Չինական «Տյանգուն» տիեզերակայանն այրվել է Խաղաղ օվկիանոսի մթնոլորտում
Չինական «Տյանգուն-1» («Երկնային պալատ-1») տիեզերակայանն այրվել է Խաղաղ օվկիանոսի հարավային մասի մթնոլորտում: Այս մասին հաղորդել է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի գերատեսչական վարչությունը։ Կայանը մթնոլորտ է մտել Պեկինի ժամանակով 08:15-ին (Երեւանի ժամանակով 04:15-ին) Խաղաղ օվկիանոսի հարավային մասում:
Բեկորների մեծ մասն այրվել է՝ չհասնելով մոլորակի մակերեւույթ: «Տյանգուն-1» օդաչուավոր տիեզերակայանը՝ 8,5 տոննա զանգածով, 12 մետր երկարությամբ եւ 3,3 մետր տրամագծով, ուղեծիր է դուրս բերվել 2011 թվականի սեպտեմբերին: Հետագա երկու տարում դրան երու անգամ կցվել են «Շենչժոու» շարքի տիեզերանավեր, սակայն դրա նկատմամբ վերահսկողությունը կորել է: Մասնագետները դա կապում են այն բանի հետ, որ ուղեծրի շտկման համար նախատեսված շարժիչները ծախսել են ամբողջ վառելիքը: Ներկայում Երկրի ուղեծրում մնում է Չինաստանի «Տյանգուն-2» տիեզերական լաբորատորիան: