«Հայ-իրանական օրակարգը նույնն է՝ անկախ իրանական ցնցումներից»

Միջազգային մամուլում մեծ ուշադրության արժանացավ Իրանում մի քանի տասնյակ կանանց ձերբակալությունը «սպիտակ չորեքշաբթի» արշավի շրջանակում, որը նախաձեռնել էր ԱՄՆ-ում բնակվող լրագրող և ակտիվիստ Մասիհ Ալինեջադը 2017 թվականի մայիսին՝ խրախուսելով կանանց սպիտակ գլխաշոր կրել կամ հանել դրանք՝ որպես օրենքի դեմ բողոքի նշան:

Օրերս Թեհրանում Ոստիկանությունը ձերբակալեց 29 կանանց, որոնք բողոքել էին հիջաբ կրելու մասին օրենքի դեմ, հրապարակայնորեն հանելով իրենց գլխաշորերը և դրանք փայտերի վրա ծածանելով, պատրաստելով՝ «Ես սիրում եմ իմ հիջաբը, բայց ես դեմ եմ ստիպողական հիջաբին» վերտառությամբ ցուցանակներ։ Իրանի գլխավոր դատախազ Մոհամեդ Ջաֆար Մոնթազերին այդ բողոքի ակցիաները «ինֆանտիլ» և «տրիվիալ» է անվանել, և հայտարարել է, որ դրանք արտասահմանի սադրանքով են տեղի ունեցել։

Նույնպիսի հայտարարությամբ է հանդես եկել նաև Թեհրանի Ոստիկանությունը՝ նշելով, որ արշավը հրահրել են «դրսից»՝ անօրինական արբանյակային ալիքների միջոցով: Սակայն ինքը՝ Մասիհ Ալինեջադը, պնդում է, որ արշավը նախաձեռնել է սեփական կամքով և որևէ ֆինանսավորում չի ստացել դրա դիմաց ԱՄՆ Կառավարությունից, ինչպես իրանական ԶԼՄ-ներն ու իշխանություններն են պնդում: Ավելին՝ իրանցի հասարակության մի ստվար հատվածը կարծում է, որ կրոնական օրենքները պետք է սեփական ընտրությամբ լինեն և չպարտադրվեն իշխանությունների կողմից ժողովրդին:

Իրանում այս ձերբակալությունն էլ ավելի մեծ հնչեղություն ստացավ 2017 թվականի վերջին և այս տարեսկզբին Իրանի ընդդիմության գործողությունների ֆոնին` տպավորություն թողնելով, թե սա տարեվերջյան իրանական ցնցումների շարունակությունն է:

Հիշեցնենք, որ Իրանի խոշոր քաղաքներում դեկտեմբերի 28-ին սկսվել էին հակակառավարական բողոքի ակցիաներ: Սոցիալական խնդիրներով պայմանավորված՝ բողոքի ակցիաները ձեռք էին բերել քաղաքական բնույթ, որի հետևանքով տասնյակ ցուցարարներ ձերբակալվել էին: Իրանում տիրող իրավիճակի հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույնիսկ արտակարգ հանդիպում էր անցկացրել:

«168 Ժամի» հետ զրույցում իրանցի քաղաքագետ Ալի Սալամին ասաց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության մեկնարկով, ապա՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հեղինակության փոքր-ինչ անկմամբ, Իրանում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներով հասարակության տարբեր շերտերում առկա խնդիրներն ի հայտ են գալիս:

«Հասարակությունը սպասելու պատճառ չի տեսնում, քանի որ միջուկային համաձայնությունից հետո իշխանություններից արդյունավետ քայլեր, լուծումներ էր սպասում, դրանք ուշացան, և հասարակությունը համապատասխան արձագանք ցուցաբերեց: Նման ցնցումներ Իրանում էլի կլինեն, եթե առկա խնդիրները չլուծվեն: Հետաքրքրականն այն է, որ Իրանի իշխանություններն այս ամենի հարցում օբյեկտիվ են, ընդունում են, բարձրաձայնում, որ կան լուծումներ պահանջող խնդիրներ, օր առաջ պետք է երկրի խնդիրները վերանան, այդ խնդիրներն արդեն քննարկվում են Մեջլիսում, Ռուհանին որոշ խոստումներ է տվել:

Ընդհանուր առմամբ իրավիճակը տարեվերջին վերահսկելի էր, այսօր ևս, ինչ-որ պահերի արտաքին միջամտության փորձեր եղան, որոնք ավարտվեցին առանց արդյունքների, քանի որ իշխանությունը հասկանում է հասարակության պահանջը, քանի դեռ այս կապը չի կտրվել, երկրում իրավիճակը կմնա վերահսկելի, կայուն և անվտանգ:

Եթե այդ կապը կտրվի, արտաքին միջամտության փորձերը հաջող ընթացք ձեռք կբերեն և կբաժանեն երկիրը մի քանի մասի, Դոնալդ Թրամփի քաղաքականությունը գնում է այս ուղղությամբ: Օբամայի օրոք հույսերը, թե միջուկային ծրագրից հետո հարաբերություններում թշնամական տոնը կվերանա, այսօր ի չիք դարձան, քանի որ ԱՄՆ-ը Իրանին թշնամի է համարում, դա ամրագրված է ամերիկյան ռազմավարության մեջ, դա լուրջ մարտահրավեր է Իրանի համար, ինչը ցույց է տալիս, որ սխալվել չի կարելի, քանի որ ԱՄՆ նախագահը չափազանց անկանխատեսելի է, կանխատեսել է պետք այն, որ ցնցումներ Իրանում չպետք է լինեն, քանի որ դրանք ճակատագրական ավարտ կարող են ունենալ»,- նման տեսակետ հայտնեց Ալի Սալամին:

Խոսելով բողոքի վերջին ցույցերից` Սալամին ասաց, որ կրոնական բնույթ ունեցող հարցերի վերաբերյալ շատ տարբեր կարծիքներ կան: Ըստ նրա, հասարակության մի մեծ հատվածը կարծում է, որ կրոնական ավանդույթները երկրի հիմքն են, ազգի դեմքը, իսկ մյուս ազատական հատվածը կարծում է, որ պետք է ընտրի՝ որ ավանդույթներից օգտվի, որոնցից` ոչ:

«Բայց կարող եմ ասել, որ հասարակության մի ստվար հատվածն է ավելի ավանդապաշտ, այնպես որ՝ այս բողոքի ակցիաները, որոնք կազմակերպվել էին կանանց կողմից, այնքան էլ մարդաշատ ու էական իրադարձություն չդարձան Իրանում, պարզապես նրանց կարծիքը ևս լսելի դարձավ, բայց իմ կարծիքով՝ թեև հասարակությունը երիտասարդ է, ձգտում է ավելի ազատ կյանքի, կոնկրետ հիջաբ կրելու հարցի վերաբերյալ կա շատ ավելի ամուր և կարծր դիրքորոշում, հիջաբ կրել պետք է, բայց հասկանալի է նաև մյուս տեսակետը, որ որևէ օրենք չպետք է պարտադրվի հասարակությանը, ընտրելու հնարավորություն պետք է լինի, ինչևէ, այս հարցերը բարձրացվում են, Իրանի իշխանությունները դեմ չեն քննարկել, երկխոսություն ծավալել, երկրում այդ երկխոսությունը կա, թեև դա մամուլով, չգիտես թե ինչու, չի ներկայացվում, ներկայացվում և հնչեղություն են ստանում իշխանությունների բիրտ արձագանքները, բայց հանուն օբյեկտիվության՝ պետք է նշել, որ իշխանությունը դեմ չէ երկխոսությանը, և այդ երկխոսությունը կա, հենց դա է պատճառը, որ բողոքը չի երկարաձգվում»,- ասաց իրանցի քաղաքագետը:

Նա պնդեց, որ վերջին ակցիայի ժամանակ արտաքին միջամտությունը տեղեկատվական պատերազմի տեսքով էական դարձավ: «Ողջ միջազգային մամուլը միայն ձերբակալության և ակցիայի մասին էր խոսում, նշում, որ իշխանությունը ճնշում է հանրային կարծիքը երկրում, փաստեր կան ֆինանսավորումների մասին, բայց առիթի դեպքում նման փորձեր կլինեն, կարծում եմ՝ հաշվի առնելով այս ակցիաների արմատները, որոնք թաքնված են ԱՄՆ-ում»,- ակնարկեց Ալի Սալամին:

Նրա համոզմամբ, իշխանությունն իրավունք չունի թույլ տալու և Արևմուտքին միջամտելու առիթներ տալու:

«Որքան էլ հասարակության պահանջներն արմատական լինեն ինչ-որ պահի, իշխանությունը պետք է եզրեր գտնի բողոքող խմբի հետ: Երկրում անհրաժեշտ են լուրջ բարեփոխումներ, փոփոխություններ, դրանք հետաձգելը, կրկին նշեմ, կարող է ողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներ ունենալ, քանի որ կան կենտրոններ, որոնք առիթ են փնտրում Իրանը պառակտելու համար»,- նկատեց նա:

Ալի Սալամիի խոսքով՝ օրերս Իրանում տեղի ունեցածն այնքան էական և աղմկահարույց իրադարձություն չէ ո՛չ Իրանի, ո՛չ հասարակության և ո՛չ էլ Իրանի իշխանության համար, որպեսզի այն որևէ կերպ անդրադառնա տարածաշրջանի կամ հայ-իրանական հարաբերությունների օրակարգի վրա: «Հայ-իրանական հարաբերությունների օրակարգը կայուն է, նույնն է: Սակայն նույն բացը կա նաև հայ-իրանական հարաբերություններում, ինչ Իրանի հասարակություն-իշխանություն հարաբերություններում, որոշ թերություններ են թույլ տրվում, որոշ աշխատանքներ կիսատ ու պակաս են արվում:

Սակայն աշխատանքը պետք է երկրի ներսից սկսել, որպեսզի Իրանը ներքին առումով կայուն լինի արտաքին մարտահրավերների համար: Դա պետք է ոչ միայն՝ Իրանին, այլև՝ տարածաշրջանին, Հայաստանի ու Իրանի հարաբերություններին, Ղարաբաղյան հակամարտությանը, քանի որ Իրանն ուշի ուշով հետևում է զարգացումներին Ղարաբաղում, փորձում է կայունացնող դեր ունենալ այդ կոնֆլիկտի հարցում, թեև Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունները ժամանակ առ ժամանակ լարվում են: Այնուամենայնիվ, կայուն Իրանը բխում է նաև Հայաստանի շահերից»,- ասաց Սալամին:

Տեսանյութեր

Լրահոս