Փաշինյան-Պուտին հանդիպման գլխավոր հարցը․ ի՞նչ կպատասխանի ռուսական կողմը
Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ապրիլի 1-ին աշխատանքային այցով մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ ՀՀ Կառավարության հաղորդմամբ, այցի շրջանակում Մոսկվայում տեղի կունենա Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ:
Օրերս՝ մարտի 23-ին, հայտնի դարձավ, որ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց։ Ռուսական պաշտոնական Կրեմլինի հաղորդագրությունից պարզ դարձավ, որ զրույցի նախաձեռնողը եղել է հայկական կողմը։
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել էին երկկողմ օրակարգի շրջանակին վերաբերող հարցեր և պայմանավորվել առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով։
Մի քանի օր անց Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ինքը ՌԴ նախագահից հանդիպում է խնդրել, և քննարկվել է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիան երրորդ կողմին փոխանցելու հարցը։ «Ես ՀՀ վարչապետն եմ և ես ինձ հաշիվ եմ տալիս, թե ինչ պետություն է ՌԴ-ն, ինչ պետություն է ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, ինչ է ԵՄ-ն։ Գիտեք, սովորաբար ես եմ իրենցից հանդիպում խնդրում և ոչ թե՝ հակառակը, և դա նորմալ է։ Այո՛, ես խնդրում եմ բոլորին էլ հանդիպել, և դա բացարձակապես ո՛չ ամոթ է, ո՛չ էլ նվաստացուցիչ է»,- ասել էր նա։
Փաշինյանը նշել էր՝ չի հիշում, որ նման հանդիպում նախաձեռնվի և ոչ իր խնդրանքով։ Փաշինյանն անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք հաստատում է, որ Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ բարձրաձայնել է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիան երրորդ կողմին փոխանցելու հարցը և ժամկետների հարց է դրվել՝ նշեց, որ ժամկետ չկա․
«Բայց այնպես էլ չէ, որ անժամկետ է, հույս ունենք գործընկերային այդ հարցին լուծում տալ»։
Արդյո՞ք հաստատում է, որ քննարկվում է կոնցեսիան ղազախական ընկերությանը փոխանցելու հարցը՝ Փաշինյանը պատասխանել էր. «Մեր և ՌԴ-ի միջև կա փոխադարձ ըմբռնում, և ղազախական ընկերությունը երկուսիս համար էլ ընդունելի է… Բայց ՌԴ-ի գործընկերները դեռ չեն ասել՝ «լավ, համաձայն ենք, եկեք տենց անենք», քննարկումն այլ ռեժիմով է, բայց տենց գաղափարներ կան քննարկվող, առաջնահերթություններ չկան, հարցը չի քննարկվում, թևածող գաղափարներ կան»։
Դեռևս փետրվար ամսին հայտնի դարձավ, որ Փաշինյանը ցանկանում է, որպեսզի Ռուսաստանը Հարավկովկասյան երկաթուղիների կառավարումը հանձնի, վաճառի մի երրորդ երկրի։ Նա ընդգծել էր․ «Ռուսաստանի կողմից եկաթուղու կառավարման բերումով մենք ռազմավարական մեր դիրքերի կորուստ ենք ունենում ու մրցակցային առավելության կորուստ ենք ունենում»։ «Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություն ունի և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի հետ, ուղղակի գնի Ռուսաստանից կոնցեսիոն կառավարման իրավունքը»,- հավելել էր նա։
Ըստ էության, խոսքը Ղազախստանի մասին է, որը սերտ համագործակցություն ունի Ադրբեջանի հետ, վերջերս կան հարաբերությունները սերտացնելու միտումներ նաև Հայաստանի հետ, Ղազախստանն ունի նաև բնականոն հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ։
Սակայն ՌԴ-ն ԱԳՆ մակարդակով տարօրինակ էր համարել Փաշինյանի առաջարկը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, թե Հայաստանի երկաթուղային ցանցը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կառավարման տակ է արդեն ավելի քան 20 տարի։ Նա տեղեկացրել էր, որ այդ ընթացքում ռուսական ընկերությունը ոչ միայն կայուն կերպով կատարում է իր կոնցեսիոն պարտավորությունները, այլև զգալի միջոցներ է ներդնում ենթակառույցների և շարժակազմի արդիականացման նպատակով։
«Երևանում, սակայն, այս մասին կարծես թե մոռացել են», – հայտարարել էր Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը։
Մարիա Զախարովայի խոսքով՝ «երկաթուղիների ռուսաստանյան օպերատորն այն կառույցն է, որ ոչ թե զրկում է Հայաստանին մրցակցային հնարավորություններից, այլ ստեղծում է դրանք»:
«Ինչ վերաբերում է հայկական երկաթուղիների՝ Ադրբեջան և Թուրքիա գնացող երկու հատվածների՝ Երևանի խնդրանքով վերականգնման վերաբերյալ մեր մոտեցմանը, ապա այն փետրվարի 12-ին հստակորեն արտահայտել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Մենք այդ տեսակետին էլ հավատարիմ կմնանք»,- հայտարարել էր Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Իսկ փետրվարից էլ վաղ Երևանը Մոսկվային դիմել էր խնդրանքով վերականգնել երկաթուղային որոշակի հատվածներ, որին ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը դրական էր արձագանքել։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ չնայած ԵՄ ինտեգրացիայի արտաքին քաղաքականությանը, որը անորոշ ապագա ունի, Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ է, և Ռուսաստանը շարունակում է առանցքային գործընկեր մնալ։ Ուստի, ըստ նրա, հայկական կողմը փորձում է ցույց տալ, որ կան շփումներ նաև ռուսական կողմի հետ, քանի որ Բրյուսելի ու Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ շփումները կրում են հաճախ ու ինտենսիվ բնույթ։

«Իսկ Ռուսաստանի դեպքում դրված է խնդիր պահպանելու շփումներն աշխարհաքաղաքական տուրբուլենտության պայմաններում։ Բացի այդ, կան բազմաթիվ ընթացիկ հարցեր, որոնք կքննարկվեն՝ թե ԵԱՏՄ-ին առնչվող, թե երկաթուղուն։ Կարծում եմ՝ այս մասով խոսակցություն կծավալվի, դա կլինի առանցքային թեմաներից մեկն այս հանդիպման, սակայն, թե ինչ արդյունքով կհանգուցալուծվի, բարդ է ասել, քանի որ ռուսական կողմն այդ առնչությամբ արդեն բացասական դիրքորոշում մեկ անգամ հայտնել է։ Սակայն այս անգամը մի փոքր այլ է, քանի որ հարցը քննարկվելու է հանդիպման ընթացքում։ Պետք է հստակեցնել, որ, իմ կարծիքով, ռուսական ներկայությունն այդ ոլորտից ևս դուրս բերելն աշխարհաքաղաքական խնդիր է, ոչ թե բարդություն այլ երկրների համար Հայաստանի հետ համագործակցության տեսանկյունից։ Եվ սա ամբողջությամբ տեղավորվում է ՀՀ վերջին տարիների արտաքին քաղաքականության շրջանակում»,- նման տեսակետ հայտնեց Սիմոնովը։
Նա դժվարացավ ասել, թե ինչպիսին կլինի ՌԴ պաշտոնական արձագանքը ՀՀ-ի նման խնդրանքին։ «Կարծում եմ՝ կարճ ժամանակ անց պարզ կդառնա կամ գուցե հեռախոսազրույցի ընթացքում ձեռք է բերվել որոշակի ընդհանուր ընկալում»,- ասաց նա։
Վերլուծաբանը գտնում է, որ այս շփումը պատահական չէ նախաձեռնվել հենց այս շրջանում, երբ որոշ ժամանակ անց ՀՀ-ում սպասվում են արևմտյան միջոցառումներ, բարձրաստիճան այցեր։
«Մի կողմից՝ Երևանը սերտացնում է հարաբերություններն Արևմուտքի հետ, մյուս կողմից՝ փաստորեն չի կարող անտեսել Մոսկվայի հետ առկա խորը հարաբերությունները հատկապես տնտեսական ու էներգետիկ ոլորտներում։ Այս ամենը հաշվի առնելով՝ պահպանվում է ուղիղ երկխոսությունը, սակայն Երևանի քաղաքական հարաբերությունները սերտանում են Արևմուտքի հետ։ Ռուսաստանն էլ արտաքին քաղաքական իր նպատակահարմարություններն ունի, ՌԴ մոտեցումները ևս շատ են փոխվել, ուստի ամեն հարց էլ ենթակա է քննարկման»,- ասաց Սիմոնովը։



