ՏՀԶԿ-ն 2018թ. համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը նվազեցրել է մինչև 3,8 տոկոս
Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) նվազեցրել է ընթացիկ տարվա համար գլոբալ տնտեսության աճի կանխատեսումը եւ այն անփոփոխ թողել հաջորդ տարվա համար:
2018 թվականին իրական ՀՆԱ-ի աճի գնահատականը մարտին սպասվող 3,9 տոկոսից նվազեցվել է մինչեւ 3,8 տոկոս: Այդ մասին ասված է կազմակերպության զեկույցում: 2019 թվականին 3,9 տոկոս աճ է սպասվում: Անցյալ տարվա արդյունքներով՝ գլոբալ տնտեսությունն աճել է 3,7 տոկոսով:
ՏՀԶԿ-ի ավագ տնտեսագետ Ալվարո Սանթուշ Պերեյրան նշել է, որ գլոբալ ՀՆԱ-ի աճի տեմպերի վերադարձը 4 տոկոսին չարժե չափազանց լավատեսորեն ընկալել, քանի որ դա առաջին հերթին հետեւանք է ոչ թե աշխատանքի արտադրողականության աճի կամ կառուցվածքային վերափոխումների արդյունքն է, այլ դրամավարկային քաղաքականության խթանիչ միջոցառումների:
Նաեւ կանխատեսման մեջ նշվում է աշխատանքի համաշխարհային շուկայում տիրող դրական իրադրությունը: Սպասվում է, որ 2019 թվականին ՏՀԶԿ-ի երկրներում գործազրկությունը 2017 թվականի 5,8 տոկոսից եւ 2018 թվականին կանխատեսվող 5,4 տոկոսից կիջնի մինչեւ 1980 թվականից ի վեր նվազագույն 5,1 տոկոսի նշագիծ: Կանխատեսումների համաձայն, ՏՀԶԿ-ում գնաճը 2018 թվականին կարագանա մինչեւ 2,2 տոկոս եւ 2019 թվականին կհասնի 2,3 տոկոսի:
1961 թվականին ստեղծված ՏՀԶԿ-ն աշխարհի առաջատար տնտեսական կազմակերպություններից մեկն է, որը ներառում է 35 առավել զարգացած պետություններ: Ներկայում դրա մեջ մտնում են՝ Ավստրալիան, Ավստրիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Գերմանիան, Հունաստանը, Դանիան, Իսրայելը, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մեքսիկան, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Չեխիան, Չիլին, Շվեյցարիան, Շվեդիան, Էստոնիան, Հարավային Կորեան եւ Ճապոնիան: ՏՀԶԿ-ին կենտրոնակայանը գտնվում է Փարիզում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: