Միջադեպ ԱԺ-ում. Անվանակռիվ պատգամավորների միջև

Քիչ առաջ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում միջադեպ տեղի ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի միջև: Լևոն Զուրաբյանը՝ խոսելով հանրահավաքների ազատության մասին օրինակ բերեց տարածված կարգախոսներից մեկը՝ «Սերժիկ, հեռացիր», ինչը դուր չեկավ Հովհաննես Սահակյանին: Վերջինս էլ փորձեց պատասխանել՝ ասելով. «Լյովիկ Զուրաբյանն ասում է…»: Սակայն ՀՀԿ-ական պատգամավորի խոսքը կիսատ մնաց, քանի որ Լևոն Զուրաբյանն ընդվզեց՝ պահանջելով իրեն այլևս «Լյովիկ»-ով չդիմել. «Լյովիկը բաբոդ ա, արա, կարգին պահի քեզ այ…»: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ միջամտեց՝ դիմելով Հովհաննես Սահակյանին. «Ինչո՞ւ ես այդպիսի բան անում, ճիշտ չես պահում քեզ, ես խնդրում եմ վիրավորանքներ թույլ չտալ: Ընկերական եմ ասում, մենք ոչ մեկին երբեք չենք վիրավորել, դուք էլ մեզ մի վիրավորեք»:

Հովհաննես Սահակյանն էլ հակադարձեց, թե «որևէ բառ ասելու համար պետք է պատասխանատու լինել»՝ նկատի ունենալով Լ. Զուրաբյանի կողմից «Սերժիկ, հեռացիր» արտահայտությունը:

«Սերժիկը պասպրտով է Սերժիկ, դա վիրավորանք չէ: Բոլոր փաստաթղթերում ինքը Սերժիկ ա»,- հակադարձեց Լ. Զուրաբյանը: Նիստը վարող ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն էլ փորձեց մեղմել լարված իրավիճակը՝ ասելով. «Լյովիկն էլ փաղաքշական է…»:

ՀԱԿ խմբակցության ղեկավարն էլ պահանջեց իրեն դիմել այնպես, ինչպես ամրագրված է իր անձնագրում. «Ես անձնագրով Լևոն Զուրաբյան եմ, ուզում եմ դրա մասին վերջապես տեղեկանաք: Իսկ ինքը իր անձնագրով Սերժիկ ա»:

Կարդացեք նաև

Հովհաննես Սահակյանը թերահավատորեն մոտեցավ Լևոն Զուրաբյանի հայտարարությանը՝ հորդորելով նրան ցույց տալ անձնագրի պատճեն. «Վստահություն չեք ներշնչում, բերեք անձնագրի քսերոքսը՝ տեսնեմ»:

Լևոն Զուրաբյանն էլ հակադարձեց. «Ես ուզում եմ ձեզ ցույց տալ իմ նույնականացման քարտը և տեղեկացնեմ, որ իմ ծնողներն ինձ տվել են «Լևոն» անունը և բոլոր փաստաթղթերում իմ անունը Լևոն է: Հիմա որ ես Ձեզ ասեմ Հովիկ, չե՞ք վիրավորվի… Հովիկ Աբրահամյանին տվել են Հովիկ անունը, ասում ենք՝ Հովիկ, ձեր դեպքում այդպես չէ: Իսկ Սերժ Սարգսյանի դեպքում հրապարկվել են փաստաթղթեր, այդ թվում կոմսոմոլի տոմսը, որտեղ գրված է Սերժիկ Սարգսյան, հիմա դուք վիրավորվում եք նրա ծնողների կողմից տրված անվան համար»:

Դավիթ Հարությունյանն էլ ասաց. «Ըստ պաշտոնական փաստաթղթերի Սերժ Սարգսյան է և աշխատեք ձեռնպահ մնալ աղավաղումներից»:

Արամ Մանուկյանն էլ իր հերթին՝ դիմելով Հովհաննես Սահակյանին ասաց. «Չի կարելի նման բան անել: Էդ ձեր ծիծաղելը, խնդալը… Հովիկ ջան, սա պառլամենտ ա, էդպես գեղեցիկ չի»:

Տեսանյութեր

Լրահոս