Ինչու է Սերժ Սարգսյանը հավակնում վարչապետի պաշտոնին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս հրապարակված եւ արդեն բավական հայտնի հարցազրույցում խոսելով իր վարչապետության հնարավորության մասին եւ, այսպես ասած, ձերբազատվելով 2014-ի հայտնի խոսքի «կալանքից»՝ Սերժ Սարգսյանը մի կողմից՝ հայտարարեց, որ հավանական է իր վարչապետ լինելը, մյուս կողմից, սակայն, այդ կարգավիճակին կամա թե ակամա տվեց բավականին առանձնահատուկ եւ յուրօրինակ իմաստ կամ ֆունկցիոնալ նշանակություն:

Սարգսյանը հայտարարեց, որ վարչապետ կլինի մի հավելումով՝ սահմանադրական պարտականությունների կատարմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ է հատկացնելու իր փորձը երիտասարդներին փոխանցելուն, ընդ որում՝ անկախ կուսակցական պատկանելությունից եւ քաղաքական դիրքավորումից, քանի որ մենք ունենք քաղաքական երիտասարդ լիդերների խնդիր:

Այդ խնդիրը իսկապես անհերքելի է, թեեւ խնդրի առաջացման պատճառն էլ մեծ մասով գտնվում է հենց իշխող քաղաքական ուժի գործունեության, վարքագծի դաշտում: Խնդիրը տվյալ դեպքում, սակայն, այլ է՝ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնը զբաղեցնելու պարագայում փաստորեն պատրաստվում է հեռու մնալ ընթացիկ կառավարումից: Դրա մեկ այլ վկայություն էր այն ելույթը, որ նա ունեցավ նույն օրը ՊՆ օպերատիվ հավաքի մասնակիցների առաջ:

Սերժ Սարգսյանը վարչապետության կարգավիճակում փաստորեն կենտրոնանալու է երիտասարդ լիդերներ պատրաստելու եւ զինված ուժերի, այսպես ասած, արդիականացման-կառավարման խնդիրների վրա՝ ընթացիկ պետական կառավարման համար պատասխանատվությունը թողնելով արդեն խորհրդարանական մեծամասնությանը, փոխվարչապետերին եւ նախարարներին:

Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում իրեն պատկերացնում է ավելի շատ «քաղաքական պատրիարքի», քան խորհրդարանի մեծամասնությանը ենթակա եւ հաշվետու գործչի դերում:

Սրա մասին է թերեւս խոսում նաեւ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու նախաձեռնությունը, ինչի վերաբերյալ արդեն իսկ կարծիքներ հնչել են, որ Սարգսյանը գուցե ամենեւին մտադրություն չունի մասնակցելու բոլոր նիստերին կամ մասնակցելու, այսպես ասած, ընթացիկ կառավարչի դիրքերից, եւ այս հանգամանքը պարզապես «հանվում» է եթերից:

Այդպիսով, ստացվում է բավականին հետաքրքիր մի իրավիճակ, եւ Սերժ Սարգսյանն ըստ ամենայնի վարչապետի պաշտոնին սկսում է հավակնել ներիշխանական բալանսի փլուզում թույլ չտալու համար, խորհրդարանական կառավարման բազմակենտրոն համակարգի ֆունկցիոնալություն ապահովելու համար:

Սարգսյանը այդ բանը կարող էր անել ՀՀԿ նախագահի կարգավիճակում, դասավորությունն ու իրավիճակը դա թույլ էր տալիս, սակայն ըստ երեւույթին Սարգսյանի համար այդ երաշխիքները չեն եղել բավարար, ընդ որում՝ ավելի շատ գուցե ոչ թե ներքին, այլ արտաքին շարժառիթներից կամ պատճառներից ելնելով:

Խնդիրը տվյալ դեպքում այն չէ, որ Սարգսյանը, չունենալով դե յուրե գերակա իշխանություն, իշխանությունը շատ արագ կկորցներ նաեւ ՀՀԿ նախագահի կարգավիճակում: Դրանք գերազանցապես իներցիոն, կարծրատիպային ելակետեր ունեցող պնդումներ են, քանի որ կառավարման նոր մոդելն ու համակարգը ստեղծում են ներքաղաքական եւ ներիշխանական խաղի լիովին նոր տրամաբանություն ու հնարավորություններ, բազմազանեցնում եւ բազմաշերտ են դարձնում ներիշխանական միջավայրը եւ տարածական դարձնում իշխանություն հասկացությունը, գործնականում բարդացնում թավշյա հեղաշրջումների հնարավորությունը:

Տվյալ պարագայում նրա խնդիրը համակարգը արտաքին ազդեցությունների համար պաշտպանության որոշակի հուսալիության բերելն է, եւ այդ կապակցությամբ նաեւ ծագում է հարց՝ Սերժ Սարգսյանին հիպոթետի՞կ վտանգն ու ռիսկերն են ի վերջո բերել վարչապետության մասին հայտարարելու անհրաժեշտության, թե՞ շատ կոնկրետ արտաքին ռիսկերի սպասումները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս