ԱՄՆ-ը պատրաստ է բանակցել Իրանի հետ, չնայած Թեհրանի հայտարարություններին
ԱՄՆ-ի վարչակազմը պատրաստ է երկխոսություն վարել Իրանի կառավարության հետ, չնայած այդ երկրի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի արած հայտարարություններին, որը փաստորեն բացառեց Վաշինգտոնի հետ բանակցություններ վարելու հնարավորությունը:
Այդ մասին օգոստոսի 13-ին ՏԱՍՍ-ին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Խամենեիի հայտարարությունները: «Ինչպես ավելի վաղ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն, նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է երկխոսություն վարել Իրանի հետ, որպեսզի գտնեն ազգային անվտանգության անհետաձգելի հարցերի լուծումները»,- ընդգծել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:
Ամերիկացի դիվանագետն անպատասխան է թողել խնդրանքը՝ ճշտելու, թե Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ եղել են արդյոք ուղղակի շփումներ կամ շփումներ միջնորդների միջոցով այն բանից հետո, երբ Թրամփը հուլիսի վերջին հայտարարեց Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ հանդիպում անցկացնելու պատրաստակամության մասին: Սպիտակ տանը հրաժարվել են գնահատականներ տալ այաթոլլա Խամենեիի արրած հայտարարություններին: Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչն ասել է, որ «Վաշինգտոնը Թեհրանին բանակցություններ է առաջարկում արդեն 40 տարի, սակայն բացասական պատասխան է ստանում Իրանից»:
Օգոստոսի 13-ին ավելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին դեմ է արտահայտվել Միացյալ Նահանգների հետ բանակցություններ վարելուն: «Ես արգելում եմ բանակցություններ վարել Ամերիկայի հետ»,- ասել է Խամենեին: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները հնարավոր են «միայն այն ժամանակ, երբ Իրանը վստահ կլինի, որ Վաշինգտոնն իրեն չի խաբի»:
«Այսօր նման վստահություն չկա»,- հավելել է նա: Հոեւոր առաջնորդը նաեւ ընդգծել է, որ «ԱՄՆ-ը միջուկային գործարքի շուրջ պայմանավորվածությունները խախտեց այն բանից հետո, երբ ստացավ այն, ինչն իրեն հարկավոր էր»: «Գործողություների համատեղ համապարփակ ծրագրից Ամերիկայի դուրս գալն ապացուցում է, որ Վաշինգտոնին չի կարելի վստահել»,- նշել է նա: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:
2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: