«Ես չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ, բայց՝ ոչ այդպես». Կարեն Կարապետյան

«Ասել եմ, որևէ փակ օրակարգ չկա՝ ընդհուպ մինչև արտահերթ ընտրություններ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:

Նա լրագրողներին հորդորեց հանդուրժողականության կոչեր անել. «Մենք այսօր որևէ սահմանափակում քաղաքական օրակարգում չենք դնում ու չենք էլ դրել: Ամենատրամաբանական լուծումն այն է, որ քաղաքական կուսակցությունները նստեն, քննարկեն: Եթե որոշեն, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կա, ըստ դրա շարժվենք առաջ: Եթե այսպես շարունակենք, ունենալու ենք տնտեսական խնդիրներ, ապակայուն վիճակը մեր երկրին օգուտ չի կարող տալ: Ես հորդորում եմ մեր ժողովրդին մաքսիմալ սթափ մտածել: Մենք բավարարել ենք կետեր, մենք հայտարարում ենք, որ քաղաքական ուժերը նստելու և խոսելու են, մեկս մյուսի վրա չճնշենք»:

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ մինչև արտահերթ ընտրություններ ժողովրդի թեկնածուն պետք է ընտրվի վարչապետ՝ Կ. Կարապետյանն այսպես պատասխանեց.

«Այսպես կոչված, ժողովրդի թեկնածուն ո՞րն է: Ես որևէ մի երկիր չեմ տեսել, որտեղ ժողովրդի ընտրած թեկնածուն այդպես է ընտրվում: Այնտեղ քաղաքացիները դժգոհ են, բայց ո՞նց չափենք, որ այդ քաղաքացիներն ուզում են Նիկոլ Փաշինյանին, կարող է՝ այլ քաղաքացիներն էլ չեն ուզում: Դրա համար ասում ենք՝ եկեք արտահերթ ընտրություններ անենք, եթե ժողովրդի ընտրյալն ինքն է, ինքը կլինի:

Կարդացեք նաև

Այլ տարբերակ էլ կա, այսօր Սահմանադրությունը չի արգելում, որ իրենց խմբակցությունը ներկայացնի իր թեկնածությունը, և եթե հաղթեն, ապա՝ այո, բայց մենք չենք կարող սուբյեկտիվ հատվածներ ստեղծել»:

Լրագրողի ճշտող հարցին՝ Դուք բացառո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի առաջարկած տարբերակը՝ Կ. Կարապետյանն պատասխանեց, որ բացառում է. «Ժողովրդի ընտրյալը այսպես չի ընտրվում, որովհետև նա ընտրությամբ է ընտրվում: Ես չեմ բացառում, որ նա ընտրվի, բայց՝ ոչ այդպես»:

Տեսանյութեր

Լրահոս