Բաժիններ՝

Ատոմ Էգոյանը և Հայկ Դեմոյանը՝ ցեղասպանության վերաբերյալ առաջին ֆիլմի մասին

Նոյեմբերի 6-ին Կանադայի Տորոնտո քաղաքում աշխարհահռչակ կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրեն Հայկ Դեմոյանի մասնակցությամբ միջոցառում էր կազմակերպվել՝ նվիրված Ավրորա (Արշալույս) Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան» (Ravished Armenia) գրքին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակումների ծրագրերին: Քննարկումը կազմակերպել էր Զորյան ինստիտուտը:

Միջոցառման ժամանակ ցուցադրվեց մի հատված «Հոշոտված Հայաստան» անձայն ֆիլմից, որը նկարահանվել է 1919թ.-ին՝ Հոլիվուդում: Ֆիլմը, որը նաև հայտնի է եղել՝ որպես «Հոգիների աճուրդ», պատմում է Հայոց ցեղասպանության մասին և նկարահանվել է Ավրորա Մարտիկանյանի անձնական կյանքի վերաբերյալ գրքի հիման վրա, և նա նույնպես նկարահանվել է ֆիլմում: Ցեղասպանությունից մազապուրծ եղած կինը նկարահանվում էր մի ֆիլմում, որտեղ նա խաղում էր այն նույն տեսարանները, որոնց ականատես էր եղել: Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել. ցուցադրվել է Վենեսուելայում, ԱՄՆ-ի 23 նահանգներում և այլ վայրերում, ինչի շնորհիվ մեծ հանգանակություն է հավաքվել՝ Ցեղասպանության զոհերի սերունդներին նվիրաբերելու նպատակով:

Հայկ Դեմոյանը պատմեց ֆիլմի և Ավրորա Մարտիկանյանի կյանքի մասին: «Կարելի է ասել, որ Ավրորա Մարտիկանյանը էկրանին մեծ համբավ ձեռք բերած առաջին հայն էր: Ֆիլմում նկարահանված երբեմնի հայտնի հայ կինը, ում անձնական կյանքի պատմության շնորհիվ հսկայական գումարներ էին հանգանակվել օգնության նպատակով, 1994թ.-ին կյանքին հրաժեշտ տվեց միայնակ: Նրա մահից հետո չկար ոչ ոք, որ հարազատ ներկայանար, և այժմ իր մասունքները հուղարկավորված են Լոս Անջելեսում՝ հարազատներ չունեցող հանգուցյալների համար նախատեսված մի փոքր գերեզմանոցում»,- ասաց նա:

ravished-armenia-the-story-of-aurora-martiganian

Կարդացեք նաև

Ատոմ Էգոյանը խոսեց ֆիլմի և դրա հիմքում ընկած պատմության մասին: «Կան մարդիկ, որ կարծում են՝ Արարատ ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին առաջին ֆիլմն է: Դա այդպես չէ, քանի որ Ցեղասպանության վերաբերյալ առաջին ֆիլմը 1919թ.-ին նկարահանված այս ֆիլմն է»,- ասաց Ատոմ Էգոյանը:

Միջոցառման մասնակիցներից շատերն առաջին անգամ էին լսում այս ֆիլմի մասին: Հավանաբար մեր ընթերցողներից շատերն էլ տեղյակ չեն այս ֆիլմի մասին, որը հնարավոր է դիտել համացանցում (YouTube)՝ հետևյալ որոնումով. «Ravished Armenia»:

Կամո Մայիլյան
Տորոնտո-Երևան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս