«ՀՀԿ-ական որևէ թեկնածու չի լինելու ՀՀ վարչապետ». Նիկոլ Փաշինյան
«ՀՀ-ում մեր քաղաքական շարժումն այսօր վայելում է բնակչության 90 տոկոսի և Սփյուռքի աջակցությունը, և այսօր ոչ ոք չի կարող ժողովրդից խլել այդ հաղթանակը». միջազգային լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քայլ արա» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Այդպիսի բան չի լինի, որ ՀՀԿ-ական որևէ թեկնածու լինի ՀՀ վարչապետ: ՀՀ-ում ՀՀԿ ժամկետը վերջացել է, ցանկացած փորձ՝ վերակենդանացնելու այդ կուսակցությունը, ոչ մի բանի չի բերի»,- ասաց Փաշինյանը:
Ի պատասխան այն հարցի, թե արդյոք պատրաստ է լինել վարչապետ, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես արդեն ասել եմ, որ եթե ժողովուրդը դնի նման պարտականություն, ես իհարկե կստանձնեմ այն: Ես հասկանում եմ, որ կա շատ հավանականություն, որ այդպես էլ կլինի»,- ասաց նա:
Հարցին, թե ՀՀԿ-ից կա նման երաշխիք, որ նրան էլ կընտրեն, Փաշինյանը պատասխանեց, որ իրենց օրակարգի պահանջների երրորդ կետը հենց դրան է վերբերել:
«Մենք պետք է երաշխավորենք բացարձակապես ազատ ու օրինական ընտրությունը երկրում, որովհետև բոլորս համոզված ենք, որ ՀՀ-ում քաղաքական ճգնաժամը սկսվեց այն ժամանակ, երբ մարդիկ տոտալ սկսեցին չվստահել ընտրություններին, և առաջին բանը, որ պետք է անենք, բարեփոխել Ընտրական օրենսգիրքը և քաղաքական կուսակցությունների մասին օրենքը»,- ասաց նա: