ԱՄՆ-ը կրոնական ազատությունների սահմանափակման համար խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխանություններին
ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովը հրապարակել է 2018 թ. զեկույցը, որն արտացոլում է աշխարհի երկրներում 2017 թ. կրոնական ազատությունների իրավիճակը: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները 2017 թ. ողջ ընթացքում շարունակել են երկրում խստորեն սահմանափակել կրոնական ազատությունները:
Ադրբեջանում կրոնական ազատությունները սահմանափակվում են, ինչպես համապատասխան օրենսդրական կարգավորումներով, այնպես էլ քրեական օրենքներով:
«Ադրբեջանում շարունակվել են ոստիկանության կողմից կրոնական տարբեր խմբերի դեմ իրականացվող հետապնդումները: Կրոնական խմբերի առաջնորդները հանրության շրջանում քարոզչություն իրականացնելու համար ենթարկվել են տարբեր տույժերի և տուգանքների»,-նշվում է զեկույցում:
Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև «Մուսուլմանական միասնություն» շիական խմբի ներկայացուցիչներին, որոնցից 12-ը «Նարդարանի գործով» դատապարտված են 12-17 տարվա ազատազրկումների:
2015 թվականի նոյեմբերի 27-ի կեսօրին նամազի ժամանակ իրավապահները ներխուժել էին Նարդարանի շիական «Իմամ Հուսեին» մզկիթ, հայհոյանքներ տեղացել այնտեղ գտնվողների հասցեին, բռնություններ գործադրելով ձերբակալել Ադրբեջանի շիաների առաջնորդ Թալե Բաղըրզադեին և ևս 14 հավատացյալների: Ոստիկանների գործողությունները զայրացրել են Նարդարանի բնակիչներին: Նրանց և ոստիկանության միջև բախումներ են սկսվել: Փոխհրաձգությունների հետևանքով երկու ոստիկան և 5 բնակիչ սպանվել են: Հաջորդ օրերին իսլամիստների և ոստիկանության միջև բախումներ են սկսվել նաև Գյանջայում, Լենքորանում և այլ քաղաքներում:
Ադրբեջանի ՆԳՆ-ն և Գլխավոր դատախազությունը միջադեպի առնչությամբ հայտարարություն էին տարածել, որում ասվում էր, որ ավանի շիա առաջնորդները ծրագրում են բռնությամբ փոխել սահմանադրական կարգը և երկրում շարիաթի նոր օրենքներ մտցնել, ինչի նպատակով նրանք ստեղծել են «Մուսուլմանական միասնություն» անվամբ շարժում, սկսել են իրենց կողմնակիցներ հավաքագրել Բաքվում ու երկրի մյուս շրջաններում և մատակարարել նրանց զենքով ու պայթուցիկ նյութերով: «Բացի այդ խումբը Նարդարան ավանում անօրինական հավաք է անցկացրել` քննարկելով իշխանությանն անհնազանդության ակցիայի կազմակերպում և թռուցիկներ բաժանել բնակչությանը և որոշել է պետական չինովնիկների ցուցակը, որոնց դեմ ահաբեկչական գործողություներ էր նախապատրաստվում»,-,նշվել էր հայտարարության մեջ: