«ԵԱՏՄ-ն չի սահմանափակել Հայաստանի մուտքն այլ շուկաներ». Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը համոզված է, որ Հայաստանի համար ճիշտ որոշում է եղել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը՝ վստահեցնելով, որ դա չի սահմանափակել երկրի մուտքն այլ շուկաներ:

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, Կարեն Կարապետյանն ասաց, որ Հայաստանը մուտք է գործել 180 միլիոնանոց շուկա՝ ստանալով արտոնյալ ռեժիմներ:

«Բացի նրանից, որ մենք սրանով զարգացրել ենք մեր ներքին ներուժը, նաև ներդրողների հրավիրելու խնդիր ենք լուծել»,- ասաց Կարապետյանը:

Նա չհամաձայնեց Էդմոն Մարուքյանի դիտարկման հետ, թե Հայաստանը, անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, սահմանափակել է իր մուտքն այլ շուկաներ:

Կարեն Կարապետյանն ասաց, որ 2017թ. Հայաստանի ներմուծման և արտահանման աճն ավելի շատ բաժին է ընկել այլ շուկաներին:

Նա հիշեցրեց, որ Հայաստանն ունի GSP+ արտոնյալ ռեժիմ Եվրոպական Միության, GSP ռեժիմ ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կանադայի, Շվեյցարիայի և այլ երկրների հետ:

Տեսանյութեր

Լրահոս