Ինչու Սերժ Սարգսյանն «աջակցեց» Ալիևին. Մեկնաբանում է Ալեքսանդր Իսկանդարյան

«Պուտինի` Բաքու կատարած այցի մասին քննարկումներն ավելի շատ վերաբերում են հայկական մամուլին և հայ վերլուծաբաններին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի ինտիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` խոսելով ՌԴ նախագահի ադրբեջանական այցի և Իլհամ Ալիևի հետ նրա հանդիպման մասին:

Ըստ քաղաքագետի` այցն աշխատանքային է եղել և հիմնականում վերաբերել է Ադրբեջանի և Ռուսաստանի տնտեսական և էներգետիկ համագործակցությանը:

«Սա այցի առաջին նպատակն էր, իսկ երկրորդը ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարելավումն էր, քանի որ դրանք բավական խաթարվել էին Գաբալայի ռադիոտեղակայման կայանի հետ կապված պատմության և Ալիևի` Աշխաբադ չմեկնելու և դրանից առաջացած սկանդալի պատճառով»,- ասաց Ա. Իսկանդարյանը:

Քաղաքագետն ավելացրեց, որ իր այցով Ռուսաստանի նախագահը նաև աջակցություն  է ցույց տվել Ադրբեջանի գործող նախագահ Ալիևին` առաջիկա նախագահական ընտրություններում:

Կարդացեք նաև

Ա. Իսկանդարյանը համաձայնեց, որ, անկախ Պուտինի աջակցությունից, Ալիևն ամեն դեպքում կարող է ինքնուրույն վերընտրվել նախագահի պաշտոնում, սակայն, այնուամենայնիվ, կան որոշ նրբություններ, որոնցում ՌԴ նախագահը կարող է օգնել Ալիևին, օրինակ` ադրբեջանական ընդդիմության հետ Ալիևի պայքարում: Նրա խոսքերով` Ադրբեջանի ընդդիմության առաջնորդներից Ռուստամ Իբրահիմբեկովը, ով ցանկանում էր առաջադրվել նախագահական ընտրություններում, սակայն խնդիրներ ունի իր թեկնածության գրանցման հետ` միաժամանակ Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքացիություն ունենալու պատճառով, կարող է շատ արագ ստանալ տեղեկանք, որ դադարում է լինել ՌԴ քաղաքացի, և նաև այդ գործընթացը կարող է շատ դանդաղ տևել:

«Իսկ դրանից կախված է, թե արդյոք (Ալիևը) ստիպված կլինի շատ մարդկանց ծեծել ընտրությունների ժամանակ, թե ոչ»,- նշեց Իսկանդարյանը:

Այսպիսով, Ա. Իսկանդարյանը համոզմունք հայտնեց, որ Ի. Ալիևը կվերընտրվի 3-րդ անգամ, միայն թե դժվարացավ նշել, թե քանի տոկոս ձայն կստանա. «կաշխատի՞ սովորական ադրբեջանական ռեֆլեքսը, որ Ալիևը ստանա 120 տոկոս, թե՞ նա ավելի քիչ ձայն կհավաքի»:

Լրագրողներից մեկի խնդրանքով` Ա. Իսկանդարյանը մեկնաբանեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` օգոստոսի 17-ին Ադրբեջանի նախագահական ընտրությունների մասին արած հայտարարությունը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը նշել էր, թե Հայաստանի համար ամենաձեռնտուն կլիներ, որ գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթեր ընտրություներում:

Ըստ քաղաքագետի` Սերժ Սարգսյանի այս քայլը տարբեր ուղղությունների համար էր հաշվարկված:

«Դժվար թե Ալիևի համար հաճելի լիներ, որ իրեն աջակցում է այնպիսի ոխերիմ թշնամի, ինչպես Սերժ Սարգսյանն է: Սրանով նաև միջազգային հանրությանն ուղարկվեց ազդանշան, որ Ադրբեջանում մեզ պետք է կայունություն, և Ադրբեջանում գործող իրավիճակը միանգամայն ձեռնտու է Հայաստանի համար»,- մեկնաբանեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Տեսանյութեր

Լրահոս