Սարգսյանն ու Ալիևը լուծեցին հարցերը. նոր իրավիճակ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում իշխող ՀՀԿ-ն նախօրեին տեղի ունեցած գործկոմի նիստում կայացրեց Սարգսյանին վարչապետի թեկնածու առաջադրելու պաշտոնական որոշումը: Որոշումը կայացվել է միաձայն:
Նախօրեին, գրեթե «միաձայն» Ադրբեջանի նախագահի պաշտոնում է վերընտրվել Ադրբեջանի նախագահ Ալիևը, որը հոկտեմբերին նախատեսված հերթական նախագահական ընտրությունները տեղափոխել էր ապրիլի 11 և անցկացրել արտահերթ նախագահական ընտրություններ: Ալիևը, ըստ նախնական տվյալների, ստացել է մոտ 90 տոկոս ձայն, ինչը, սակայն, խանական Ադրբեջանի պայմաններում ամենևին արտառոց բան չէ:
Այդպիսով` Հայաստանում և Ադրբեջանում 2018թ. ապրիլը հաստատում կամ վերահաստատում է իշխանական կոնֆիգուրացիաները կամ ստատուս քվոն, ու դա տեղի է ունենում աշխարհաքաղաքական դիմակայության բավականին բարձր, գերբարձր լարվածության ֆոնին, երբ աշխարհը կանգնած է գրեթե նոր Կարիբյան ճգնաժամի շեմին, իհարկե` հույսով, որ այս անգամ էլ ճգնաժամը չի վերաճի միջուկային տերությունների միջև բախման:
Նրանց միջև ուղիղ բախումներից խուսափումը մի կողմից կարող է նշանակել լիցքաթափում, մյուս կողմից` կարող է նշանակել, որ ուղիղ բախման տարբերակին նրանք կնախընտրեն անուղղակի, այսինքն` որևէ այլ տիրույթում այլ սուբյեկտների միջոցով բախումը: Ու քանի որ այդպիսի տարբերակի հնարավոր օջախ կարող են լինել կոնֆլիկտային գոտիները, ապա Հայաստանն ու Ադրբեջանն այդպիսի գոտի են:
Մյուս կողմից` այս գոտին գոնե առայժմ այն բացառիկ տարածքն է, որտեղ դիմակայության մեջ գտնվող ԱՄՆ-ն և Ռուսաստանը գերազանցապես գործակցում են, քան բախվում:
Կփոխվի՞ որևէ բան ապրիլից հետո, թե՞ ոչ, սա է խնդիրը, և այս հարցը առաջացել է հենց այն պահից, երբ Ալիևը հոկտեմբերին տեղի ունենալիք հերթական ընտրությունը տեղափոխեց ապրիլ` արտահերթի, շատերի մոտ տպավորություն ստեղծելով, որ ցանկանում է ազատել ձեռքերը ռազմական գործողությունների համար:
Ալիևի տոկոսները, իհարկե, նրա ձեռքերն ազատելու պարարտ հող են, մյուս կողմից` անկասկած է, որ տոկոսներով չէ, որ այդ հարցը լուծվելու է, այլ աշխարհաքաղաքական գործոնների և Հայաստանի պաշտպանունակության գործակցի վիճակով: Այդ իմաստով Հայաստանի պաշտպանությունն ավելի բարձր է, քան երկու տարի առաջ ապրիլին, և Հայաստանը, մեղմ ասած, ավելի խոցելի չէ: Մյուս կողմից, սակայն, Ալիևի համար մարդկային կյանքը երբեք չի ունեցել արժեք, և այդ իմաստով կարևոր է, թե ինչպիսին է աշխարհաքաղաքական ֆոնը:
Այստեղ իհարկե, Ապրիլյան քառօրյայից հետո Ադրբեջանի համար վիճակը, մեղմ ասած, հուսադրող չէ, և դա բարեբախտաբար, որովհետև Ադրբեջանի հոգսը պատերազմն է, հետևաբար եթե չկա հույս, ուրեմն կա խաղաղություն: Ալիևն, անկասկած, հույս ունի, որ աշխարհաքաղաքական դիմակայությունը կբերի պատերազմի հնարավորության:
Ադրբեջանի նախագահի համար, իհարկե, զոհերը և ավերածությունները` թե´ իր, թե´ Հայաստանի կողմից, խնդիր չեն: Նրա համար կարևորն այն է, որ ունենա ազդեցիկ ուժային հովանի, որ ռազմական ավանտյուրայի համար չկրի, այսպես ասած, քաղաքական պատասխանատվություն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: