Տարօրինակ դիսբալանս
Հայաստանի տնտեսության մեջ մեծ դիսբալանս է առաջացել։ Տնտեսությունը երկնիշ տեմպերով աճել է, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը՝ նվազել։
Տարվա առաջին կեսին տնտեսական ակտիվության աճը կազմել է 11,4 տոկոս, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 2,7 տոկոսով։
Անցած տարի արտադրվել էր 4 մլրդ 387 մլն կվտժ, այս տարի՝ 4 մլրդ 270 մլն կվտժ հոսանք՝ 117 միլիոնով ավելի քիչ։
Տնտեսության իրական զարգացումների պայմաններում, նման բան չի կարող լինել։ Եթե տնտեսությունն աճում է, այն էլ՝ երկնիշ, էլեկտրաէներգիայի արտադրությունը չի կարող կրճատվել։
Սա ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, եթե ավելանար սպառումը։ Բայց սպառումն էլ է կրճատվել։
Նվազել է ոչ միայն ներքին արտադրությունը, այլև ներմուծումը։ Այս տարի ավելի քիչ էլեկտրաէներգիա է ներկրվել, քան ներկրվել էր անցած տարի։
Անցած տարի ներկրվել էր 107 մլն կիլովատտ, այս տարի ներկրվել է՝ 64,5 միլիոն կիլովատտ։
Այսինքն՝ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների կրճատումը կապված չէ ներմուծված էլեկտրաէներգիայի հաշվին հավելյալ պահանջարկը բավարարելու հետ։
Կրճատվել է նաև էլեկտրաէներգիայի արտահանումը։ Ոչ վաղ անցյալում, իրար հերթ չտալով, գլուխ էին գովում, թե անցած տարի Հայաստանից ավելի շատ էլեկտրաէներգիա է արտահանվել Վրաստան, քան նախորդ 10 տարիներին։ Հայտարարում էին, թե դա իրենց իրականացրած շուկայի ազատականացման արդյունքն է, արտահանողները հնարավորություն են ստացել ավելի պարզեցված մեխանիզմներով դա իրականացնել, ինչն էլ հանգեցրել է արտահանման ծավալների այդպիսի աճերի։
Այս տարի արտահանման ծավալները նվազել են, այլևս որևէ մեկը ձեն-ծպտուն չի հանում։
Հարց է առաջանում, եթե անցած տարի արտահանման ավելացումը շուկայի ազատականացման արդյունք էր, ինչո՞ւ է այդ ազատականացման պայմաններում այս տարի արտահանումը նվազել։ Սրան բացատրություն պիտի՞ լինի, թե՞ ոչ։
Փաստն այն է, որ էլեկտրաէներգիայի արտահանումը Հայաստանից նվազել է։
Անցած տարվա առաջին կեսին արտահանվել էր 877,7 միլիոն կիլովատտ, այս տարի արտահանվել է 760,6 միլիոն կիլովատտ։ Արտահանումը կրճատվել է 13,3 տոկոսով։ Տարբերությունը կազմել է 117,1 միլիոն կիլովատտ։
Առաջին կեսին էլեկտրաէներգիայի արտադրության, արտահանման և ներմուծման հաշվեկշիռն անկումային է։ Անցած տարի կազմել էր 3 մլրդ 616,6 մլն կվտժ, այս տարի կազմել է 3 մլրդ 574 մլն կվտժ։
Էլեկտրաէներգիայի ներքին սպառման հաշվեկշիռը բացասական է, բայց տարօրինակ ձևով տնտեսական ակտիվության երկնիշ աճ ունենք, որով այդքան հպարտանում են իշխանությունները։ Այնինչ՝ այս դիսբալանսը նշանակում է, որ տնտեսական ակտիվության աճը կապված չէ տնտեսության իրական զարգացումների ու արտադրական հատվածի աճերի հետ։
Տնտեսությունը 11,4 տոկոսանոց ակտիվության պայմաններում ավելի քիչ էլեկտրաէներգիա է կլանել։ Իսկ աճերը, որոնք արձանագրվել են, դուրս են եղել իրական տնտեսությունից։
Իրական տնտեսությունն ու տնտեսության արտադրական հատվածը մի բան էլ կորցրել է սպառումը։ Դրանով է պայմանավորված էլեկտրաէներգիայի ներքին արտադրության ու սպառման հաշվեկշռի նվազումը։
Ներքին արտադրությունը նվազել է ներքին սպառման կրճատման պատճառով։ Բայց դա կարող էր և չլինել, եթե ավելանար արտահանումը։ Այնինչ՝ արտաքին շուկաներում այսօր Հայաստանն արտահանման քիչ հնարավորություններ ունի։
Հիմնական շուկաները երկուսն են՝ իրանականը և վրացականը։ Ընդ որում, առաջինն աշխատում է բացառապես բարտերային փոխանակումների մեխանիզմով, իսկ վրացականի պահանջարկը մեծ չէ։ Այն հիմնականում սեզոնային բնույթ ունի։ Թեև միշտ չէ, որ դա էլ աշխատում է։
Այլ կլիներ իրավիճակը, եթե գործարկվեր տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական միջանցքը։
Բայց դա էլ ամբողջությամբ ձախողել են։
Իշխանությունների դանդաղկոտության պատճառով Հայաստանը գրեթե դուրս է մնացել տարածաշրջանում էներգետիկ համագործակցությունից, որը նախատեսվում էր Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ձևաչափով։
Այնպես արեցին, որ ավելի ակտուալ է դարձել Իրան-Ադրբեջան-Ռուսաստան գիծը։
Բոլորովին վերջերս Իրանը, Ադրբեջանը և Ռուսաստանը Մոսկվայում եռակողմ հանդիպման ժամանակ քննարկում էին իրենց երկրների էլեկտրացանցերի միավորման հարցերը, դիտարկում նախագծերի իրականացման տեխնիկական հնարավորություններն ու միջոցները։
Այնինչ՝ Հայաստանը, որը մի ժամանակ տարածաշրջանի երկրների էներգետիկ համագործակցության առանցքում էր, մղվել է հետին պլան։ Ու դրա հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ չկան Հայաստանի միջոցով համագործակցության բավարար ենթակառուցվածքներ։ Վաղուց արդեն պիտի կառուցված լինեին ոչ միայն Իրան-Հայաստան երրորդ, այլև Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծերը։ Իրան-Հայաստանի կառուցումը պիտի ավարտվեր 2019թ., մինչև հիմա չի ավարտվել։ Իսկ Հայաստան-Վրաստանը նույնիսկ չի էլ մեկնարկել։ Այնինչ՝ մինչև այս մարդկանց իշխանության գալը, մեծածավալ աշխատանքներ էին կատարված։ Բայց, ինչպես բազմաթիվ այլ ծրագրերի պարագայում, այս մեկն էլ ձախողեցին։
Ու այդքանից հետո Նիկոլ Փաշինյանը խոսում է էլեկտրաէներգետիկայի ոլորտում Հայաստանի յուրօրինակ տարածաշրջային հանգույց դառնալու հնարավորության մասին։
«Ելնելով ներկա աշխարհաքաղաքական իրողություններից՝ անհրաժեշտ է էներգետիկ օրակարգի նոր մոտեցում։ Ներկայումս Հայաստանում ակտիվ աշխատանք է տարվում էլեկտրաէներգիայի շուկայի աստիճանական ազատականացման ուղղությամբ, ինչը նոր հնարավորություններ և բարենպաստ պայմաններ է ստեղծում էլեկտրաէներգիայի միջպետական առևտրի համար։ Մենք զարգացնում ենք արտադրական հզորությունները, իրականացնում ենք ենթակայանների և էլեկտրահաղորդման գծերի լայնածավալ վերակառուցում, Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծերի կառուցում, որոնք նպաստում են «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ ուղու ձևավորմանը և նոր հնարավորություններ ստեղծում էլեկտրաէներգիայի արտահանման, ներմուծման, տարանցման կամ սեզոնային փոխանակման ավելացման համար։ Այսպիսով, Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի յուրօրինակ տարածաշրջանային հանգույց»,- վերջերս Սոչիում կայացած Եվրասիական երրորդ կոնգրեսում ասում էր Նիկոլ Փաշինյանը։
Այն պարագայում, երբ իրենց կարճատեսությամբ՝ այդ հնարավորությունը հինգ տարի առաջ ձեռքից բաց են թողել։ Ու դեռ հարց է, թե ինչքանո՞վ հնարավոր կլինի այն կրկին հետ բերել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ