Ապրիլյան պատերազմից երկու տարի անց. Ղարաբաղում իրավիճակը շարունակում է վտանգավոր լինել

Ուղիղ երկու տարի է անցել Հարավային Կովկասի ամենաբարդ և երկարաձգված ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնկված քառօրյա պատերազմից, որը, չնայած տասնամյակներ քննարկված և չբացառված, սակայն սառը ցնցուղ դարձավ թե՛ հակամարտող կողմերի, և թե՛ միջազգային հանրության համար։ Սակայն ապրիլյան պատերազմից երկու տարի անց ևս հակամարտության տարածաշրջանը գոյատևում է խոցելի խաղաղության, կիսատ հրադադարի, ամեն վայրկյան հակամարտության բռնկման սպառնալիքի և չհամաձայնեցված մի շարք հարցերի ներքո։

2016 թվականի ապրիլյան ողբերգական իրադարձությունները, որոնք, ըստ պաշտոնական տվյալների, երկու կողմերից խլեցին 300 մարդու կյանք, մի շարք հեղինակավոր միջազգային փորձագիտական կենտրոնների վերլուծությունների համաձայն՝ կարող են նոր թափով կրկնվել ցանկացած պահի։

Այսօր լրանում է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի վերսկսման երկրորդ տարին։ Ապրիլյան ռազմական գործողությունները սկսվեցին 2016 թվականի ապրիլի 2–ի գիշերը և ավարտվեցին ապրիլի 5-ին` Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբների պետերի հանդիպման ընթացքում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության արդյունքում:

Հայկական կողմը ռազմական գործողությունների հետևանքով ունեցավ մոտավորապես 100 զոհ և 800 հա տարածքի կորուստ։

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ չնայած տևական ժամանակ հոռետեսական սպասումներին՝ թվում էր, որ ապրիլյան պատերազմը բոլորի, այդ թվում՝ համանախագահ երկրների համար, հակամարտության կարգավորման համար զգալի ազդակ կդառնա։

«Եվ իսկապես որոշ քայլեր նախաձեռնվեցին, իրավիճակին անմիջապես արձագանքեց Մոսկվան, որից հետո կազմակերպվեց բարձր մակարդակի հանդիպում Վիեննայում, կարծես թե ձեռք բերվեցին կոնֆլիկտի գոտում հրադադարը վերահսկելու և միջադեպերն արձանագրելու մեխանիզմներ: եվ կողմերն ու համանախագահ երկրները մինչ այժմ աշխատում են այդ գործիքները գործի դնելու, համաձայնեցնելու վրա: Միջնորդները ներկայումս ևս ճնշումներ են գործադրում կողմերի նկատմամբ, բայց ադրբեջանական կողմին ձեռնտու չեն այդ գործիքները, ուստի Ադրբեջանը փորձում է տապալել այդ համաձայնությունների կյանքի կոչումը: Իսկ խաղաղության հարցը պայմանագրի տեսքով ընդհանրապես հեռու է բանակցային սեղանից, իմ տպավորությունների համաձայն»,- նման տեսակետ հայտնեց Ալեքսանդր Սկակովը:

Սակայն, ըստ նրա, ինչպես՝ ապրիլյան պատերազմից առաջ, այնպես էլ՝ ներկայումս, բանակցային գործընթացը շարունակվում է՝ առանց էական արդյունքների: «Բանակցություններ՝ բանակցությունների և շփումների համար»,- պնդում է Սկակովը:

Ապրիլյան պատերազմի ձեռքբերումը, նրա խոսքով, հայկական կողմի արդիականացված հենակետերն են, սպառազինության համալրումը, պաշտպանության համակարգում առկա խնդիրների վերացումը, քանի որ ապրիլյան պատերազմը հայկական պաշտպանության և անվտանգության համակարգի համար «լակմուսի թուղթ» դարձավ: Նրա խոսքով՝ այս քայլերը Հայաստանին ավելի պաշտպանված և անվտանգ են դարձնում, բայց հակամարտության բռնկման սպառնալիքն առկա է, քանի դեռ հակամարտությունը լիովին կարգավորված չէ:

Ուստի, Սկակովի համոզմամբ, համանախահներից և այն երկրներից ու կենտրոններից, որոնք ազդեցություն ունեն, պահանջվում են մեծ ռեսուրսներ, ուշադրություն, ջանքեր, որպեսզի հակամարտության գոտում նոր անակնկալներ չլինեն: «Որքան էլ որ ներկայումս հակամարտությունը կարծես որևէ կողմի և միջնորդի համար մեծ խնդիր չէ, այն կարող է դառնալ մեծ խնդիր, ապրիլյան դասը դա էր, պետք է զգոն աշխատել»,- ասաց Սկակովը:

Մեզ հետ զրույցում ամերիկացի վերկուծաբան Փոլ Գոբլն ասաց, որ իր տպավորությամբ՝ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանն ավելի պաշտպանված է իրեն զգում, քանի որ մի շարք սխալներ է ուղղել: Դրանք, նրա խոսքով, նվազեցնում են պատերազմի վերսկսման հավանականությունը:

«Բայց չկարգավորված հակամարտությունը գործիք է բոլորի ձեռքում, կողմերը պետք է շահագրգռված լինեն հակամարտության կարգավորմամբ, որպեսզի միջնորդներն այն չօգտագործեն այնպես, ինչպես միշտ արել են ու դեռ կանեն»,- այս կարծիքին է Փոլ Գոբլը:

Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմին հաջորդած երկու տարիների ընհթացքում ինտենսիվ բանակցային գործընթաց չի եղել, կարգավորման որևէ արդյունավետ ծրագիր չի եղել, ինչպես միշտ: «Ներկայումս էլ ԼՂ հակամարտությունն ամերիկյան շահերի գոտուց շատ է հեռացել, որը Ռուսաստանին թույլ է տալիս իրացնել իր շահերն այնպես, ինչպես ցանկանում է: Իսկ ՌԴ շահն Ադրբեջանին ԵՏՄ անդակցության մղելն է, որը Ռուսաստանը գուցե անի՝ ի հաշիվ հայկական շահերի, ինչպես միշտ»,- ասաց Գոբլը:

Նրա համոզմամբ՝ Հայաստանը պետք է միջնորդների հետ այնպիսի քաղաքականություն վարի, որպեսզի կարողանա չեզոքացնել հնարավոր բոլոր վտանգները:

«Հայաստանն ինքը պետք է շահագրգռված լինի դրանով, քանի որ մեծ հետաքրքրություն Ղարաբաղի ուղղությամբ չկա, թեև ԱՄՆ-ում ընդունեցին Արցախի նախագահին, և այլն: Բայց դա ես չէի փորձի որակել՝ որպես ամերիկյան մոտեցումներում համակարգային փոփոխություն»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս