Վահան Հովհաննիսյանը՝ Պուտինի այցի մասին
Օրերս ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարարեց, թե Հայաստանը հաջորդ տարվա փետրվարին պատրաստ կլինի անդամագրվել Մաքսային միությանը: 168.am-ը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե դեկտեմբերին սպասվող՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը կապվա՞ծ է ՄՄ անդամակցության գործընթացի արագացման հետ: Ի պատասխան՝ Վահան Հովհաննիսյանն ասաց, թե նման կերպ կարելի է մեկնաբանել ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի կամ այլ երկրի նախագահի այց Հայաստան՝ միաժամանակ նշելով. «Բնականաբար, յուրաքանչյուր նման այց որոշակի նպատակներ է հետապնդում, այցը լինում է որոշակի անհրաժեշտություններից բխած: Բայց պետք չէ մոռանալ, որ երկու օր առաջ Աժ-ում տեղի ունեցած համատեղ նիստի ժամանակ (խոսքը հոկտեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցած ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի՝ Անկախ Պետությունների Համագործակցության գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի հետ համատեղ նիստի մասին է- Տ.Մ.) մեր արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Շավարշ Քոչարյանը հասատատեց, որ փետրվարին արդեն Հայաստանը պատրաստ է լինելու Մաքսային միությանն անդամակցել՝ բոլոր փաստաթղթային, օրենսդրության և այլ դետալներով հանդերձ: Կապել սա Պուտինի այցի հե՞տ… Չգիտեմ»: Ինչ վերաբերում է մամուլում հնչող այն տեսակետներին, թե Վ. Պուտինը Հայաստան է բերելու «Սմերչ» զինատեսակը, որը ամիսներ առաջ վաճառվել էր Ադրբեջանին, Վահան Հովհաննիսյանը նախընտրեց չանդրադառնալ՝ նշելով. «Այսինքն դուք որոշել եք, որ դա ճշմարտություն է, ես էլ պետք է մեկնաբանեմ: Դուք որտեղից գիտե՞ք, որ «Սմերչ» է բերելու: Ես նման ինֆորմացիան չեմ կարող գնահատել»: