Վիրավորված Արտակ Բուդաղյանը չգիտի, որ եղբայրը սպանված է
Հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց կրակոցների արդյունքում վիրավորված Արտակ Բուդաղյանը, ով շարունակում է ՊՆ կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալի վերականդանացման բաժանմունքում մնալ, չգիտի եղբոր` Ավետիք Բուդաղյանի մահվան մասին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց հոսպիտալի պետ, փոխգնդապետ Արամ Ասատուրյանը:
Վերջինս նշեց, որ ելնելով Արտակ Բուդաղյանի առողջական վիճակի կայունության պահպանման նկատառումներից՝ հիվանդին մահվան լուրը չեն հաղորդում, որովհետև այն կարող է լինել վտանգավոր ու անսպասելի արձագանքի առիթ դառնալ: Փոխգնդապետը հայտնեց նաև, որ իրենք իրավասու չեն արգելել հարազատներին չհայտնել հիվանդին եղբոր մահվան մասին, բայց խորհուրդ են տալիս մինչ հիվանդասենյակ տեղափոխելը պահպանել այդ ինֆորմացիան Արտակ Բուդաղյանից: Նշենք նաև, որ Արտակ Բուդաղյանին մինչ օրս այցելել է միայն մեկ անգամ կինը, բուժող բժիշկը և այլ կոմպետենտ անձինք: Հիշեցնենք, որ այսօր Գորիսում տեղի է ունեցավ Ավետիք Բուդաղյանի թաղման արարողությունը: