Նյարդային խանգարումների 7 նշան, որոնք երբեք չարժե անտեսել
Ի՞նչ է նյարդային խանգարումը
Նյարդային խանգարումը պաշտոնապես ընդունված բժշկական ախտորոշում է, որն իր մեջ ներառում է մի շարք հոգեկան հիվանդություններ, ինչպիսիք են ընկճախտը, տագնապային խաթարումները և սթրեսային խաթարումը:
Այսօրվա դրությամբ նյարդային խանգարում են անվանում այն նշանները, որոնք ի հայտ են գալիս սթրեսը հաղթահարել չկարողացող մարդու մոտ: Շատ հաճախ այդ նշանները կապված են թաքնված հոգեկան խանգարումների հետ, որոնցից են հետտրավմատիկ սթրեսային խանգարումն ու քրոնիկական տագնապային խանգարումը:
Նյարդային խանգարում եզրույթն օգտագործվում է այն բանի համար, որ նկարագրեն ուժեղ սթրեսի շրջանը, որի ժամանակ մարդը չի կարողանում նորմալ կենսակերպ վարել:
Երբ մարդու ներքին կամ արտաքին ռեսուրսները բավարար չեն լինում սթրեսը հաղթահարելու համար, նա ավելի հակված է դառնում լուրջ տագնապային խանգարումների՝ խուճապային խանգարումների ու անգամ ֆոբիաների որոշ տեսակների նկատմամբ, որոնց նշանները նյարդային խանգարում են հիշեցնում:
Նյարդային խանգարման 7 վաղ նշաններ
Տևական սթրեսը շատ ուժեղ է ազդում մարդու օրգանիզմի վրա ու կարող է հանգեցնել ինչպես՝ ֆիզիկական, այնպես էլ՝ հոգեբանական բնույթի խանգարումների: Որքան շուտ մարդը կարողանա իր մոտ հայտնաբերել այդ նշաններն ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, այնքան լավ նրա համար: Առանց բուժման՝ հոգեկան հիվանդություն ձեռք բերելու շատ մեծ հնարավորություն է ի հայտ գալիս, որից հիվանդն արդեն չի կարող ազատվել:
Հենց այդ պատճառով էլ շատ կարևոր է այդ նշանները վաղ շրջանում հայտնաբերել ու որոշել, որպեսզի կարողանաս խուսափել բարդություններից:
1. Ալկոհոլի և թմրամիջոցների չարաշահում:
Դեպքերի մեծ մասում նյարդային խանգարումն առանց ալկոհոլ ու թմրամիջոցներ չարաշահելու չի ուղեկցվում: Դրանց օգնությամբ մարդը փորձում է թեթևանալ, սակայն իրականում դրանք միայն խորացնում են խնդիրը: Քրոնիկական ալկոհոլիզմն ու թմրամոլությունն օրգանիզմին, մասնավորապես՝ ուղեղին, անդառնալի վնաս են հասցնում և միայն ուժեղացնում են նշանները:
2. Մարդը կամ տառապում է անքնությունից, կամ շատ է քնում:
Քունն ալկոհոլի ու թմրամիջոցների նման հաճախ օգտագործվում է գոնե մի փոքր թեթևություն ստանալու համար: Թեպետ և քունը հանդիսանում է անվտանգ միջոց, սակայն ալկոհոլի ու թմրամիջոցների համեմատությամբ կարող է ուժեղացնել փախուստի, խուսափելու ռեակցիան: Միևնույն ժամանակ՝ անքնությունը կարող է հանգեցնել ինչ-որ բանի վրա անդադար ֆիքսվելու, ալկոհոլի ու թմրամիջոցների չարաշահման, ինչպես նաև հորմոնալ փոփոխությունների:
3. Անընդհատ թույլ վիճակ:
Մեր մարմինն ու ուղեղը հարմարեցված չեն շարունակական սթրեսին, որը խլում է մեր կոգնիտիվ էներգիան, ինչն էլ իր հերթին՝ խլում է ֆիզիկական էներգիան: Անընդհատ թուլության պատճառով մարդը սկսում է դժվարությամբ գլուխ հանել ամենօրյա գործերից:
4. Ընկճախտի նշաններ:
Զարմանալի չէ, բայց ընկճախտն ու տագնապը նյարդային խանգարման կատալիզատորներն են հանդիսանում:
Նյարդային խանգարումը, ճիշտ այնպես, ինչպես և դեպրեսիան, բավականին երկար է ձևավորվում: Սկզբում հիվանդը կարող է նկատել, որ ինքն ունակ չէ կենտրոնանալ, կամ իր համար դժվար է անկողնուց վեր կենալը:
5. Գիտակցության խառնաշփոթություն:
Գիտակցության խառնաշփոթությունը կամ գիտակցության մթագնումը ոչ պաշտոնական բժշկական եզրույթ է, որի տակ ենթադրվում են գիտակցության խաթարումները: Մեր ուղեղի ճանաչողական ֆունկցիաները, ինչպիսին ուշադրությունն են, պլանավորումը, ինքնավերահսկողությունը, որոշումների ընդունումն ու հիշողությունը, առաջինն են ընկնում ազդեցության տակ:
6. Խուճապային հարձակումներ:
Խուճապային հարձակումը վախի ու տագնապի հանկարծահաս ու ճնշող զգացումն է: Հիվանդին կարող է թվալ, թե ինքը խելագարվում է և նույնիսկ՝ մահանում: Այդ ժամանակ մարդը սկսում է դժվարությամբ շնչել, կրծքավանդակում ցավ է զգում, հաճախանում է սրտխփոցը, ու սկսվում է ուժեղ գլխապտույտ:
7. Անընդհատ ճնշվածության զգացողություն:
Հիվանդին կարող է թվալ, թե ինքը գլուխ չի հանում նույնիսկ ամենասովորական առօրյա գործերից: Նման բան տեղի է ունենում կուտակված անհանգստությունների, հուզումների ու սթրեսի հետևանքով:
Բոլորիս մոտ էլ մեր կյանքում գալիս է այնպիսի պահ, երբ մեզ չի հաջողվում դիմադրել սթրեսին: Եթե դուք տագնապային, խուճապային զգացողություններ ունեք կամ վերը թվարկված նշաններից ցանկացածը, բժշկական օգնություն ստանալու համար դիմեք մասնագետին:
Բժիշկը կկարողանա օգնել ձեզ ազատվել ֆիզիկական նշաններից, ինչպես նաև ձեզ ուղղորդել հոգեբանի կամ հոգեթերապևտի մոտ, որն էլ իր հերթին՝ ձեզ կօգնի էմոցիոնալ և հոգեկան սիմպտոմների պարագայում:
Ձեր կենսակերպի մեջ որոշակի փոփոխություններ մտցնելով՝ դուք կկարողանաք կանխել նյարդային խանգարումը: Առողջ կենսակերպը կօգնի նվազեցնել վերը նկարագրված նշաններն ու ավելացնել առողջացման հնարավորությունները:
Ահա ցանկալի արդյունքին հասնելու մի քանի խորհուրդներ՝
- Շաբաթական ամենաքիչը 3 անգամ, օրական կես ժամ հատկացրեք սպորտով զբաղվելուն
- զբաղվեք մեդիտացիայով
- խուսափեք թմրամիջոցներից, ալկոհոլից, կոֆեինից ու սթրեսի մակարդակը բարձրացնող այլ նյութերից
- սովորեք ճիշտ և խորը շնչել
- ընդմիջումներ արեք ու կազմակերպեք ձեր օրը
- երբ ազատ ժամանակ եք ունենում, այն զբոսանքի վրա ծախսեք
- ծանր աշխատանք կատարելիս որևէ մեկին խնդրեք օգնել ձեզ:
Եղեք առողջ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը