«ԱՄՆ-ը ԼՂ դիվանագիտական ճակատում և Հայաստանի հետ հարաբերություններում ավելին կարող է անել». քննարկում CSIS-ում

«Երբ գերտերությունները վերանայում են իրենց հարաբերությունները, ԱՄՆ-ը կարող է ավելին անել Ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական ճակատում»,- ժամեր առաջ ԱՄՆ ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS) տեղի ունեցած «Հայաստանի նոր մարտահրավերները. ինչպես պետք է արձագանքի Արևմուտքը» թեմայով քննարկմանը նման տեսակետ հայտնեց Վաշինգտոնի «Ազգային ժողովրդավարություն» հիմնադրամի Ռուսաստան և Եվրասիա բաժնի գործադիր տնօրեն, հեղինակավոր վերլուծաբան Միրիամ Լանսկոյը՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին՝ սկսած 2008 թվականից, ապրիլյան պատերազմին ու տարածաշրջանային զարգացումներին:

Վաշինգտոնի «Ազգային ժողովրդավարություն» հիմնադրամի Ռուսաստան և Եվրասիա բաժնի գործադիր տնօրեն Միրիամ Լանսկոյն իր ելույթը սկսեց Հայաստանում 2008 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրություններից, հետընտրական զարգացումներից, ընդդիմության հանրահավաքներից, ապա խոսեց հաջորդ տարիներին արտահայտված՝ ընդդիմության ոչ միասնականության մասին, երիտասարդության կողմից թեմատիկ պայքարներին, ինչպիսին Մաշտոցի պուրակի պահպանումն էր, «Էլեկտրիկ-Երևանը», հանքարդյունաբերության դեմ պայքարը, քանի որ, նրա խոսքով, երիտասարդությունը Հայաստանում չի հավատում քաղաքական կուսակցություններին, կազմակերպություններին:

«Նրանք չեն ձգտում քաղաքական փոփոխության, միայն էլեկտրաէներգիայի գին, պուրակ, և ոչ ավելի ընդարձակ քաղաքական կոնտեքստ»,- ասաց Լանսկոյը:

Վերլուծաբանը ներկայացրեց նաև Հայաստանում նախաձեռնված սահմանադրական փոփոխությունները՝ որպես իշխանության փոխանցման միջոց: «Սպասումներն այնպիսին են, որ Սարգսյանը կդառնա վարչապետ»,- նշեց նա:

Խոսելով 2016 թվականի ապրիլյան պատերազմից և Ռուսաստանի դերակատարությունից` Լանսկոյն ասաց.

«Նրանք ակնկալում էին, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանին, կպաշտպանի Հայաստանին: Ապրիլյան պատերազմից հետո, կարելի է ասել, որ երկու բնույթի հիասթափություններ ի հայտ եկան` Հայաստանի երկու նախագահները Ղարաբաղից էին եկել, մասնավորապես՝ անվտանգության և պաշտպանության ոլորտից, սակայն պարզվեց, որ ռազմական ոլորտը պատրաստ չէր պատերազմին, և պատերազմից ոչ շատ ուշ երկու գեներալներ հեռացվեցին իրենց պաշտոններից, որոնցից մեկը պատասխանատու էր գնումների համար, այսինքն` կա հիասթափություն Կառավարությունից, որ Ղարաբաղյան հարցի համար զոհաբերություն եղել է, բայց երկիրն անպատրաստ է եղել պատերազմին:

Կար նաև հիասթափություն, որ Ռուսաստանն ավելին չի անում: Եղել է միջադեպ, որ ռուս զինծառայողը ընտանիք է սպանել, որը ևս ձևավորեց Ռուսաստանի դերակատարության գնահատում»:

Հեղինակավոր վերլուծաբանը խոսեց նաև «Սասնա ծռերի» գործողության մասին՝ ասելով, որ պատերազմն ու «Սասնա ծռերի» ճգնաժամն այն իրական խնդիրների ցուցիչներն են հայաստանյան քաղաքականության մեջ, որոնք արտահայտված չեն նորմալ քաղաքական գործընթացների միջոցով:

Անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումներին, Լանսկոյն ասաց, որ նկատում է «տեկտոնական տեղաշարժեր» տարածաշրջանում` ավելի ուժեղ Թուրքիա, ռուս-թուրքական մերձեցում, ուժեղ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններ, Հայաստանը չափազանց մեկուսացված է այդտեղ, Հայաստանը CEPA է ստորագրել Եվրոպայի հետ:

«Այս վերադասավորության փուլում, երբ գերտերությունները վերանայում են իրենց հարաբերությունները, ԱՄՆ-ը կարող է ավելին անել դիվանագիտական ճակատում՝ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև, որոնք ցանկանում են ավելի մեծ ԱՄՆ դերակատարություն՝ չցանկանալով ռուսական խաղաղապահներ: Բայց կա մեծ վտանգ, որ այս խնդիրներն էլ ավելի կմեծանան:

Ավելի շատ հետազոտական օրակարգ պետք է լինի՝ ավելի լավ վերլուծելու համար ոչ միայն՝ Հայաստանի, այլև՝ տարածաշրջանի մյուս երկրների քաղաքականությունը, հասկանալու համար` ինչպես է այնտեղ քաղաքականությունն աշխատում: Եթե մենք ավելի լավ հասկանանք, թե ինչպես է բիզնեսն ու քաղաքականությունն աշխատում, ավելի կանխատեսելի ու հեշտ կլինի մեզ համար հասկանալ:

Շատ բան կա, որ ԱՄՆ-ը կարող է անել դիվանագիտական ֆրոնտում ՄԽ-ի և ԵԱՀԿ-ի միջոցով. Պետք է աշխատենք ավելին անել Ղարաբաղում, մենք պետք է աջակցենք, նաև մարդու իրավունքներին, արժեքներին ու ժողովրդավարությանը, չկրճատենք ֆինանսավորումը»,- ասաց Միրիամ Լանսկոյը:

Տեսանյութեր

Լրահոս