Անտեսանելի տնտեսական շահ

Ավարտվեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցման երկրորդ տարին: Սակայն ոչ ոք չի շտապում որևէ գնահատական հնչեցնել: Արդեն հասցրել ենք մոռանալ, թե որքան անսպասելի մտանք այդ միության մեջ:

Մոռացել ենք, թե որքան կտրուկ ու անսպասելի մեր իշխանությունները 2013-ին հայտարարեցին Մաքսային միությանն անդամակցելու իրենց ծրագրի մասին: Անսպասելի, որովհետև մինչև այդ տարվա սեպտեմբեր ամիսը մեր իշխանություններն առիթը բաց չէին թողնում խոսելու եվրոպական տնտեսական ու քաղաքական արժեհամակարգին իրենց անմնացորդ հավատարմության մասին: Ու հանկարծ կտրուկ փոխեցին իրենց համոզմունքներն ու երկրի տնտեսական զարգացման հեռանկարի ուղղությունը: Ռուսաստանը շատ «թարս» պահի նախաձեռնեց Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացը:

Ուկրաինայի հետ ունեցած ծանր հարաբերություններին զուգահեռ` ՌԴ-ն փորձեց իր «համախոհ» երկրների հետ նոր միություն ձևավորել: Հենց սկզբից էլ պարզ էր, որ նոր միության մաս կազմող երկրներից յուրաքանչյուրն իր շահերով է առաջնորդվելու տնտեսական ու արտաքին քաղաքական հարցերում: Հենց սկզբից էլ պարզ էր, որ այս կազմակերպությանը չի հաջողվելու ձևավորել միանշանակ մոտեցումներ: Նույնիսկ ամենասերտ տնտեսական կապերի (կախվածության աստիճանի կապերի) պարագային Բելառուսի անփոփոխ ղեկավարը միշտ էլ կարողանում է անկախ ու ինքնուրույն մնալ:

Բայց մեր հույսը Ռուսաստանն էր: Իսկ ՌԴ-ն էլ հակառակի պես խորացնելով հակամարտությունն Ուկրաինայի հետ` հայտնվեց Արևմտյան տնտեսական պատժամիջոցների ցանցում: Դրանք ավելի խորացան, երբ Ռուսաստանը ներքաշվեց Սիրիական հակամարտության մեջ: Մեր տնտեսության համար նոր բացվող Եվրասիական շուկայի հետ կապված հույսերը չարդարացան: Իհարկե, չէր կարելի ենթադրել, որ նոր միությանն անդամակցելու երկու տարիների ընթացքը մեր տնտեսության համար թռիչքաձև զարգացման հեռանկար կբացեր:

Իհարկե, ՌԴ տնտեսական անկման բացասական հետևանքները մեր երկրում նկատելի էին լինելու` անկախ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու փաստից: Թեկուզ միայն այն պատճառով, որ Ռուսաստանից կտրուկ նվազելու էին տրանսֆերտները: (Ինչը և եղավ անցնող երկու տարում): Եվրամիության հետ ասոցիացման պայմանագրի ստորագրումից հրաժարումը մեզ կտրեց արևմտյան ներդրումներից, իսկ Ռուսաստանը շատ ավելի շոշափելի հոգսեր ունի, քան իր հետ միության մաս կազմող երկրներում ներդրումներ կատարելը: Ստեղծված իրավիճակում Եվրասիական միությանն անդամակցելուն կասկածանքով վերաբերվող փորձագետներն այսօր լրիվ իրավունք ունեն հայտարարելու, որ այս՝ տնտեսական հայտարարվող միությունն իրականում ավելի շուտ քաղաքական է:

Նրանց համար այս միության կենսունակությունը նույնիսկ քաղաքական իմաստով հարցականի տակ է: Որովհետև հայ-ադրբեջանական հարաբերությունների ֆոնին աննկատ մնաց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իրական իմաստը: Իհարկե, կան նաև հակառակ տեսակետը պնդող վերլուծություններ: Դրանք հենվում են առաջին հերթին այն փաստի վրա, որ 2016-ին մեր արտահանումը դեպի Եվրասիական միության անդամ երկրներ նկատելիորեն աճել է: Համենայն դեպս, նման բան արձանագրել է մեր պաշտոնական վիճակագրությունը: Բայց նույնիսկ այսբովանդակ վերլուծություններում արտահանման ծավալների աճը բավարար չի համարվում: Տնտեսության զարգացման տեսանկյունից, իհարկե:

Միության անդամ երկրների՝ Բելառուսի և Ղազախստանի ու Ռուսաստանի միջև եղած հակասությունների ու տարաձայնությունների արդյունքում առայժմ դժվար է խոսել այս երկրների տնտեսությունների ինտեգրացման գործընթացի բավարար մակարդակի մասին: Ավելին, շատ փորձագետների կարծիքով` ինտեգրացիայի գործընթացները դեռևս շատ հեռու են անշրջադարձելիության մակարդակից: Այսինքն` միության մաս դարձած երկրների աչքը շարունակում է դրսի դռանը մնալ:

Մեր մամուլում արդեն բավարար չափով գրվել է, որ Հայաստանի տնտեսությունը վերջին երկու տարում չհասցրեց օգտվել Ռուսաստանի շուկա մտնելու քաղաքական բարենպաստ պայմաններից: Թեկուզ միայն գյուղմթերքների գծով: Պատճառը միայն մեր քաղաքական ու տնտեսական գործիչների «դանդաղկոտությունը» չէ: Որքան էլ գյուղատնտեսական տարին բարենպաստ լինի, միևնույն է, հայաստանյան բերքն ու բարիքը չի կարող բավարարել ռուսական շուկայի պահանջները: Առաջին պատճառը, իհարկե, պարզապես Եվրասիական միության անդամ երկրների յուրօրինակ հարաբերություններն են:

Բելառուսն օգտվելով ՌԴ կիրառվող պատժամիջոցներից` սկսեց վերափաթեթավորել, ասենք, լեհական արտադրության գյուղմթերքը, նորվեգական ձկնեղենը, և որպես սեփական արտադրանք` առաքել Ռուսաստան: ՌԴ-ում, իհարկե, գիտեն, որ Բելառուսը ծովային երկիր չէ, որ ծովամթերքներ արտահանի: Գիտեն, բայց խոհեմաբար աչք են փակում այդ փաստի վրա: Բնականաբար, հաշվի առնելով սեփական տնտեսական ու քաղաքական շահերը: Այ, հենց այս ֆոնին է, որ մեզ ոչ ոք հոդաբաշխ չի կարողանում բացատրել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մեր քաղաքական ու տնտեսական շահը: Շահ, որն առայժմ մնում է անտեսանելի:

Տեսանյութեր

Լրահոս