
«Բանկից «sms» են ուղարկել զոհված զինծառայողների 90 ընտանիքների, որ՝ վերցրեք ձեր գրաֆիկը, սկսեք արդեն վճարումները, սա խայտառակություն է». Արցախից բռնի տեղահանված

2022 թվականի օգոստոսին Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված Աիդա Ավագյանը մոտ 1,5 ամիս առաջ բարձրաձայնել էր, որ պետությունն իր ստանձնած պարտավորությունները չի կատարում, որի արդյունքում զոհված զինծառայողների մոտ 90 ընտանիք բախվել է մեծ խնդրի։
Այսպիսով՝ երբ այս ընտանիքները Բերձորի հանձնումից հետո դուրս էին եկել Արցախից, նրանց տրամադրվել էր բնակարանների սերտիֆիկատներ, նաև Արցախի Կառավարության որոշում, որ եթե, օրինակ, տրամադրված գումարով բնակիչը չկարողանա բնակարան գնել, հավելյալ գումարի պարտավորությունն Արցախի կառավարությունը կվերցնի իր վրա։ Արցախի Հանրապետությունը 1 տարի իր պարտավորությունները կատարել է, վճարումներն արել է, սակայն 2023 թվականից հետո, երբ Արցախն ամբողջովին հանձնվեց Ադրբեջանին, նոյեմբերից սկսած՝ որևէ վճարում չի իրականացվել։ Բանկից արդեն ծանուցում են ստացել զոհվածների ընտանիքները, այդ ծրագրից 90 ընտանիք է օգտվել, որպեսզի մինչև մայիսի 5-ը գնա բանկ ու վերցնի վարկը վճարելու գրաֆիկը։
«Մի քանի օր առաջ բանկից «sms» են ուղարկել բոլոր զոհված զինծառայողների 90 ընտանիքներին, որ վերցրեք ձեր գրաֆիկը, որպեսզի սկսեք արդեն վճարումները կատարեք, չվճարելու դեպքում տվյալները կուղարկվեն Կենտրոնական բանկ՝ վարկային ռեգիստր»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աիդա Ավագյանը։
Նա նշեց, որ չի ցանկանում գնալ բանկ ու վերցնել այդ գրաֆիկը, քանի որ ի վիճակի չէ մոտ 300.000 դրամ ամսական վճարել բանկին։ Գրաֆիկն էլ վերցնելու համար պետք է Գորիսից, որտեղ բնակվում է, հասնի Կապան։
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը խնդրի մասին տեղյակ է, սակայն որևէ կերպ չի արձագանքել։
«Որպես զոհվածի ընտանիք, ստանում եմ մոտավորապես 312.000 դրամ, բայց ես ունեմ 4 երեխա, որոնցից մեկը հաշմանդամության խնդիր ունի։ Այդ հիփոթեքը ես առնվազն 20 տարի պետք է վճարեմ, սրան գումարենք նաև այն վճարները, որոնք 1,7 ամիս չեն վճարվել։
Ես վճարման մասին որևէ փաստաթուղթ չեմ ստորագրել, ստորագրողը եղել է պետությունը։
Ինքս Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի հետ եմ խոսել, ասաց, որ բանկն ինչ-որ 1 ամսով երկարաձգել է վճարումների ժամկետը, մինչև ՀՀ կառավարությունը հստակ որոշում կատարի, բայց Կառավարությունից արձագանք չկա։ Նիկոլ Փաշինյանին նույնիսկ 4 էջանոց նամակ եմ գրել, որ պետք է Սյունիք գար, պետք է Գորիս մտներ, չի էլ մտել»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Նա տարակուսած է՝ ինչո՞ւ է պետությունն իրենց հետ այսպես վարվում, տունը, որը Գորիսում գնել է՝ գրանցված է Հայաստանում, իր անձնագիրը ՀՀ անձնագիր է, Կառավարության լռությունն անհասկանալի է։
«Ամուսինս երբ կռվել է, մտածել է, որ բոլորիս համար է կռվում։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ պատերազմը սկսվեց, իր երեխաներին թողել, գնացել է դիրքեր, հիմա ինչո՞ւ են մեզ հետ այսպես վարվում։
Ինձ մեր Քաշաթաղի բնակիչները զանգում, հարցնում են՝ ի՞նչ ենք անելու, պատասխանում եմ՝ չգիտեմ, թող գան տունս վերցնեն իրենց։ Ամենաշատը ես նրանից եմ վիրավորվում, որ այսքան քաշքշուկներից հետո, տուն ստեղծես, որ մտածես՝ երեխաներդ տուն ունեն, ու հանկարծ այսպիսի բաներ անեն։ Սա խայտառակություն է, պետք է չլռենք, սա բոլորի խնդիրն է։ Սյունիքում էլ հիմա ամեն օր կրակոցներ են, պատկերացնո՞ւմ եք, մտնես Կոռնիձորի գերեզմանոց՝ լացես, թուրքը քեզ տեսնի, հետո հասնես տուն, մտածես՝ սա քո տունը չէ, ամեն պահի գալու են դուրս հանեն»,- ընդգծեց Աիդա Ավագյանը։