«Քննարկումների արդյունքներից և առաջադրված թեկնածուներից է կախված, թե ինչ դիրքորոշում կորդեգրենք»
Ազգային ժողովում ՀՀ վարչապետի՝ մայիսի 1-ին նախատեսված ընտրության հարցի քննարկմանն ընդառաջ խորհրդարանական չորս խմբակցությունները վարչապետի թեկնածուի վերաբերյալ քննարկումները շարունակում են:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն «Արմենպրես»-ին փոխանցեց, որ Դաշնակցությունը դեռ կոնկրետ որոշում չունի վարչապետի թեկնածուի վերաբերյալ: «Ազգային ժողովի նիստին ընդառաջ մեր որոշման մասին տեղեկատվություն կստանաք»:
Հարցին` հնարավո՞ր է ՀՅԴ-ն որոշում կայացնի սատարել Նիկոլ Փաշինյանին, Համբարձումյանն ասաց, որ նման օրակարգ այս պահին չունեն, սակայն հայտնեց, որ առաջիկա օրերին հանդիպումներ և քննարկումներ կունենան Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների հետ: «Հարցերի բավականին մեծ շրջանակ ունենք, որոնց վերաբերյալ հետաքրքիր են պարոն Փաշինյանի և նրա կողմնակիցների մոտեցումները: Նաև այդ քննարկումների արդյունքներից և առաջադրված թեկնածուներից է կախված, թե ինչ դիրքորոշում կորդեգրենք»,- ասաց Արսեն Համբարձումյանը:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նաև չբացառեց, որ կուսակցությունը վարչապետի պաշտոնում կառաջադրի սեփական թեկնածուին: