Պատերազմի վերսկսման վտանգ կարող է առաջանալ բացառապես այն պարագայում, եթե Հայաստանում կամ Արցախում խաթարվի կայունությունը

168.am-ի հարցերին պատասխանում է ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

– Հաշվի առնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորանքն Ալիևին, վերջին մի քանի հայտարարությունները և դրանցում ղարաբաղյան կարգավորմանն ուղղված տողատակերը, հնարավոր համարո՞ւմ եք ինտենսիվ տեղաշարժերը  ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում: Հիշեցնենք, որ Թրամփն Ադրբեջանի նախագահին գրած նամակում նշել էր, որ առաջիկա ամիսները ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հնարավորություն կընձեռեն, հավելելով՝ դա է՛լ ավելի լավ պայմաններ կստեղծի Նահանգների և Ադրբեջանի միջև համագործակցությունը խորացնելու համար: Ըստ որոշ փորձագետների՝ չի բացառվում, որ ամերիկյան կողմը կարծում է, թե Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո տարածաշրջանում ռուսական ազդեցությունը թուլացել է և լավ հնարավորություն է ընձեռվել ակտիվանալու համար` փորձելով լուծել հակամարտությունը:

– Այն, որ մեր տարածաշրջանն աշխարհաքաղաքական գործընթացների ամենակարևոր ու ամենաազդեցիկ կիզակետերից մեկն է, դրանում  երկրորդ կարծիք լինել չի կարող: Եվ նա, ով մեծ ազդեցություն ունի մեր տարածաշրջանի վրա, դրանով իսկ կարողանում է իր ազդեցությունը տարածել շրջակա բոլոր պետությունների ու նրանցում ընթացող գործընթացների վրա: Ուստի պայքարն ուժային հիմնական կենտրոնների միջև մեր տարածաշրջանում իրենց դիրքերն ամրապնդելու համար միշտ լինելու է, և անչափ կարևոր է, որ մենք կարողանանք համակշռել և հավասարակշռել այդ պայքարի մեջ մեր գործողություններն այնպես, որ տարածաշրջանը չդառնա ակտիվ պայքարի կիզակետ, այն է՝ քաղաքական ու դիվանագիտական պայքարն այդ տերությունների միջև չվերածվի ուղղակի ռազմական գործողությունների:

Շնորհավորանքների առումով՝ նշեմ, որ դրանք երբեմն այնպիսի հաճախականությամբ ու տրամագծորեն միմյանց իրարամերժ են լինում, որ այս պահին ասված խոսքերը վաղը կարող են մթագնել մեկ այլ հայտարարության արդյունքում: Եվս մեկ շատ կարևոր հանգամանք. մեր տարածաշրջանն անմիջական կապեր ունի հյուսիսից՝ Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ հարավից՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որոնց նկատմամբ Արևմուտքի ընդհանրական դիրքորոշումը միարժեք չէ, և մեծ ցանկություն կա տարբեր առիթներով ուղղակի միջամտելու այդ պետությունների ներքին գործերին, որի համար լավագույն հարթակ կարող է լինել հենց մեր տարածաշրջանը:

Իսկ Ադրբեջանի պարագայում կարևորվում է այն հանգամանքը, որ Իրանում առկա է Հյուսիսային Ադրբեջան հասկացությունը, որտեղ ապրում են հիմնականում էթնիկ ադրբեջանցիներ, և որտեղ հնարավոր է Ադրբեջանի միջոցով անջատողական որոշակի գործընթացներ ծավալել, իսկ Ռուսաստանի հարավում իսլամական ինքնավարություններ են, որոնցում կրկին Ադրբեջանի միջոցով հնարավոր է ծայրահեղ իսլամիստական տրամադրությունների ակտիվացումն ու տարածումը՝ Ռուսաստանի համար ստեղծելով նոր ներքին պատերազմի օջախներ:

Բայց Ադրբեջանի ներգրավումն այս գործընթացների մեջ Արևմուտքի և ընդհանրապես բոլորի համար ունի նաև մեկ այլ վտանգավոր զարգացման հավանականություն, այն է՝ Թուրքիայի գործոնի ուժեղացումը մեր տարածաշրջանում և հենց նույն Ադրբեջանի օժանդակությամբ պանթուրքիստական ծրագրերի ու դրանց անարգել իրականացման հնարավորությունն ընդհուպ մինչև Չինաստան:

Ահա հենց այս հանգամանքն է, որ անչափ կարևոր է դարձնում Հայաստանի անփոխարինելի գոյության անհրաժեշտությունը մեր տարածաշրջանում և նրա ակտիվ աշխարհաքաղաքական դերակատարումը: Ղարաբաղյան հիմնախնդիրը հենց այս ամբողջական գործընթացների կարևորագույն բաղկացուցիչներից է, որի գոյությունը ոչ միայն հնարավորություն է տալիս մեր տարածաշրջանում պահպանել շահերի ու բախումների հավասարակշռությունը, այլ նաև ապահովել տարածաշրջանում անվտանգության արտադրումն ու ապահովումը: Այս տեսանկյունից ելնելով, այդ հակամարտությունը վերջնական լուծում չունի, և ստատուս-քվոյի պահպանմանը այլընտրանք չկա:

– Մայիս ամսվա ընթացքում Նախիջևանի ուղղությամբ ՀՀ հարավ-արևմտյան առաջնագծում ադրբեջանական դիրքերի տեղաշարժերը մտահոգիչ են: ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անդրադառնալով  Նախիջևանի տարածքում Ադրբեջանի դիրքային առաջխաղացման մասին տեղեկություններին՝ ասել էր.  «Ադրբեջանն իր տարածքում իրականացնում է որոշակի տեղափոխումներ։ Այս պահին որևէ միջամտության կարիք չկա։ Իրավիճակն ամբողջովին վերահսկելի է, և մենք մեր արդյունավետ գործունեության միջոցով չեզոքացնում ենք ցանկացած տեղաշարժ»։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ է տեղի ունենում, և ի՞նչ նպատակ են հետապնդում այդ տեղաշարժերը։

– Նման դիրքային պայքար ու տեղաշարժեր թե՛ ադրբեջանաարցախյան, թե՛ հայ-ադրբեջանական սահմանների երկայնքով միշտ էլ տեղի ունեցել են: Ուղղակի այս պարագայում հայաստանյան զարգացումների և այն փոփոխությունների ֆոնի վրա, որ տեղի ունեցան մեր հանրապետությունում, դրանց ավելի ցայտուն ու զգացական մոտեցում ենք ցուցաբերում, ուստի համարում եմ, որ պաշտպանության նախարար պրն Տոնոյանի պատասխանն ամբողջական է ու վերջնական:

– Ղարաբաղաադրբեջանական սահմանագծում ինչպիսի՞ իրավիճակ է տիրում։ Արդյոք հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման վտանգ կա՞, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի կողմից դիրքեր փոխելու այս մարտավարությունը։

– Պատերազմի վերսկսման վտանգ կարող է առաջանալ բացառապես այն պարագայում, եթե Հայաստանում կամ Արցախում խաթարվի կայունությունը, ուստի այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել, և այն հնարավոր զարգացումները, որ կարող են տեղի ունենալ Արցախում, պետք է լուրջ կշռադատվեն: Որևէ մեկն իրավունք չունի անձնական կամ խմբակային ամբիցիաների պատճառով վտանգել մեր ձեռքբերումները, որոնց հասել ենք արյան ու մաքառումների գնով: Ցանկացած դժվարություն տանելի է, եթե դա միտված է տարած հաղթանակների պահպանմանը:

– Ինչպե՞ս կվարվի Ռուսաստանը՝ Նախիջևանի ուղղությամբ իրավիճակի սրման դեպքում:

– Դժվար է Ռուսաստանի փոխարեն որոշում կայացնել, բայց անչափ կարևոր է, որ հայկական դիվանագիտությունն աշխատի բոլոր ուղղություններով և մշակի ցանկացած իրավիճակում գործողությունների իր ծրագիրը: Իմ անձնական կարծիքով՝ Նախիջևանի ուղղությամբ սրացումները զուտ մարտավարական նշանակություն ունեն, և բացի հոգեբանական գործոնից՝ այլ գործոնի վերածվելու հեռանկար չունեն:

– Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր «Լույս Արցախին» նախաձեռնող խմբի անդամների ցանկը և հայտարարություն։ Նա, ողջունելով Հայաստանում «թավշյա հեղափոխությունը», նշել էր, որ փոփոխությունների կարիք կա նաև Արցախում, որում 1993թ.-ից իշխում են նույն մեթոդներով, ինչ Հայաստանում: Հնարավոր համարո՞ւմ եք թավշյա հեղափոխության գործընթացներ Արցախում։

-Կարծում եմ՝ պրն Բադասյանը կամ հավասարապես չի տիրապետում Արցախում և Հայաստանում գոյություն ունեցող իրավիճակներին, կամ էլ ինչ-որ տեղ չափազանցված է ներկայացնում այն, ինչն ինքը ցանկանում է տեսնել՝ որպես առկա իրականություն:

– Վստահաբար «Լույս Արցախին» նախաձեռնող խմբի անդամներից շատերին ճանաչում եք. ի՞նչ են նրանք ցանկանում։

– Ճանաչելու առումով Ձեր ասածը հավաստի է, իսկ նրանց ցանկությունների առումով դժվար է պատասխանել, քանզի տարբեր ժամանակ մեր զրույցների արդյունքում իմ տպավորությունը միշտ էլ եղել է այն, որ նրանք շատ հայրենասեր ու պատրաստակամ մարդիկ են: Ուղղակի հայաստանյան «վարակը» վարակիչ է, և հույս ունեմ, որ իրենց իմունային համակարգը կհաղթահարի այդ «վարակը»: Արցախում շռայլությունները կարող է շատ թանկ արժենան: Հուսով եմ՝ մենք դեռ կխոսենք, և ամեն ինչ կունենա խաղաղ ու արդարացի լուծում:

– Ինչպե՞ս եք գնահատում այսօր նոր ձևավորված կառավարության աշխատանքը։ Թեև նշել էիք, որ ավելի մանրամասն կանդրադառնաք 100 օրը լրանալուց հետո, այնուամենայնիվ, արդեն ներկայացվել է կառավարության ծրագրի նախագիծը, որը քննարկվում է ԱԺ-ում և հասարակության շրջանում։

-Ես մնում եմ իմ խոստմանը հավատարիմ և այդ թեմայով անպայման կխոսեմ հետագայում: Խորհուրդների առումով, ընդ որում՝ բարեկամական, անպայման հանդես կգամ, եթե որևէ հարցում իմ տեսանկյունից տեսնեմ, որ ոչ ճիշտ բան է կատարվում:

– ԱԱԾ-ն տնտեսական հանցագործություններ է բացահայտում, կոռուպցիոն շղթաներ… Օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում բացահայտումներ էին կատարել ներկրվող ապրանքների մաքսազերծման ծառայություններ մատուցող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունում, ձերբակալվել են բազմաթիվ աշխատակիցներ։  Մամուլում գրեթե ամեն օր տեղեկություններ են հրապարակվում՝ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները ներխուժել են այս կամ այն գործարարին պատկանող սուպերմարկետների ցանց, գլխավոր գրասենյակներ… Ինչպե՞ս  եք գնահատում ԱԱԾ աշխատանքը, որովհետև կան շրջանակներ, որոնք ԱԱԾ-ին հիշեցնում են իրենց առաջնային գործառույթները՝ հետախուզություն և հակահետախուզություն, և կա կարծիք, որ՝ այո, ԱԱԾ այսօրինակ քայլերը միանշանակ ճիշտ են։

– Ես միշտ համարել ու այժմ էլ համարում եմ, որ ցանկացած երկրի հատուկ ծառայություններն անչափ կարևոր են, ու նրանց գործունեության դաշտը շատ հստակ սահմանված է: Հայաստանի Հանրապետության պարագայում ես ևս ասել ու այժմ էլ կրկնում եմ, որ ամենամաքուրը, ամենաազնիվն ու պարկեշտն են բոլոր ԱԱԾ աշխատակիցները՝ շարքայինից մինչև տնօրեն: Կարող են փոխվել քաղաքական համակարգեր, փոխվել իշխանություններ, սակայն այս ծառայության խնդիրը պետության ու ժողովրդի անվտանգությունն է: Թվացյալ է, որ կան քաղաքացիներ, որոնք այս ծառայությանը կամ նրա աշխատակիցներին թեք աչքով են նայում, հավատացեք, որ բոլորն էլ նրանց հարգում են:

Եվ գուցե այժմ նոր իշխանությունները հենց այս տեսանկյունից ելնելով՝ զուտ մարտավարական նկատառումներով, այդ բացահայտումներին ի ցույց բոլորի մասնակից են դարձնում հենց Ազգային անվտանգության ծառայությանը, որ որևէ մեկի մտքով չանցնի, թե այդ գործողություններն անօրինական են կամ ոչ հավաստի: Եթե իրերի ընթացքն այդպես է, ապա, թերևս, այն արդարացված է ու վստահաբար կրում է ժամանակավոր բնույթ, այլապես ԱԱԾ-ն ու նրա աշխատակիցները՝ շարքայինից մինչև տնօրեն, մեր պետության ու մեր ժողովրդի համար շատ ավելի կարևոր խնդիրներ ունեն լուծելու՝ հաշվի առնելով այն տարածաշրջանը, որում մենք գտնվում ենք: Ինչ մնում է մասնավոր դեպքերին, ես չեմ կարծում, որ այս մեկնաբանությունից հետո դրանց առանձին-առանձին անդրադառնալու անհրաժեշտություն կա:

– Օրեր առաջ ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն բաց է բանակցությունների և քննարկումների համար` Ընտրական օրենսգրքի բարեփոխումների և արտահերթ ընտրությունների հարցերում: Ինչո՞ւ, Ըստ Ձեզ, ՀՀԿ-ն փոխեց իր տեսակետը։ Մինչ այդ ԸՕ փոփոխության և արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն նրանք չէին տեսնում։

– Դավիթ Հարությունյանը շատ հստակ է ասել, որ իրենք պատրաստ են քննարկումների, որը շատ բնական է: Իսկ թե ինչ որոշում կկայացնեն քննարկումների արդյունքում, դա էլ խնդիր է, որի մասին, համենայն դեպս, իմ լսածով, պրն Հարությունյանը ոչինչ չի ասել: Ուստի չի բացառվում, որ հենց այդ քննարկումների արդյունքում որոշեն, որ հին Ընտրական օրենսգիրքն ավելի նպատակահարմար է:

– Հրապարակվել է կառավարության ծրագրի նախագիծը, որում նշված է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում։ Հնարավոր համարո՞ւմ եք։

– Բարեկամաբար խորհուրդ եմ տալիս՝ երբեք կառավարության ծրագիրը չշփոթել Սահմանադրության հետ, ծրագրում կարելի է գրել ամեն ինչ, և այդ ծրագիրը կառավարությունը կարող է կատարել կամ չկատարել: Կատարելու դեպքում նրան կարող են գովերգել, իսկ չկատարելու դեպքում՝ պահանջել նրա հրաժարականը:

Ծրագրի որևէ դրույթի խախտումն իրավական հետևանք չունի, իսկ Սահմանադրության չկատարումն ու խախտումն առաջացնում է իրավական հետևանք, ուստի չեմ կարծում, թե ընտրությունների հարցը ծրագրային խնդիր է, և հենց սա էր պատճառը, որ ես մինչև մայիսի 8-ը պրն Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը հորդորում էի, խնդրում էի, պահանջում էի, որ Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը համատեղ հուշագիր-պայմանագիր ստորագրեն հետագա գործողությունների հստակ ժամանակացույցով, ընդհուպ՝ մինչև նոր արտահերթ ընտրությունները: Այժմ իրավիճակն այլ է, և անհնար է ծրագրով պարտադրել սահմանադրական որևէ նորմի կիրառում:

Տեսանյութեր

Լրահոս