«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն աշխատում է ծանրաբեռնված, սակայն խուճապի կարիք չկա. Լիանա Թորոսյան

Աղիքային վարակների որոշակի ակտիվացմամբ պայմանավորված այս օրերին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն աշխատում է ծանրաբեռնված: «Արմենպրես»-ի հետ զրույցում Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը նշեց, որ չնայած դրան, ամենևին խուճապի կարիք չկա:

«Ամառային սեզոնը՝ տարվա տաք ժամանակահատվածը, նպաստավոր է աղիքային վարակների արձանագրման տեսանկյունից: Այս գործընթացն օրինաչափ է, և դրան համահունչ, այս փուլում աղիքային վարակների որոշակի ակտիվացում է նկատվել: Օրինակ, սննդային գործոնով պայմանավորված այդ հիվանդությունների թեթևակի աճ նկատվեց, ինչի մասին վկայեց Գուլիվեր մանկապարտեզի սաների շրջանում տեղային բռնկումը»,-ասաց Լիանա Թորոսյանը:

Ինչ վերաբերում է աղիքային վարակների հիվանդացության ընդհանուր վիճակագրությանը և արձանագրված դեպքերին, ապա, ըստ մասնագետի, ներկայում իրավիճակը կարելի է դիտարկել կայուն՝ ոչ նվազման միտում կա, ոչ աշխուժացման: Այսինքն՝ գոյություն ունի այն իրավիճակն, ինչն արձանագրվեց Հայաստանում հունիսի վերջին: Լիանա Թորոսյանը նշեց, որ լաբորատոր հետազոտությունների և իրենց մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ, մասնավորապես, էնտերովիրուսների աճ նկատվում է ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում: Եվ Ռուսաստանում ավելի շատ բերովի դեպքերի աճի միտում կա, քան տեղայինի:

«Այս փուլում Ինֆեկցիոն հիվանդանոցը ծանրաբեռնված է աշխատում, ոչ ոք դա չի հերքում , բայց պետք է ընդգծել, որ այն հանրապետությունում միակ մասնագիտացված կառույցն է, որտեղ ունենք Երևանից և այլ մարզերից դիմող հիվանդներ: Խուճապի կարիք չկա, սա սեզոնային բնականոն ընթացք է որոշակի առանձնահատկություններով: Եթե մենք կարողանանք ճիշտ ձևով հետևել անհրաժեշտ կանոններին, ապա ռիսկի գործոնը կնվազեցնենք: Ի դեպ, հիվանդացության 80 տոկոսը երեխաներն են, առավել խոցելի են մանկահասակ երեխաները՝ 0-6 տարեկանները: Այն բոլոր հորդորները, որ Առողջապահության նախարարությունը հնչեցնում է, պետք է խստորեն հետևել»,-ասաց Լիանա Թորոսյանը:

Մասնագետի խոսքով, աղիքային վարակները դիտվում են որպես հիգիենայի կանոնների չպահպանման, կեղտոտ ձեռքերի հիվանդություն: Շատ նպաստավոր գործոն է մրգերի, բանջարեղենի ոչ ճիշտ լվանալը, սանհանգույցից օգտվելուց հետո ձեռքերը չլվանալը, պատշաճ մակարդակով հիգիենային չհետևելը: Այս ամենը կարող է աղիքային վարակների հիմք հանդիսանալ: Խորհուրդ է տրվում փողոցային առևտրի կետերից սննդամթերք և խմիչք գնելը նվազեցնել, հրաժարվել փափուկ պաղպաղակից, սնունդն անհրաժեշտ է պատրաստել փոքր չափաբաժիններով, որպեսզի այն մեկ ուտելուց սպառվի, սառնարանում պետք է տարանջատել կիսաեփ, եփած և հում սննդամթերքը: Դրանք պետք է պահել փակ տարաներում, և, իհարկե, միրգը, բանջարեղենը լավ լվանալ հոսող ջրով:

Վարակների հետ կապված մեկ այլ խնդիր է դեկորատիվ ջրավազաններում լողալն, ինչն արգելվում է: Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից տեղեկացրեցին, որ բոլոր դեկորատիվ ջրավազանների մոտ փակցված են լողալ արգելելու մասին ցուցանակներ: Դրանից բացի, աշխատելով տարբեր կառույցների, հաստատությունների հետ, պարբերաբար, բացատրական աշխատանք է տարվում:

Լիանա Թորոսյանը նշեց, որ խնդիրը կա, ինքն անձամբ ականատես է եղել, երբ երեխաները, ծնողի թույլտվությամբ, լողում են դեկորատիվ լողավազանում: Նա հիշեցրեց, որ աղիքային վիրուսները երկար ժամանակ մնում են շրջակա միջավայրում: Այն վայրերում, որտեղ լողն արգելված է, պետք չէ երեխաներին թույլատրել լողալ:

Աննա Գզիրյան

Տեսանյութեր

Լրահոս