Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Մանչեսթեր Յունայթեդի մարզմանը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր` հունվարի 17-ին, ժամանել է թիմի մարզմանը «Քերինգթոն» մարզաբազայում: Այս մասին, armsport.am-ի տեղեկացմամբ, հայտնում է «Mirror»-ը:

ՄՅՈւ-ն, հիշեցնենք, նախապատրաստվում է ԱՊԼ-ի հերթական տուրի` «Բերնլիի» հետ արտագնա խաղին, որը կկայանա հունվարի 20-ին:

Հատկանշական է, որ հայ ֆուտբոլիստի ապագայի շուրջ շշուկներն այս օրերին ողողել են միջազգային ամենահեղինակավոր պարբերականների էջերը:

Կարծես, թե Մխիթարյանի` «Արսենալ» տեղափոխությանը շատ քիչ է մնացել: Նրա գործակալ Մինո Ռայոլան ավելի վաղ հայտարարել էր, որ ՄՅՈւ-ն չի գնի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերն այնքան ժամանակ, քանի դեռ Մխիթարյանը չի համաձայնեցրել պայմանագրի կետերը լոնդոնյան ակումբի հետ:

Որոշ պնդումների համաձայն էլ, Ռայոլան ցանկանում է, որ Մխիթարյանն «Արսենալում» Սանչեսից պակաս չվաստակի և դա է պատճառը, որ այս ֆուտբոլիստների փոխանակումը դեռևս ձգձգվում է:

«Mirror»-ը գրում է, որ «Բորուսիայի» նախկին կիսապաշտպանն «Օլդ Թրաֆորդում» այժմ շաբաթական 180 հազար ֆունտ է վաստակում` ավելին, քան «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող խաղացողները, այդ իսկ պատճառով «զինագործները» պետք է համապատասխանեն այդ ցուցանիշին:

Հաղորդվում է նաև, որ քանզի Մխիթարյանն իր ցանկությամբ չի որոշել հեռանալ և պայմանագիրը դեռ ուժի մեջ է, «Յունայթեդը» պետք է Մխիթարյանին վճարի գործող պայմանագրով մնացած 2,5 տարվա աշխատավարձը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս