Բաժիններ՝

Ավարտին է մոտենում ֆրանսիական լազուրի կինոհմայքը՝ Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնը

Ֆրանսիական լազուրի ափին մայիսը մեկնարկեց Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնով, որն այս տարի ազդարարվեց ֆրանսիական կինոյի դասական Ժան Լյուկ Գոդարի «Խելագար Պիերոյի» նույնչափ խելագար համբույրով, որ զարդարում է փառատոնային պալատի՝ Palais De Festival-ի գլխավոր ճակատն ու փառատոնային կից գրեթե բոլոր հաստատություններն ու փողոցային ցուցանակները:

2018-ի պաշտոնական պոստերը, որ մեծ խանդավառությամբ ընդունվեց քաղաք ժամանող հազարավոր հյուրերի կողմից, հեղինակել է 27-ամյա գրաֆիկ դիզայներ Ֆլորե Մակինը, ով իր հերթին՝ ոգեշնչվել է ֆրանսիացի լուսանկարիչ Ժորժ Պիերից՝ 2018-ի Կաննը պատմության մեջ թողնելով Ժան-Պոլ Բելմոնդոյի և Անն Կարինի անմոռանալի համբույրով:

Այսպիսով, ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս «168 Ժամը» բացառիկ հնարավորությամբ ներկա գտնվեց լազուրի ափին անցկացվող հանրահայտ փառատոնի ընթացքին, ականատեսի հայացքով լուսաբանելու համար փառատոնային անցուդարձը: Առաջին բանը, որ պետք է անի այստեղ հայտնված լրագրողը, մամուլի բաժին այցելելն է, որից հետո միայն, ստանալով լրագրողական հավատարմագիրն ու փառատոնային ուղեցույցը, անցնի գործի: Փառատոնային կենտրոն մուտք գործելու համար հարկ է սպասել երկար ձգվող հերթին և անվտանգության աշխատակիցների զննությանը: Սա կատարվում է բազմահազար ու տարատեսակ հյուրեր ընդունող և բաց թողնող փառատոնի աշխատանքները հնարավորինս մատչելի, հարմարավետ և անվտանգ դարձնելու նպատակով:

Ընդարձակ մամուլի կենտրոնը՝ Press hall-ը, որ տեղակայված է փառատոնային կենտրոնի երրորդ հարկաբաժնում, հարմարեցված է միանգամից մեծ թվով լրագրողների անկաշկանդ աշխատանքի արագ և արդյունավետ կազմակերպման համար, որտեղ էլ փառատոնի լուսաբանման համար հավատարմագրված լրագրողներն անցկացնում են իրենց աշխատանքային ժամանակի զգալի հատվածը:

Կարդացեք նաև

Տեղում գործում է լրագրողների համար նախատեսված սուրճի բար, ինչպես նաև WiFi կապ, որ հասանելի է ինչպես՝ փառատոնի հանրահռչակ Կարմիր գորգի վրա աշխատանքներ իրականացնող լրագրողների, այնպես նաև՝ հարակից տարածքում տեղակայված ասուլիսների սրահի համար, որտեղ հյուրընկալվում և օրական 2-3 անգամ մամուլի ներկայացուցիչներին են ներկայանում փառատոնի հանրահռչակ հյուրերը:

Կաննի Փառատոնային պալատը գերհագեցած ստրուկտուրալ կառույց է, որի ներսում գործում են երկու տասնյակից ավելի կենտրոններ, այդ թվում՝ նաև ներկառուցված մի քանի կինոթատրոններ, որոնցից ամենահայտնիները, թերևս, Լյումիեր եղբայրների անունը կրող՝ Grand ThռՉtre LumiՌre և ThռՉtre Claude Debussy կինոդահլիճներն են: Մեծարժեք և բացառիկ բարձրակարգ ֆիլմերի ընտրությամբ հայտնի այս փառատոնն աչքի է ընկնում նաև կինոթատրոնների առջև գոյացող երկար ձգվող մարդկային հերթերով:

Աշխարհի ամենատարբեր անկյուններից Կաննի կինոփառատոն են ժամանում ոչ միայն հայտնի և հանրահռչակ կինոգործիչներ, այլ նաև կինոմանների հսկայական մեծ խմբեր, որոնցից շատերն իրենց նախընտրած ֆիլմերը մեծ էկրաններին վայելելու հաճույքի համար պատրաստ են ոչ միայն ժամերով հերթ կանգնել կինոդահլիճների մուտքերի առջև, այլ նաև ահա այս կերպ ձեռք բերել այս կամ այն ֆիլմի մուտքի տոմսերը:

Կաննի հիմնական ծրագիրը՝ Compռtition-ը, ընդունված է համարել այս փառատոնի ամենահեղինակավոր մրցույթը, ուր այս տարի ներկայացված է 17 ֆիլմ: Փառատոնի հիմնական մրցութային ծրագրի ժյուրին այս տարի գլխավորում է ավստրալական կինոյի և թատրոնի դերասանուհի Քեյթ Բլանշեթը:

Տեղեկացնենք, որ 2018-ի Կաննը այս տարի առանձնացավ նաև հանրահայտ «Աստղային պատերազմներ»-ի նոր սերիայի համաշխարհային պրեմիերայով:

Փառատոնի «Հատուկ հայացք»՝ Un Certain Regard ծրագրում այս տարի ներառված ֆիլմերի քանակն անցնում է 1-ից: Այս ծրագրում ընդգրկված ֆիլմերը փառատոնի մասնակիցները, ինչպես նաև հավատարմագրված լրագրողները հնարավորություն ունեն նայելու փառատոնային հայտնի՝ «Դեբյուսի» կինոդահլիճում:

Արտամրցութային՝ Hors Compռtition, ծրագրում ընդգրկված ֆիլմերը հնարավոր է նայել փառատոնի գլխավոր «Լյումիեր» կինոդահլիճում:

Կինոֆոնդասիոն՝ Cinռfondation, ծրագրում ներառված թվով 15 ֆիլմերը ներկայացնում են աշխարհի տարբեր կինոդպրոցների աշխատանքներ, որոնք հնարավորություն կա նայելու միայն «Բյունուել» կինոդահլիճում:

Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթն այստեղ պակաս հեղինակավոր դիրքերում չէ: Այս մրցութային ծրագրերում ընդգրկված ֆիլմերը հնարավոր է դիտել միաժամանակ երկու կինոդահլիճներում:

Կաննի դասականներ՝ Cannes Classics, ծրագրում տեղ են գտել տարբեր տարիներին ստեղծված դասական կինոյի նմուշներ, ինչպես նաև համաշխարհային կինոմատոգրաֆի հայտնիների մասին պատմող ժապավեններ:

Համաշխարհային կինոծրագրում ցուցադրվում են տարբեր երկրների արտադրության ֆիլմեր: Փառատոնի անցկացման յուրաքանչյուր օրվա ընթացքում ծրագրին մասնակից յուրաքանչյուր երկիր իրավունք է ստանում ներկայացնելու սեփական արտադրության ազգային կինոն:

Այստեղ՝ Կաննում, մեծ հետաքրքրություն է վայելում նաև Կինոն ծովափին՝ Cinռma de la Plage ծրագիրը, որ փառատոնի հյուրերին հնարավորություն է տալիս մեծ էկրանին անվճար նայելու հեղինակավոր այս փառատոնին երբևէ մասնակցություն ունեցած դասականների ֆիլմերը:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս գերհագեցած գրաֆիկով է աշխատում նաև փառատոնի հանրահայտ կինոշուկան՝ Marchռ du Film-ը, որին հավատարմագրված ամենատարբեր պետությունների կինոարտադրող ընկերությունների պաշտոնական պատվիրակություններ փորձում են կինոարտադրության ոլորտում հաջողելու իրենց շանսերը:

Վերադառնալով հոբելյանական կինոփառատոնին՝ նկատենք, որ այն այս տարի ևս անցնում է ֆրանսիական իշխանությունների կողմից նախաձեռնած անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում: Կաննի փողոցներում ամենուրեք սահմանված ոստիկանական հերթափոխն ամեն քայլափոխի է: Առավել ուժեղացված պայմաններում է հսկվում հատկապես փառատոնային կենտրոնը, հարակից տարածքները՝ նույնպես:

Տեղեկացնենք, որ այս տարի Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնը մեկնարկել է մայիսի 8-ին և կավարտվի մայիսի 19-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս