Արդեն 4-5 օր է` թշնամին երեկոյան ժամերին պարբերաբար կրակում է ՀՀ սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ. Իրավիճակը Խոզնավարում ու Արավուսում

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 8-ին, ժամը 22:50-ին՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 22:55-ին՝ Խոզնավարի (Սյունիքի մարզ) հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն  կրակ է բացել ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ:

Միևնույն ժամանակ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր ապրիլի 8-ին, ժամը 23։35-23։45-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը»,- https://168.am/2024/04/09/2023316.html նշված է ՀՀ ՊՆ-ի հայտարարության մեջ։

168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Արավուս գյուղի ղեկավար Արթուր Ջհանգիրյանն ասաց, որ տվյալ պահին ընդհանուր վիճակը հանգիստ է, բայց գիշերային ժամերին կրակոցներ լինում են։

Կարդացեք նաև

«Այդ կրակոցները գյուղին չեն հասել, չեմ կարող ասել՝ կրակոցներն անկանո՞ն են, թե՞  թիրախավորված, այս հարցին կարող է Պաշտպանության նախարարությունը պատասխանել։

Փառք Աստծո, այդ կրակոցները գյուղին չեն հասել ու վնաս չեն տվել»,- նշեց Արավուսի ղեկավարը։

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ վիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է, բայց պարբերաբար արձակվող կրակոցները մարդկանց մոտ վախեր են առաջացնում։

«Ինչպե՞ս կարող է վախեր չառաջացնել։ Այդ կրակոցները գյուղատնտեսական աշխատանքներ կատարելուն էլ կխանգարեն»,- շեշտեց Արթուր Ջհանգիրյանը։

Խոզնավարում նույնպես այս պահին իրավիճակը հանգիստ է, սակայն գիշերը թշնամին պարբերաբար կրակել է։

168.am-ի հետ զրույցում Խոզնավարի ղեկավար Վահան Զաքարյանն ասաց.

«Կրակոցներ ամեն օր էլ լինում են, երեկոյան ժամերին՝ ժամը 22։00-ից սկսած, բայց այս պահին այդքան վտանգավոր բաներ չկան։ Ուղղակի այդ կրակոցների ձայները գյուղում լսվում են, դրանք պարբերական բնույթ են կրում՝ արդեն 4-5 օր ամեն երեկո այս վիճակն է։

Դե, բնակիչները սովորել են, բայց վախը կա, գուցե չարտահայտվեն, բայց այդ վախը կա»։

Նշենք, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանն անընդհատ սադրանքների է դիմում Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերի տարբեր հատվածներում։ Տավուշում և Տեղ գյուղում թշնամու կրակոցներից տներ ու քաղաքացիական մեքենա է վնասվել։

Տեսանյութեր

Լրահոս