Բաժիններ՝

Արդյո՞ք Հայաստանին անապատացում է սպառնում

Մենք այնքան էլ չենք սիրում պահպանել բնությունը և ամեն քայլափոխի աղբակույտի ենք վերածում կանաչ տարածքները, գետերն ու լճերը: Մինչդեռ բնությունն այնքան էլ շռայլ չի գտնվել մեր հանդեպ. Հայաստանը գետերով ու լճերով հարուստ չէ, ջրվեժների քանակը քիչ է, շատ դեպքերում էկոհամակարգը մարդկային գործունեության արդյունքում քայքայվում է:

ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների մասին 2006 թվականի օրենքի համաձայն, բնության հատուկ պահպանվող տարածք են հանդիսանում ցամաքի՝ ներառյալ` մակերևութային ու ստորերկրյա ջրերը և ընդերքը, համապատասխան օդային ավազանի` սույն օրենքով առանձնացված տարածքները և առանձին բնական օբյեկտները, որոնք բնապահպանական, գիտական, կրթական, առողջարարական, պատմամշակութային, ռեկրեացիոն, զբոսաշրջության, գեղագիտական արժեք են ներկայացնում, և որոնց համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ:

Ջրվեժները ևս հատուկ պահպանվող տարածք են հանդիսանում, որոնց պահպանումն աղտոտումից ՀՀ պետական, նաև համայնքային իշխանությունների գործառույթն է:

Բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանման գոտին այն տարածքն է, որի ստեղծման նպատակն է՝ սահմանափակել բացասական մարդածին ներգործությունը բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգերի, կենդանական ու բուսական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների վրա:

Բնության հատուկ տարածքների մասին օրենսդրության հիմնական խնդիրներից է էկոհամակարգերի բնականոն զարգացման վրա մարդածին բացասական ազդեցության կանխարգելումը կամ մեղմացումը: Սակայն, հաշվի առնելով մեր բնության աղտոտվածության մակարդակը, կարելի է ասել՝ գործնականում օրենքի այս կետը ոչ միշտ է կիրառվում:

Օրենքով պետական սեփականության տարածքներում բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, դրանցում գիտական ուսումնասիրությունների և բնապահպանական միջոցառումների կատարման ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցներից, այդ տարածքներում տարբեր ծառայությունների մատուցման դիմաց ստացված վճարումներից, հովանավորչական, նվիրատվական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:

Համայնքային սեփականության տարածքներում բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և բնապահպանական միջոցառումների կատարման ծախսերը ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներից, համայնքային բյուջեից, հովանավորչական, նվիրատվական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:

Այս անգամ 168.am-ն անդրադառնալու է բնապահպանական մեծ նշանակություն ունեցող ջրվեժներին:

Բացի նրանից, որ ջրվեժները գեղեցիկ են, նաև առողջական մեծ նշանակություն ունեն մարդկության համար:

Հայաստանում ջրվեժների թիվը մեծ չէ: Դրանցից մեկը Շիրակի և Լոռու սահմանագծին գտվող Թռչկանի ջրվեժն է, որը գտնվում է Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչխան գետի վրա։ Չիչխան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից։ Ունի 29 կմ երկարություն, Թռչկան ջրվեժը 2008 թվականից մտել է բնական հուշարձանների ցանկ, Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժն է՝ իր 23.5 մետր բարձրությամբ ու միջին մոտ 1.5 տոննա վայրկյան ջրի ծախսով։

Ոչ վաղ անցյալում Թռչկանի ջրվեժի մասին հիշատակումները մամուլում բազմաթիվ էին՝ կապված «Ռոբշին» ՍՊԸ-ի կողմից Թռչկանի ջրվեժի տարածքում՝ Չիչխան գետի հունի վրա 1050 կիլովատտ հզորությամբ փոքր հէկ-ի հնարավոր կառուցման հետ:

Այս ծրագիրը, սակայն, ձախողվեց բնապահպանների և քաղաքացիական ակտիվիստների ակտիվ պայքարի շնորհիվ, ուստի ջրվեժի գոյությունը հաջողվեց փրկել:

Զբոսաշրջության զարգացման նպատակով հետագայում Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում հարկատեսակների հավաքման բարձր կատարողականի շնորհիվ հաջողվեց բարեկարգել դեպի Թռչկանի ջրվեժ տանող 2.2 կմ ճանապարհը:

Սակայն տարիներ անց մեկ այլ խնդիր ի հայտ եկավ՝ որոշ մարդիկ սկսեցին աղտոտել ջրվեժի տարածքն աղբի տարբեր տեսակներով:

Որոշ բնապահպանական ակտիվիստներ տարածքը կուտակված աղբից ազատելու համար նաև շաբաթօրյակ կազմակերպեցին, սակայն տեղի համայնքային իշխանությունների պարտականությունն է՝ թույլ չտալ հատուկ պահպանվող Թռչկանի ջրվեժի տարածքի աղտոտում:

«Բիոսոֆիա» բնապահպանական կազմակերպության նախագահ Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ ջրվեժը ջրագրական բնության հուշարձան է, որտեղ որևէ բան չեն կարող օտարել: Այն նաև բնության մեջ առաջին հուշարձանն է, որն ունի կառավարման պլան՝ անձնագիր: Թռչկանի ջրվեժի պարագայում կառավարման լուրջ խնդիրներ կան, որոնք պետք է աստիճանաբար լուծվեն:

«Վարչական առումով ջրվեժը գտնվում է Մեծ Պարնի համայնքի տարածքում: Համայնքի ղեկավարը տարվա մեջ պարբերաբար աղբահանություն է կազմակերպում, սակայն հնարավոր չէ այնտեղ ամեն անգամ աղբահանություն կազմակերպել: Իրենք հասարակական կազմակերպություն ունեն, որը փորձում է տարբեր ծրագրեր գրել և այդ տարածքում էկոտուրիզմ կազմակերպել:

Բայց ամենակարևոր հարցը՝ մենք վերջապես երբ պետք է դառնանք այն ժողովուրդը, որը գնում է հանգստանալու և աղբ չի թափում բնության մեջ: Անպայման պետք է մեզ տուգանեն, նկարեն, կամ ի՞նչ պետք է արվի, որ այն վայրերում, որտեղ մենք պետք է ուրախանանք, չավերենք, աղբ չթափենք: Սա էլ է մշակութային լուրջ խնդիր»,- ասում է Գևորգ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ պլաստիկ թափոններով ջրերի աղտոտումն էական ազդեցություն չի ունենում դրանց վրա, պարզապես էսթետիկ տեսանկյունից տհաճ երևույթ է, սակայն քիմիական առումով դրանք էական չեն վնասում ջուրը, այս դեպքում խոսքը պարզապես մեխանիկական աղտոտման մասին է:

«Գետերի, լճերի քիմիական աղտոտումն էկոհամակարգի վրա լուրջ ազդեցություն է ունենում, քանի որ փոխվում է ջրի pH-ը, ջրի հատկությունները, այդ ամենը ջրում ապրող կենդանիների և բույսերի վրա են ազդում: Գետերի էկոհամակարգերին վնաս հասցնող հիմնական օբյեկտները դեռևս մնում են փոքր հէկ-երը, որոնք հատված-հատված գետերը կիսացամաքեցված վիճակում են պահում, որը նպաստում է, որպեսզի ձկների միգրացիան խախտվի, գետի ափամերձ հատվածների բուսականությունը փոխվի»:

«Բիոսոֆիա» հ/կ-ի նախագահը շեշտեց, որ ջրվեժներն այն տարածքներն են, որտեղ ջրի սկզբնական և վերջնական մակարդակների մեջ մեծ տարբերություն է առկա, և այդ տարբերության հաշվին ջուրն ունի բավական մեծ հիդրոպոտենցիալ. Այսինքն՝ թափվող ջուրը կարող է էներգիայի վերածվել:

«Այդ տարածքները միշտ գրավում են տարբեր ներդրողների, որոնք ցանկանում են ջրի թափվելուց, կոպիտ ասած, գումար աշխատել: Թռչկանը հաջողվեց փրկել այդ ամենից, սակայն ջրվեժի տարածքը տեղին, լավ օգտագործելու համար անհրաժեշտ է կառավարման համակարգ մշակել, որը մեր պայմաններում լավագույնս կաշխատի»:

Գ.Պետրոսյանի խոսքով՝ Շաքեի ջրվեժի պարագայում ջուրը չի գալիս դեպի ջրվեժ, այլ վերևից խողովակով մտնում է գեներատորի մեջ, գեներատորում հոսանք են ստանում, ու ներքևում գտնվող ջուրն էլ գետն է թափվում: Այս պարագայում ընդամենը ջուրը շրջանցում է ջրվեժը:

Մեկ այլ բնապահպանական խնդրի՝ Հայաստանին սպառնացող հնարավոր անապատացման վերաբերյալ խոսակցությունները Գ.Պետրոսյանին ևս մտահոգում են:

Անապատացումը չորային շրջաններում մարդու գործունեության հետևանքով հողի բերրիության աստիճանական անկումն ու բուսական ծածկույթի նոսրացումն է։

Դրա հիմնական պատճառներն են անտառապատ տարածքների կրճատումը, գերարածեցման հետևանքով արոտավայրերի դեգրադացումը, ջրային պաշարների, լճերի, գետերի անխնա օգտագործման հետևանքով տեղանքի չորացումը, ստորերկրյա ջրերի բարձրացման պատճառով վարելահողերի աղակալումը, կանաչ գոտիների ոչնչացմամբ պայմանավորված բնակավայրերի չորայնությունը։

Այս երևույթը հատկապես հատուկ է սոցիալ-տնտեսական ցածր մակարդակ ունեցող, քաղաքականապես անկայուն երկրներին։

Դեռևս 1992 թվականին Ռիոյի Երկիր գագաթաժողովը հանձնարարել է մշակել անապատացման դեմ պայքարի ՄԱԿ-ի համաձայնագիրը, որն ընդունվել է Փարիզում՝ 1994 թվականին, ուժի մեջ մտել 1996 թվականից։ 1997 թվականին ՀՀ-ն ևս միացել է այս համաձայնագրին:

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը ևս միացել է այս համաձայնագրին, ոլորտի մասնագետներն ահազանգում են, որ համապատասխան քայլեր չձեռնարկելու դեպքում մեր երկրի մեծ մասը կարող է անապատանալ՝ պայմանավորված նաև մարդկային բացասական գործունեությամբ:

Օրինակ, մեր իշխանություններին հայտնի է, որ հէկ-երի թվի ավելացումը բացասական ազդեցություն է թողնում էկոհամակարգի վրա՝ ինչ-որ տեղ նպաստելով անապատացման գործընթացի արագացմանը, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում փոքր հէկ-երի թիվը, որոնք մեծամասամբ մասնավոր հատվածի շահերին են ծառայում, գնալով ավելանում է:

2010 թվականին Հայաստանում 98 փոքր հէկ է գործել, տարեվերջին դրանց թիվը 100-ի է հասել:

ՀՀ կառավարության` ներդրումների վերաբերյալ հաշվետվության համաձայն, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ոլորտին ուղղված ներդրումներով ՀՀ-ում նոր հէկ-եր են կառուցվելու:
2017 թվականին մեր երկրում իրականացված 856.5 միլիոն դոլարի ներդրումից 42 միլիոն 152 հազար դոլարը ներդրվել է նոր հէկ-եր կառուցելուն:

Դեռևս 2012 թվականին հողագետ Աշոտ Խոյեթյանն ահազանգել էր, որ Հայաստանը համարվում է անապատավտանգ տարածք:

«Տարբեր ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ ՀՀ տարածքի մոտ 80 տոկոսին սպառնում է անապատացում, իսկ 25 տոկոսը խիստ անապատավտանգ է»,- նշել էր Ա. Խոյեթյանը:

Կիսելով այլ մասնագետների մտահոգությունները՝ Գ.Պետրոսյանը պարզաբանում է, որ «Կլիմայի փոփոխության ազգային կենտրոնի» և օթևերևութաբանական տվյալների վերլուծությունները ցույց են տալիս, որ Հայաստանում տարեցտարի գնալով բարձրանում է տարեկան միջին ջերմաստիճանը և տեղումների նվազելու միտում կա:

«Վերջին 20-25 տարիների ընթացքում տեղումների քանակը մոտ 10 տոկոսով նվազել է: Մենք պետք է սրան շատ լուրջ ուշադրություն դարձնենք: Հողերի դեգրադացման և անապատացման հետ կապված՝ ասեմ, որ իսկապես դա ողջ աշխարհին սպառնացող վտանգ է, Հայաստանը դրանից ևս անմասն չէ, ուստի մենք պետք է փորձենք նոր տեխնոլոգիաներ, բնական ռեսուրսների կառավարման խելամիտ ձևեր մտածել, մշակել ու ներդնել՝ այս ընթացքում ուսումնասիրելով այլ երկրների փորձը և հաջողված ուղղությունները, որպեսզի կարողանանք մեղմել բացասական ազդեցությունները մեր էկոհամակարգի ու տնտեսության վրա»,- հավելեց մեր զրուցակիցը:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս