«2 օր է՝ գիշերները չեն կրակում, դրանք արդեն այլ ուղղությամբ են հնչում». Խոզնավարի վարչական ղեկավար

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Ադրբեջանական գործողությունները սահմանամերձ ուղղություններում` հատկապես Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով առավել թիրախային են դառնում»։

Իրավիճակը հատկապես Սյունիքի ուղղությամբ թշնամին լարված է պահում անկանոն կրակոցներով, երբեմն էլ՝ թիրախավորված։ Հայկական կողմից այդ կրակոցները պատասխան չեն ստանում։ 1 ամսից ավելի է՝ այդ կրակոցները պարբերաբար հնչում են նաև Գեղարքունիքի մարզի ուղղությամբ։

Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքարյանի խոսքով՝ գյուղում 2 գիշեր է՝ կրակոցներ չկան, դրանք արդեն այլ ուղղությամբ են հնչում, ձայները գյուղում հեռվից են լսվում։

«Երեկ ու այսօր չեն կրակել, 2 օր է՝ գիշերները չեն կրակում, վերջին շաբաթների ընթացքում առաջին անգամ է, որ չեն կրակում։

Կարդացեք նաև

Կրակոցներ այլ ուղղությամբ, իհարկե կան, մենք հեռվից գյուղում ձայները լսում ենք, բայց կոնկրետ մեր գյուղի ուղղությամբ, 2 օր է՝ չկան։ Դե, ձայներն են, էլի, որ գյուղերում բնակիչները լսում են։ Ընդհանուր առմամբ գյուղում նորմալ է վիճակը»,- 168.am հետ զրույցում նշեց Վահան Զաքարյանը։

Նշենք, որ ապրիլի 20-ի գիշերն ադրբեջանական կողմը կրակ էր բացել Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը: Դրանից առաջ էր կրակել էր Խնածախ գյուղի  ուղղությամբ՝ վնասելով մշակույթի տան տանիքը։

Հիշեցնենք՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի դեկտեմբերի 18-ին, Նիկոլ Փաշինյանի հրահանգով հայկական զորքերը հետ քաշվեցին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բարենպաստ դիրքերից, և դրանք հանձնվեցին թշնամուն, երկու մարզերում էլ խաղաղ բնակիչները հայտնվեցին թշնամու թիրախում։

Տեսանյութեր

Լրահոս