Բաժիններ՝

«Դա անբարոյականություն է». Հրաչ Բերբերյան

«Գյուղատնտեսության նախարարությունը փորձում էր վարչապետին ներկայացնել մի ցուցանիշ, որ իրականությանը չէր համապատասխանում։ Այս տարի արտահանումները սկսել ենք մայիսի 15-ից, նախորդ տարի մենք արտահանումները սկսել ենք հունիսի 10-12-ից։ Եվ մայիսի 15-ի ցուցանիշներով վարչապետին ներկայացնել, որ այս տարվա արտահանումները 4-5 անգամ ավելի են, նշանակում է, որ կամ այդ մարդը թվաբանությունից է հեռու, կամ բնագավառից անտեղյակ է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։

Մեր զրուցակիցը հստակեցրեց. «Նախորդ տարի բերքահավաքը շարունակվեց մինչև հուլիսի 10-ը, իսկ հիմա արդեն մենք վերջացնում ենք։ Եթե համեմատում ենք անցած տարվա արտահանման հետ, որը 30 հազար տոննա էր, եթե, իհարկե, նկարած թվեր չէին, իսկ այս տարի արտահանել ենք 21 հազար տոննա ծիրան, և մոտ 1-2 տոննա էլ դեռ կարտահանենք։ Այսինքն՝ նախորդ տարվանից մոտ 40 տոկոս պակաս։ Հիմնական պատճառն անձրևներն ու փոշոտումն էր, որը տեղի չունեցավ, և բերքը քիչ եղավ»։

Բերբերյանը նկատեց՝ շատ լուրջ է հարկավոր մոտենալ գյուղատնտեսությանը։ «4 տարի առաջ Սաուդյան Արաբիայի շեյխերից մեկը Հայաստանում փորձեց ոչխարաբուծությունը զարգացնել, խոսքը 100 մլն դոլար ներդրումների մասին էր։ Արդյունքում՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում նրանից կաշառք ուզեցին՝ մարզպետների մակարդակով։ Բնականաբար, այդ մարդը թողեց-գնաց։ Այս քանի օրը սպասում ենք մեր նույն ընկերոջը, և եթե ամեն ինչ բարեհաջող անցավ, ուրեմն մենք հաստատ ոչխարաբուծության ծրագիրը պետք է անենք։ Մենք այսօր մոտ 700 հազար գլխի պաշար կարող ենք ավելացնել, որը կխթանի մոտ 500-600 հազար գլխի արտահանում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ոռոգման ջրին, ապա, ըստ Բերբերյանի՝ հիմա ջրամբարներում ջրի բավարար պաշար կա։

«Ընդհանրապես մեր գյուղատնտեսության դժբախտությունը գալիս է տգիտությունից։ Արդեն երկու անգամ  կաթ արտադրող ֆերմերները փորձում են դիմել կառավարությանը, իմացանք, որ գյուղատնտեսության նախարարը միջգերատեսչական հանձնաժողով է ձևավորել, որը ծիծաղելի է արդեն։ Մեկ օրվա լուծվող հարցը, որի լուծումն էլ կա, չեն լուծում, ժամանակ են շահում, հետո տեսնեն՝ հաջորդ ընտրություններում իրենց քաղաքական ուժը տեղ կգրավի, որ իրենց աթոռները պինդ պահեն։ Դա անբարոյականություն է։ Եթե գյուղացին այսօր խնդիր ունի, ուրեմն պետք է լուծվի։ Մենք պետությո՞ւն ենք, թե՞ դատարկագլուխների ինչ-որ մի շայկա է, որը հարցի լուծումը չի կարողանում տալ։ Ընդհանրապես գյուղատնտեսությունը պետք է մեկ անգամ կարգի բերենք, և վերջ, իսկ այդ լուծումները մենք գիտենք, այդ բանալին ունենք։ Կգա ժամանակը՝ կվստահեն և կդիմեն մեզ, մենք այդ լուծումները կտանք»,- ընդգծեց նա։

Բերբերյանի գնահատմամբ՝ այս տարի գյուղատնտեսության վրա քիչ ուշադրություն է դարձվել. «Գյուղացին իր նախարարը պետք է ունենա կառավարությունում, որն իր շահերը կպաշտպանի»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս