«Ինձ մեր Քաշաթաղի բնակիչները զանգում, հարցնում են՝ ի՞նչ ենք անելու, պատասխանում եմ՝ չգիտեմ, թող գան տունս վերցնեն իրենց։ Ամենաշատը ես նրանից եմ վիրավորվում, որ այսքան քաշքշուկներից հետո, տուն ստեղծես, որ մտածես՝ երեխաներդ տուն ունեն, ու հանկարծ այսպիսի բաներ անեն։ Սա խայտառակություն է, պետք է չլռենք, սա բոլորի խնդիրն է։ Սյունիքում էլ հիմա ամեն օր կրակոցներ են, պատկերացնո՞ւմ եք, մտնես Կոռնիձորի գերեզմանոց՝ լացես, թուրքը քեզ տեսնի, հետո հասնես տուն, մտածես՝ սա քո տունը չէ, ամեն պահի գալու են դուրս հանեն»,- ընդգծեց Աիդա Ավագյանը։
Նախորդ շաբաթ նա բանկից զանգ է ստացել, որ պարտքեր ունի կուտակված և պետք է վճարի, քանի որ տան հիփոթեքն արդեն ոչ թե պետությունը, այլ ինքը պետք է վճարի։ Սկզբում մտածել է՝ խաբեություն է, փորձում են իրենից ինչ-որ հաշվեհամարներ վերցնել, սակայն երկրորդ անգամ բանկից հաստատել են՝ ունի չվճարած պարտքեր։