Իրանցիներին Սյունիքում արոտավայրեր չի վաճառվելու

Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Իրանի Ատրպատական նահանգի և Սյունիքի մարզպետարանի միջև կնքված հուշագրի կենսունակությանը, նշել է, թե դա ընդամենն օրենքի ուժ չունեցող փաստաթուղթ է:

«Ընդամենն այց է կատարվել դեպի Իրան: Ուղղակի այդ այցի ընթացքում, եթե ուշադիր հետևել եք, կիմանաք, որ 2012թ. միջիրանական և հայկական կառավարական նիստ է եղել: Իրանցիներն առաջարկում են մանր եղջերավորների ֆերմա ունենալու մեզ մոտ: Երբ մենք հանդիպել ենք, իրենք իրենց առաջարկություններն են կատարել, մենք ասել ենք, որ դա հետագայում կդնենք քննարկման: Հողը պատկանում է համայնքներին, մարզպետարանը հող չունի: Ո՛չ մարզպետը, ո՛չ էլ վարչության պետը հող տալու իրավունք չունեն»,- նշել է Ս. Թանգյանը:

Նրա խոսքով՝ Սյունիքի մարզում ոչխար վաճառելու խնդիր կա: «Մեր մարզում մոտ 30.000 գլուխ ոչխար ծախելու խնդիր ունենք: Ասել ենք՝ ուզո՞ւմ եք՝ մեր մոտի ոչխարներն առնեք, տեղում սպանդի ենթարկեք, տարեք: Ո՛չ հողը տալու, ո՛չ վաճառելու խնդիր չկա»:

Իսկ հարցին, թե ինքը՝ որպես մարզի բնապահպանության վարչության պետ, համամի՞տ է այն պնդումներին, որոնց համաձայն՝ իրանցիների՝ մարզում ոչխարաբուծությամբ զբաղվելն առաջ է բերելու ազգային անվտանգության խնդիր, Ս. Թանգյանը պատասխանել է. «Նախ, եթե գալու լինեն, դա մենք չենք կարող որոշել: Դրա մասին տեղյակ են լինելու թե՛ Արտաքին գործերի նախարարությունը, թե՛ անվտանգությունը: Էդ պայմանագիրը հենց ընենց չի կնքվել, որ երկու պետությունների միջև կնքվի ինչ-որ Թանգյան Սամվելի կամ ինչ-որ մեկի ուզելով: Երբ տեսնեն, որ նման խնդիր կա, բնական է, որ պայմանագիր չի կնքվի: Իսկ ո՞վ է ասում, որ պայմանագիր պիտի կնքվի: Առայժմ իրենց կողմից է առաջարկությունը և մենք քննարկում ենք այն: Իրենք առաջարկում են, ուզում են, որ արոտավայրեր վարձակալեն, մանր եղջերավորների ֆերմա ունենան»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս