«Սա մեզ համար օրակարգային հարց է». ԱԳ փոխնախարարը՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման մասին

2017 թվականը ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամենանշանակալից էջերից մեկն էր, քանի որ հաստատվեց  ՀՀ-ԵՄ  համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին» նախնական քննարկումների ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը, և ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։ Ի պատասխան՝ Ա. Պապիկյանն ասաց, որ 2015-ի Ռիգայի և 2017 թվականի Բրյուսելի ՀՀ-ԵՄ ընդունած համատեղ հռչակագրերում ամրագրվել է, որ ՀՀ-ի հետ պատեհ ժամկետներում վիզաների ազատականացման գործընթացը կմեկնարկի.

«Դա նշանակում է, որ ՀՀ-ն և ԵՄ-ն ունեն որոշակի գործողությունների ծրագիր, որ պետք է իրականցնեն։ Խոսքը վերաբերում է նաև ԵՄ որոշ երկրների համաձայնությանը՝ մեկնարկել վիզաների ազատականցման գործընթացը։ Այստեղ ոչ այդքան ԵՄ հանձնաժողովի խնդիրն է, որքան՝ անդամ երկրների։ Բայց մենք հետևողական ենք այս հարցում և բոլոր առիթներով հաստատում ենք, որ սա մեզ համար օրակարգային հարց է»։

Տեսանյութեր

Լրահոս