Առանց գովազդի էլ հարևանի, բարեկամի հորդորով հաճախ են դեղեր գնում մեր բնակիչները. դեղատների աշխատակիցներ
Կառավարությունը «Գովազդի մասին» և կից ներկայացված օրենքներում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել, որը վերաբերում է դեղերի արտաքին գովազդին։ Կառավարության հոկտեմբերի 6-ի նիստում նախագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ այժմ գործող օրենսդրությամբ արգելվում է արտաքին գովազդային վահանակների միջոցով դեղերի գովազդը, ինչը որոշակի խոչընդոտներ է ստեղծում դեղերի վերաբերյալ տեղեկատվությունը բնակչությանն առավել հասանելի դարձնելու առումով:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հավելել է, որ գովազդի թույլտվությունը միայն առանց դեղատոմսի դուրս գրվող դեղերին է վերաբերում, որոնց շրջանակը շատ նեղ է, և գովազդի թույլտվության պայմանները բավական խիստ են:
«Մենք մեր գործընկերների հետ կաշխատենք նախագծի ուղղությամբ՝ մեր քաղաքացիներին հավելյալ ինքնաբուժման կամ բուժման ոչ պատշաճ սխեմաների խրախուսելուց հետ պահելու համար։ Սա ևս կարևոր է։ Ամեն ինչ անելու ենք, որ այս որոշումը որևէ կերպ չվնասի մեր սպառողների իրավունքներին»,- ընդգծեց Ավանեսյանը:
Դեղատների աշխատակիցներից մի քանիսը 168.am-ի հետ զրույցում նախագծի վերաբերյալ իրենց կարծիքը հայտնեցին, որ դա կմեծացնի մրցակցությունը, որովհետև մինչ այս շատ ֆիրմաների ներկայացուցիչներ աշխատել են բուժհաստատությունների, բժիշկների հետ:
Մեր հարցին՝ չնայած խոսքն առանց դեղատոմսի դուրս գրվող դեղերին է վերաբերում, ամեն դեպքում ռիսկային չէ՞, որ ինչ դեղ ասես կգովազդեն, ու մարդիկ առանց բժշկի գնալու՝ կգնեն, մեր զրուցակիցները փաստեցին, որ առանց գովազդի էլ հարևանի, բարեկամի հորդորով հաճախ են դեղեր գնում մեր բնակիչները: Փոխանցեցին նաև, որ կա քաղաքացիների մի հատված, որը միայն բժշկի նշանակած դեղն է պահանջում ու, եթե նույն դեղի մյուս տեսակներ են դեղատանն առաջարկում, որոնք նույն ազդեցությունն ունեն՝ չեն գնում:
Մեր զրուցակիցներն ընդգծեցին՝ բժիշկն ընդհանրապես իրավունք չունի դեղի անունը գրել. միայն քիմիական, այսինքն՝ միջազգային անվանումը պետք է գրի:
«Առաջիկայում կլինի էլեկտրոնային տարբերակը, դեղատան աշխատողը կբացի, կտեսնի, որ բժիշկը գրել է քիմական, միջազգային անվանումը, ցույց կտա գնորդին դեղերը, ու կընտրեն: Չնայած բժիշկներն էլ հնարավոր է՝ դժգոհեն, որը արդարացի կլինի: Կասեն՝ այս դեղի տեսակը կատարելագործված է, և ուզում եմ հենց դա խմի պացիենտը: Բայց այս հարցն էլ կարելի է լուծել. բժիշկը գրի դեղի քիմիական անունը, կողքն էլ այն պրեպարատը, որն իր կարծիքով՝ ցանկալի է օգտագործի տվյալ մարդը»,- նշեցին մեր զրուցակիցները: