«Հասարակությանը խուճապից հեռու պահելու միակ միջոցն է՛լ ավելի մեծ թափանցիկությունն է ԼՂ հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ». Հալբախ

«ԼՂ հակամարտության շուրջ հիբրիդային պատերազմը վերջին տարիներին ավելի սուր մասշտաբներ է ձեռք բերել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառմանը:

Տեղեկացնենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ՀՀ հարավ-արևմտյան սահմանագծի ադրբեջանական կողմի գործողությունների վերաբերյալ հակասական լուրերը չեն դադարում: Հայկական կողմի պաշտոնական տեղեկատվության համաձայն, մայիս ամսին ադրբեջանական կողմը Նախիջևանի ուղղությունից իր դիրքերում ինժեներական աշխատանքներ էր սկսել, որոնք ստիպեցին նախարարներ Զոհրաբ Մնացականյանին և Դավիթ Տոնոյանին մեկնել սահման՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով, որտեղ էլ որոշ ցուցումներ տվեցին դիրքապահներին, հորդորելով լինել մշտապես զգոն, չտրվել որևէ սադրանքի, սակայն խստագույնս կանխել հակառակորդի ցանկացած առաջխաղացում: Սրանից որոշ ժամանակ անց հայկական սոցցանցերում տեղեկություն սպրդեց, որ ադրբեջանական կողմն այնքան է մոտեցրել դիրքերը, որ կարող է հեշտությամբ թիրախավորել հայկական բնակավայրերը սահմանի նույն հատվածում:

Այս լուրերին ի պատասխան՝ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ադրբեջանական կողմը փոփոխություն է իրականացրել իր տարածքում` դիրք առաջ բերելով: Ըստ նախարար Տոնոյանի՝ Ադրբեջանն իր տարածքում է իրականացնում որոշակի տեղափոխումներ, և այս պահին ոչ մի միջամտության կարիք չկա, և ՊՆ-ն ոչ մի խնդիր չի տեսնում։

Այդ ընթացքում Razminfo կայքն ուսումնասիրել էր իրավիճակը՝ սահմանի այդ հատվածում արբանյակային լուսանկարներ հրապարակելով, որոնք ցույց էին տվել մայիս ամսվա ընթացքում ադրբեջանական դիրքերի տեղաշարժերը Նախիջևանի հյուսիս-արևելյան հատվածում:

Ըստ ուսումնասիրության՝ Ադրբեջանի ԶՈւ-ն հիմնականում առաջացել էր Արենի գյուղի այգիների և լքված Հունուտ (ադրբ. Ջունութ) գյուղի ուղղություններով: Առաջխաղացման նշաններ նկատվում են մայիսի 2-ից սկսած, սակայն հիմնական աշխատանքները կատարվել են մայիսի 17–27-ի հատվածում: Ըստ վերոնշյալ կայքի՝ Հունուտի ուղղությամբ ադրբեջանական կողմը կառուցել է 5 նոր ճանապարհ: Նախկինում այս հատվածում միջդիրքային տարածությունը 4.5–5 կմ էր, այժմ հայկական և ադրբեջանական դիրքերի միջև հեռավորությունը կրճատվել է՝ մինչև 750–1600 մետրի: Նշենք, որ հայկական դիրքերը տեղակայված են հենց լքված Հունուտ գյուղի տարածքում: Մայիսի 17-ից հետո ադրբեջանական կողմը ձեռնարկում է ինժեներական աշխատանքներ Արենիի ուղղությամբ՝ նոր ճանապարհ բացելով դեպի արևելք ու դիրքավորվելով երկու հայկական դիրքերի միջև գտնվող բարձունքում։ Մայիսի 17-ից հետո Ադրբեջանի ԶՈւ-ն նոր դիրք է զբաղեցնում նաև ջրամբարի հարավային ափին՝ հայտնվելով Արենիի այգիներից՝ մոտ 2000 մ, իսկ մոտակա հայկական դիրքերից՝ մոտ 750 մ հեռավորության վրա:

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սույն թվականի հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ-երի հրամանատարությանը, խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ։Նման խնդրանք այդ հատվածում ադրբեջանական կողմը հայտնել է առաջին անգամ։ Հայկական կողմը հավատարիմ լինելով մարդասիրական նորմերին և մշտապես կատարելով լարվածության թուլացման քայլեր, համաձայնել է թույլատրել խաղաղ բնակիչներին կարճ ժամանակով մոտենալ գերեզմանատեղիին»։

Իրենց հերթին՝ ԼՂ իշխանությունները տեղեկացնում են օպերատիվ խորության մեջ գտնվող ստորաբաժանումների մասին: ԼՂՀ նախագահի խոսնակի խոսքով՝ այդ ստորաբաժանումները բավականին մոտ են, օպերատիվ խորության մեջ են, այդ դիրքերում չպետք է լինեին.

«Սա ցույց է տալիս, որ կա՛մ վախեցնում են, կա՛մ չգիտեմ՝ ինչ-ինչ նենգ նպատակներ ունեն։ Բայց նրանց նենգ նպատակների իրականացումը, կրկնում եմ, կախված է մեզանից։ Եթե համախմբված չլինենք, խնդիրներ լինեն, մտածենք, որ ֆաշիստական գաղափարախոսություն կրող երկիրը կհրաժարվի իր հանցավոր մտքերից, դա պարզապես անհեթեթություն է, ավելին՝ դավաճանություն է»։ Ուշագրավն այն է, որ ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին՝ հրապարակումներ են արել Նախիջևանում 2018թ. մայիսին առաջ բերած դիրքերի և վերցրած բարձունքների մասին: «Ազատագրվել են Հունութ, Ղըզըլգայա և Մեհրիդար բարձունքները: Առավել ռազմավարական նշանակություն ունի ծովի մակարդակից 1683 մետր բարձրության վրա գտնվող Հուննութ գյուղը՝ Ղըզըլգայա բարձունքի մոտ, որի շնորհիվ լիակատար հսկողության տակ է վերցվել Երևան-Եղեգնաձոր-Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհը»,- նշված է ադրբեջանական հրապարակումներում: Հայաստանյան որոշ փորձագետներ կասկածներ ունեն, որ ՀՀ ՊՆ-ի կողմից իրավիճակը չի ներկայացվում ամբողջությամբ, ինչը մտահոգությունների առիթ է դարձել:

Մեզ հետ զրույցում Ուվե Հալբախն ասաց, որ ԼՂ հակամարտության շուրջ հիբրիդային պատերազմը վերջին տարիներին ավելի սուր մասշտաբներ է ձեռք բերել: Հալբախի բնորոշմամբ՝ իրավիճակները յուրաքանչյուր կողմ ներկայացնում է իր օգտին, ինչը բնական հանգամանք է: Ըստ նրա՝ տարիներ շարունակ հետևելով իրավիճակի վերաբերյալ տեղեկատվական հոսքերին, կարելի է իրավացիորեն կանխագուշակել, թե ինչ է տեղի ունեցել շփման գծում կամ սահմանի այս կամ այն հատվածում:

«Այն, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմն էական աշխատանք է տարել դիրքերը ՀՀ միջազգային սահմանին մոտեցնելու համար, ակնհայտ է, ու այդ աշխատանքն ավելի ինտենսիվ է եղել վերջին մեկ ամսվա ընթացքում: Դա ամենևին էլ սովորական աշխատանքային գործունեություն չի եղել, քանի որ դա չէր անհանգստացնի նախարարներին: Հայկական կողմը նկատել է մասշտաբային փոփոխությունը, այդ պատճառով էլ անհանգստացել է: Նման իրավիճակներում, բնականաբար, կարող են շատ մտահոգություններ լինել, քանի որ խոսքը Հայաստանի Հանրապետության սահմանի, ՀՀ բնակավայրերի մասին է, մարդկանց առօրյան և անվտանգությունը կարող է էապես խաթարվել, եթե այդ բնակավայրերը հայտնվել են ադրբեջանական ուժերի ակնհայտ տեսանելիության դաշտում: Սակայն ինձ համար միանշանակ չէ, որ նման դիմում չի եղել, ինչպես որոշ փորձագետներ են կասկածում, հավանական է, որ եղել է դիմում: Երբեմն կողմերը շատ մանրամասներ չեն հայտնում՝ նշելով, որ ռազմական գաղտնիք է, և այլն, որոշ դեպքերում դա նաև հասկանալի է, քանի որ կա «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակ»,- ասաց Ուվե Հալբախը՝ հավելելով, որ հասարակությանը խուճապային տրամադրություններից հեռու պահելու միակ միջոցն էլ ավելի մեծ թափանցիկությունն է, իրավիճակը ՀՀ-ի օգտին հանգուցալուծելու պատրաստվածությունը:

Ըստ նրա՝ եթե ՀՀ իշխանությունները որոշ մանրամասներ հայտնեն, թե ինչպես են ադրբեջանական ուժերը դիմել, որպեսզի մարդիկ մոտենան գերեզմաններին, ավելի վստահելի կլինեն հայ հասարակության կողմից: «Վստահ եմ, որ հայկական ուժերն իրականացնում են իրենց առաքելությունը, բայց ավելի վստահելի լինելու համար որոշ մանրամասներ պետք է հանրայնացնել, նշել, որ մայիս ամսվա ընթացքում այդ տեղաշարժերը շատ ավելի ինտենսիվ են տեղի ունեցել:

«Չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ է կատարվում, ինչից են սկսվել Ղարաբաղի և այս ուղղությամբ փոփոխությունները, բայց իրավիճակը մտահոգիչ է, քանի որ չկա բանակցային գործընթաց: Բանակցությունները պետք է ակտիվացվեն և հանդիպումներ պարտադրվեն կողմերին, այլապես նման իրավիճակում ռազմական սխալի հավանականությունն էապես բարձրանում է՝ հատկապես, երբ դիրքերի միջև ընկած տարածությունը փոքրացել է»,- ասաց Հալբախը:

Տեսանյութեր

Լրահոս