այդ քայլով Ումարովն իր աջակցությունն էր հայտնում հակապուտինյան ընդդիմությանը: Երբ այդ գործողություները դադարեցին կամ այլևս մասսայական չէին, 2013թ. ամռանն Ումարովը հայտարարեց, որ դադարեցնում է քաղաքացիական բնակչության դեմ գործողությունների անցկացման մորատորիումը, և հանդես եկավ Սոչիի օլիմպիադան ձախողելու անհրաժեշտության մասին կոչով:

Հայաստանում բազմաթիվ ռուսական օբյեկտներ կան. Ռուսաստանի դեսպանատունը Երևանում և հյուպատոսարանը Գյումրիում, Գյումրիի 102-րդ ռազմակայանը, ռուսական սահմանապահ զորքերի մի քանի զորամասեր Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, դրանց կենտրոնակայանը Երևանում, Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնը, ռուսական դպրոցը Քանաքեռում, ռուս սպայակազմի համար նախատեսված բնակավայրերը, զինվորական հոսպիտալը, և այլն:

Քանի որ Հայաստանում ահաբեկչության հավանականությունը միշտ փոքր է եղել, կամ չի եղել ընդհանրապես, այս հաստատությունների պաշտպանությունը եղել է ստանդարտ: Որոշ ռուսական հաստատություններ պաշտպանված չեն ընդհանրապես, և այդ հաստատություններ կարելի է ազատ ելումուտ անել: Ահաբեկիչների համար դրանք շատ հեշտ հասանելի թիրախներ են. եթե նրանք ցանկանան ահբեկչություն իրականացնել, ապա հնարավոր է, որ դա նրանց հաջողվի:

Ահաբեկիչների համար մեծ տարբերություն չկա, թե որտեղ են գտնվում իրենց թիրախները` Ռուսաստանի Դաշնությունո՞ւմ, թե՞ Հայաստանում: Ահաբեկիչների համար կարևորն այն է, որ դրանց արդյունքում զոհվեն Ռուսաստանի քաղաքացիներ:

Բացի այդ, եթե նրանց հաջողվի ահաբեկչություն իրականացնել Հայաստանում, ապա կարող են ասել, որ կապ չունի, թե որտեղ են ապրում ռուսները` Ռուսաստանո՞ւմ, թե՞ նրա սահմաններից դուրս, միևնույն է, նրանց կյանքը մշտական վտանգի տակ է:
Որքանո՞վ է իրական ահաբեկչության իրականացման հնարավորությունը, դժվար է գնահատել: Բայց Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը ոչ միայն անվտանգության հավելյալ երաշխիքներ է պարունակում, այլև` հավելյալ ռիսկեր:
Նման ահաբեկչության անցկացումը մինչև վերջերս քիչ հավանական էր, քանի որ չեչենները Հայաստանը համարում էին կովկասյան հանրապետություն և չէին ցանկանա Հայաստանում ահաբեկչություն իրականացնելով` ձեռք բերել հավելյալ թշնամի:

Բայց պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու որոշման պարագայում Հայաստանն այլևս կարող է դիտարկվել` որպես Ռուսաստանի մի մաս: Եթե Հայաստանում գտնվող ռուսական օբյեկտների դեմ ահաբեկչական գործողություններ իրականացվեն, ապա դրան զոհ կգնան ոչ միայն ռուսներ, այլ նաև հայեր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: Այսինքն՝ Հայաստանը կարող է ներքաշվել նոր` ահաբեկչական պատերազմի մեջ:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս